ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանի խոսքերով, Սահմանադրության մեջ կան մի շարք բացթողումներ:
Ըստ նրա, երկու հիմնական ոլորտներում դեռ չի հաջողվել վերացնել բացթողումները: «Քսան տարի է գործում Սահմանադրությունը, բայց դեռ չենք ստեղծել անաչառ դատական համակարգ: Եթե շղթայով գանք, ապա երկրում ամենակարեւոր բանը սեփականության պատշաճ պաշտպանությունն է, այսօր սեփականության իրավունքն ավելի թույլ է պաշտպանված, քան 1995-ի սահմանդրությամբ: Դատական ոչ անկախ վիճակը սպառնում է երկրի տնտեսական զարգացմանը»,-այսօր՝ ՀՀ Սահմանադրության օրը, «Հայացք» ակումբում ասաց ՍԴ անդամը:
Նա ասաց, որ հաջորդ ոլորտն էլ՝ ՏԻՄ համակարգն է.«Առայժմ քսան տարի է՝ չի կայացել ՏԻՄ համակարգը: Ունենք պետական հզոր տարածքային կառավարում, բայց մեր ամենօրյա հարցերը լուծող համակարգը անիրավ է, աղքատ: ՏԻՄ համակարգը պետք է Սահմանադրությամբ փոխել: Վերջերս եղել է մեր ավագանու ընտրությունները: Ընտրել ենք 65 ավագանի, որը կրկնակի շատ է քան պետք էր… ավագանու անդամներին մեկ-մեկ ասում եմ՝ ինչու ես էնտեղ գնում, եթե լուրջ իշխանություն չունես»:
Նրա կարծիքով, պետք է կրճատել նաեւ ԱԺ պատգամավորների, ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը: ԱԺ-ին պետք է քննչական մշտական հանձնաժողով:
Կարդացեք նաև
Հարցին, թե Սահմանադրության որ դրույթներն են ամենաշատը խախտվում, ասաց «Պետական լիազորություններին վերաբերող դրույթները լավ են աշխատում: Իմ եւ ձեր իրավունքներին վերաբերող կետերը՝ վատ… Մեր երկիրը մի քիչ դանդաղ է զարգանում քան թե պետք է: Իշխանությունները ինչ հնարավոր է կատարում են, բայց իմ համոզմամբ, մենք հապաղում ենք, կորցնում ժամանակը: Սահմանադրության փոփոխություններով կարող ենք մեծագույն թռիչք ապահովել մեր երկրի ե՛ւ տնտեսական ե՛ւ քաղաքական մոդելի զարգամցման հարցում»:
Վերջում էլ ասաց՝ ցավում է, որ Սահմանադրության օրը որպես տոն Հայաստանում պատշաճ չի նշվում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ