Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴՐԱԽՏԱՅԻՆ ԳՈՒԼԱԳ

Հուլիս 05,2013 13:05

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ

Գլուխ իններորդ

ԴՐԱԽՏԱՅԻՆ ԳՈՒԼԱԳ

Եվ Անանիան ժպտալով ասաց՝ «Ֆյոդոր Միխայլիչից էկանք հասանք Ֆադեյ Տաճատիչին», եւ Արիկը փռթկացնելով Հայկունուն հարցրեց՝ «Ֆադեյ Տաճատիչի՞ն  քանի բալ ես նշանակում», եւ Հայկունն առանց երկարբարակ մտածելու պատասխանեց ու ասաց՝ «որպես  գիտնական՝ տասնմեկ, որպես վարչական աշխատող՝ տասնչորս», եւ Ջավախյանը, որ էդ ընթացքում հայտնվել էր, հարցրեց՝ «Ֆադեյը որպես գիտնական էդքան ուժեղ ա՞ որ», եւ Արիկն ասաց՝ «որ շատ ուժեղ ըլներ, Հայկունն ընդամենը տասնմեկ բալ չէր տա», եւ Ջավախյանը հարցրեց՝ «բայց ինքը գիտական հայտնագործություն արել ա՞», եւ Սերոբն ասաց՝ «ինչ-որ բան արել ա, որ ակադեմիկոսի կոչում են տվել», եւ Անանիան ժպտալով ասաց՝ «մի բան արել ա, որ Հայկունը տասնմեկ բալ ա տալիս», եւ Հայկունն ասաց՝ «ակադեմիկոսներին մինիմում տասնմեկ  տալիս եմ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ոչ մեկին հենց ընենց ակադեմիկոսի կոչում չեն տալիս», եւ Արշակն ասաց՝ «Սովետի օրոք տալիս էին», եւ Օրթախը թարս նայեց Արշակին ու ասաց՝ «կակռազ Սովետի օրոք էր ակադեմիկը ակադեմիկ», եւ Արշակը քմծիծաղով ասաց՝ «դե լավ, շատ չխորանանք», եւ Օրթախը թարս նայեց Արշակին ու ասաց՝ «ինչքան խորանանք, էնքան դու կտուժես», եւ Արշակը զարմացած հարցրեց՝ «ե՞ս ինչի պիտի տուժեմ», եւ Արիկն Արշակին ասաց՝ «ձեր իշխանության գալուց հետո ամեն մարդ էլ կարա ակադեմիկ դառնա», եւ Արշակը զարմացած հարցրեց՝ «ես ե՞րբ եմ իշխանության էկել», եւ Ջոնն Արշակին ասաց՝ «վախտին ամենակարկառուն ՀՀՇ-ականը դու էիր», եւ Արշակը մի քիչ մտածեց ու ասաց՝ «իմ ՀՀՇ-ական էղած վախտ ՀՀՇ-ն իշխանություն չէր», եւ Հայկունն ասաց՝ «լավ էլ իշխանության էր», եւ ես ժպտալով Արշակին ասացի՝ «որ իշխանություն չըլնեիր, միլիցեքը քեզ չեստ չէին տա», եւ Արշակը մի քիչ մտածեց ու ասաց՝ «կակռազ ընդդիմություն էղածս վախտ են միլիցեքն ինձ  չեստ տվել», եւ Օրթախը թարս նայեց Արշակին ու ասաց՝ «մեկ էլ հիմի ես ընդդիմություն», եւ Ջավախյանն ասաց՝ «Արիկը հազարից մին մի հետ ճիշտ բան ասեց» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «հիմի ամեն մինը կարա ակադեմիկ դառնա», եւ Հայկունը թարս նայեց Ջավախյանին ու ասաց՝ «աչքիդ ա էրեւում, տղա ջան» եւ մի քիչ մտածեց ու արհամարհական ավելացրեց՝ «ակադեմիկ դառնալը պատմվածք գրել չի, որ ամեն մինը կարենա», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «պատմվածքն ավելի դժար ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «պատմվածք գրելու համար նախ պիտի տաղանդ ունենաս», եւ Ջոնը քամահրանքով Ջավախյանին  ասաց՝ «անտաղանդներն էլ են պատմվածք գրում», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «դրանց գրածնին պատմվածք չեն դառնում», եւ Ջոնը թարս նայեց Ջավախյանին ու հարցրեց՝ «այսինքն, ակադեմիկոս դառնալու համար տաղանդ հարկավոր չի՞», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու քմծիծաղով ասաց՝ «ակադեմիկ դառնալու համար մի  քանի հետ ակադեմիկ ծանոթ պիտի ճարես, մի քանի հետ ձեն պիտի հավաքես ու՝ վերջ», եւ Հայկունն արհամարհական նայեց Ջավախյանին ու քամահրանքով ասաց՝ «լավ էլ ձեւը գիտես, տղա ջան», եւ Ջավախյանը քմծիծաղով Հայկունին ասաց՝ «ձեր պատմածներով գիտեմ» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «առավոտից իրիկուն էդ թեմաներով եք զրից անում», եւ Հայկունը զարմացած նայեց Ջավախյանին ու հարցրեց՝ «էդ շառեր անե՞լը երբ ես սովորել, տղա ջան», եւ Արիկը ժպտալով ասաց՝ «էլ ի՞նչ գրող, որ շառեր չանի», եւ Հայկունն արհամարհական նայեց Ջավախյանին ու քամահրանքով հարցրեց՝ «էդ խելքով էլ ուզում ես Նոբելյան ստանա՞ս, տղա ջան» եւ մի քիչ մտածեց ու վրդովված ավելացրեց՝ «Նոբելյանը շառեր անելու համար չեն տալիս», եւ Արիկն ասաց՝ «շառեր անելու համար էլ են որոշ մարդկանց Նոբելյան տվել», եւ Հայկունը զարմացած հարցրեց՝ «շառեր անելու համար ո՞ւմ են Նոբելյան տվել», եւ Արիկն առանց երկար մտածելու պատասխանեց ու ասաց՝ «Սոլժենիցինին», եւ Հայկունը զարմացած հարցրեց՝ «Սոլժենիցինն ո՞ւմ վրա ա շառեր արել», եւ Արիկը  պատասխանեց ու ասաց՝ «Սովետի» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «Սովետի պես դրախտին անուն էր կպցնում», եւ Ջոնը թարս նայեց Արիկին ու ասաց՝ «էլի մուտիլովկեքդ սկսեցի՞ր», եւ Արիկը փռթկացնելով հարցրեց՝ «ի՞նչ մուտիլովկեք», եւ Ջոնը հարցրեց՝ «էլի որոշել ես կռիվ քցե՞ս», եւ Արիկը ժպտալով Ջոնին հարցրեց՝ «ի՞նչ կռիվ», եւ Ջոնն արհամարհական նայեց Արիկին ու հարցրեց՝ «Սովետն է՞ր դրախտ» եւ մի քիչ մտածեց ու  նորից հարցրեց՝ «Գուլագն է՞ր դրախտ» եւ մի քիչ էլ մտածեց ու քամահրանքով ավելացրեց՝ «հենց էդ դրախտի մասին էլ Սոլժենիցինը գրել ա», եւ Աբոն արհամարհանքով Ջոնին ասաց՝ «կարդացել ենք», եւ Սերոբն Աբոյին հարցրեց՝ «այսինքն, Սոլժենիցինը մեծ գրող չի՞, Ալբերտ», եւ Ջավախյանն Օրթախի փոխարեն պատասխանեց ու ասաց՝ «չէ», եւ Հայկունը թարս նայեց Ջավախյանին ու ասաց՝ «դու սուս, տղա ջան», եւ Ջավախյանը զարմացած հարցրեց՝ «էս սաղդ իրավունք ունեք կարծիք հայտնեք, ես չունե՞մ», եւ Հայկունը պատասխանեց ու ասաց՝ «չէ», եւ Ջավախյանն ավելի զարմացած հարցրեց՝ «ինչի՞ չունեմ, ա՛յ Հայկուն», եւ Հայկունը մի քիչ մտածեց ու Ջավախյանին ասաց՝ «որովհետեւ դու չես կարա Սոլժենիցինի մասին օբյեկտիվ արտահայտվես», եւ Ջավախյանը զարմացած  հարցրեց՝ «ինչի՞ չեմ կարա», եւ Հայկունը մի քիչ  մտածեց ու քմծիծաղով ասաց՝ «որովհետեւ Սոլժենիցինն ու դու կոնկուրենտ եք», եւ Ջավախյանը հաճելիորեն ժպտալով հարցրեց՝ «ի՞նչ  իմաստով ենք կոնկուրենտ», եւ Հայկունը քմծիծաղով պատասխանեց ու ասաց՝ «Նոբելյանի իմաստով», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ես ու ինքը չենք կարա կոնկուրենտ ըլնենք, Հայկուն ջան», եւ Հայկունը հարցրեց՝ «ինչի՞ չեք կարա», եւ Ջավախյանն ինքնագոհ ժպտալով ասաց՝ «որովհետեւ  ինքն իրա փայ Նոբելն արդեն ստացել ա, բայց ես իմը նոր-նոր պիտի ստանամ», եւ Ջոնն արհամարհական  նայեց Ջավախյանին ու ասաց՝ «հավը էրազում կորեկ ա տենում», եւ Ջավախյանն առանց Ջոնի ասածին ուշադրություն դարձնելու ասաց՝ «Սոլժենիցինը մենձ գրող չի, բայց Նոբելին լրիվ արժանի ա», եւ Ջոնն արհամարհական նայեց Ջավախյանին ու ասաց՝ «մենակ դու էիր պակաս, որ Սոլժանիցինին գնահատական տաս» եւ մի քիչ մտածեց, զզվանքով նայեց Արիկին ու հարցրեց՝ «էս էի՞ր ուզում», եւ Արիկը փռթկացնելով Ջավախյանին հարցրեց՝ «որ Սոլժենիցինը մենձ գրող չի, էլ ո՞նց ա Նոբելյանի արժանի», եւ Ջավախյանը պատասխանեց ու ասաց՝ «որովհետեւ իրանից ավելի պուճուր գրողներ են էդ մրցանակին արժանացել», եւ Հայկունը Ջավախյանին հարցրեց՝ «կարա՞ս էդ պուճուրներից մեկի անունն ասես», եւ Ջավախյանը բավական երկար մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «որ պուճուր են, ո՞նց կարամ անունները հիշեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ինձ հարցրեց՝ «էն պոետի անումն ի՞նչ էր, ադա», եւ ես հարցրի՝ «ո՞ր պոետի», եւ Ջավախյանն ասաց՝ «էն ռուսի, որ գործազրկության համար դատվել էր», եւ Ջոնն ինձնից առաջ ընկնելով պատասխանեց ու ասաց՝ «Բրոդսկի», եւ Բարդուղը, որ նոր-նոր էր հայտնվել, Ջավախյանին հարցրեց՝ «Բրոդսկին ռուս ա՞, թե՝ հրեա», եւ Ջավախյանը  փռթկացնելով Բարդուղին ասաց՝ «էդ մինն արդեն քու իմանալիքն ա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «նաղդի ռուսերեն ա գրում»,  եւ Բարդուղն ասաց՝ «ռուսերեն գրելը շատ քիչ ա»,  եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ Բրոդսկին Սոլժենիցինից  անարժան էր, բայց իրան էլ Նոբելյան տվին», եւ Օրթախն ասաց՝ «էրկուսին էլ որպես հակասովետական են Նոբելյան տվել», եւ Ջավախյանն ասաց՝ «փաստորեն, ռուսներն իրեք հատ Նոբել ունեն՝ Շոլոխովը, Սոլժենիցինն ու էդ գործազուրկը», եւ Ջոնն արհամարհական նայեց Ջավախյանին ու ասաց՝ «Պաստեռնակին ու Բունինին մոռացար, պարոն արձակագիր», եւ Արիկն ասաց՝ «Պաստեռնակին ու Բունինին էլ են քաղաքականով տվել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «փաստորեն, մենակ Շոլոխովինն ա մաքուր գրական մրցանակ», եւ Ջավախյանն ասաց՝ «փաստորեն, շան տղի ռուսները հինգ հատ Նոբել ունեն», եւ Ժուդեքսն ասաց՝ «էդ հըլը մենակ գրականության բնագավառում», եւ Բարդուղն  ասաց՝ «էդ հըլը հարց ա, թե դրանցից քանիսն են մաքուր ռուս»,  եւ Ժուդեքսն ասաց՝ «ուրիշ բնագավառներում իրանք ավելի շատ Նոբելյան ունեն», եւ Բարդուղը հարցրեց՝ «բայց դրանցից քանի՞սն են ռուս», եւ Օրթախն ասաց՝ «գրականության բնագավառում կարային տասնհինգ հատ ունենային» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «մոռանում եք, որ իրանց ամենամեծերը՝ Դոստոեւսկին ու Տոլստոյը Նոբելյան չունեն», եւ ես ասացի՝ «Տոլստոյն ինքն ա Նոբելյանից հրաժարվել», եւ Ջոնն ասաց՝ «սկզբում իրան չտվին, հետո որ արդեն տալիս էին, ինքը հրաժարվեց», եւ Ջավախյանը հիացմունքով ասաց՝ «մարդ ինչքան պիտի մենձ ըլնի, որ Նոբելից հրաժարվի», եւ Հայկունն Օրթախին նայելով ասաց՝ «Պուշկինին ու Գոգոլին մոռացանք», եւ Ջավախյանն ասաց՝ «Պուշկինի ու Գոգոլի վախտերը Նոբելյան մրցանակ վայ թե գոյություն չի ունեցել», եւ Հայկունն ասաց՝ «Պուշկինի ու Գոգոլի համար էդ մրցանակը շատ փոքր մրցանակ ա», եւ Ջոնն ասաց՝ «Սոլժենիցինն էլ ա էդ մեծերի մեջ մտնում», եւ Արիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Սոլժենիցինը որպես դիսիդենտ ա մեծ, ոչ թե՝ որպես գրող», եւ Ջավախյանը փռթկացնելով հարցրեց՝ «որպես դիսիդենտ Հայրիկյանից էլ ա՞ մենձ», եւ Ջոնն արհամարհական նայեց Ջավախյանին ու ասաց՝ «արդեն շատ ես ջրիկանում»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել