Լրահոս
Օրվա լրահոսը

Չափազանց թեժ ամառ

Հուլիս 05,2013 13:03

Դեռևս մայիսի վերջերին այնպիսի տպավորություն էր, ասես ընդդիմությունը տրամադրված էր պարապուրդի, ավելի ճիշտ` մեր ընդդիմադիրները տրամադրվել էին ամառային լիարժեք հանգստի, որպեսզի սեպտեմբերից վերստին աշխուժացնեն իրենք իրենց, ինչպես նաև` Հայաստանի ներքաղաքական կյանքը:

Բայց, ինչպես ասում են, խիյարը թարս բուսնեց, և կյանքը (Հայաստանի կյանքը) չի թողնում, որպեսզի ընդդիմադիրները մի քիչ շունչ քաշեն և մարդավարի վայելեն իրենց ամառային հանգիստը: Ավելի ճիշտ` Հայաստանի իշխանություններն ու իշխանավորներն իրենցից կախված ամեն ինչ անում են, որպեսզի մեր ընդդիմադիրները հանգիստ շունչ քաշելու ժամանակ ու հնարավորություն չունենան:

Նախ` գազի թանկացումը, այնուհետև` Լիսկան, դրանից հետո էլ` օֆշորայինի հարցը: Սրանք թեմաներ են, որոնք նույնիսկ լռության ուխտ արած ընդդիմադիրներին են ստիպում խոսել: Էս ամենը քիչ էր, Հայրիկյանի մահափորձի հանգամանքներն էլ միանգամայն նոր երանգավորում ստացան: Սրան էլ գումարած` աշխարհաքաղաքական հարցերը` Արևմուտքի ու Ռուսաստանի, Եվրամիության ու Եվրասիայի հետ կապված: Մի խոսքով` միանգամայն թեժ ամառ է, և եթե էս ամենին գումարենք նաև ապաքաղաքական շոգն ու Հենրիկ Մխիթարյանի շարունակվող տրանսֆերը, ակնհայտ է, որ ամռան երկրորդ կեսն էլ իր թեժությամբ առանձնապես չի զիջելու առաջին կեսին, մանավանդ որ` վերը թվարկածս թեմաները նորանոր մանրամասներով են համալրվելու:

Երևանի քաղաքապետի միակողմանի և գրեթե անաղմուկ ընտրություններից հետո ներքաղաքական ու քաղաքական իմաստով ավելի քան խաղաղ ու անշառ ամառ էր սպասվում: Բայց հիմա, երբ ամառվա կեսին էլ դեռ չենք հասել, կարող ենք արդեն իսկ արձանագրել, որ Հայաստանում ամառը երբևէ քաղաքական ու ներքաղաքական առումով էսքան հագեցած ու էսքան լարված չի եղել: Եվ չնայած հանրահավաքների առումով ամեն ինչ խաղաղ է, ներքին լարվածությունն ավելի քան զգալի է, և ենթադրություններն էլ բազմազան ու բազմապիսի են. ոմանք էս ներքին լարվածությունը Ռուսաստանի ու Արևմուտքի հետ են կապում, ոմանք էլ` Քոչարյանի ու քոչարյանականների ակտիվացման: Եվ չնայած անձամբ Քոչարյանի ակտիվությունն անզեն ու անփորձ աչքերին նկատելի չէ, այնուամենայնիվ, եթե էդպիսի բան իսկապես կա, մոտ ժամանակներս ավելի ու ավելի նկատելի կդառնա: Եվ հույս կա, որ մոտ ժամանակներս մեր քաղաքական ու ապաքաղաքական հասարակությանը վերջնականապես պարզ կդառնա` Քոչարյանն ու Սերժը նույն մարդն են, թե, այնուամենայնիվ, տարբեր են:

Իսկ մինչ այդ Քոչարյանն իր մերձավորների միջոցով կշարունակի իր ուժը ցույց տալ, և Սերժն էլ կշարունակի իր հակահարվածներն ու հարվածները հասցնել իր աներևույթ ու երևութական հակառակորդներին, և մինչ մահկանացուներս կպարզենք` իրականում ով ում բարեկամն է, վերստին Հայաստան կժամանի նորին մեծություն աշունը, որին, կարծես թե, քաղաքական որոշ ուժեր անհամբեր են սպասում, կամ, միգուցե, ցույց են տալիս թե` անհամբեր են սպասում:

Իսկ բուն ժողովուրդն էս անգամ աշնանն առանձնապես չի սպասում, որովհետև աշնանն անմիջապես հաջորդելու է ձմեռը, և արդեն ակնհայտ է, որ էս անգամվա ձմեռը ժողովրդի վրա անհամեմատ թանկ է նստելու, քան` նախորդները:

 ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031