Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հեղափոխությունը վերջ չունի

Հուլիս 05,2013 12:59

Կար այդպիսի բոլշեւիկ՝ Լեւ Բրոնշտեյն, որն ավելի հայտնի է որպես Տրոցկի: Նա զարգացնում էր իր գաղափարախոսության հիմնադիրների ուսմունքն այն  մասին, որ բուրժուա-դեմոկրատական հեղափոխության վրա չի կարելի կանգ առնել: 1850-ական թվականներին Մարքսն ու Էնգելսը վստահ էին, որ բուրժուաները «իրենց փայ» հեղափոխություն  անելուց հետո կբավարարվեն եւ առաջ չեն գնա, իսկ ահա պրոլետարիատը պետք է հեղափոխությունը շարունակի եւ դարձնի այն պերմանենտ, չընդհատվող: Տրոցկին ավելի առաջ գնաց եւ պնդեց, որ պրոլետարական, սոցիալիստական հեղափոխության վրա էլ պետք չէ կանգ առնել, եւ անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ հեղափոխությունների միջոցով ցնցել հասարակությանը, որպեսզի այն մաքրվի իր կեղտերից: Լենինին ու հատկապես Ստալինին այդ գաղափարը դուր չեկավ, եւ նրանք Տրոցկուն, մեղմ ասած, սխալ հանեցին:

Եգիպտոսը հիմա պերմանենտ հեղափոխության շրջապտույտի մեջ է հայտնվել: Երբ երկուսուկես տարի առաջ սկսվեց «արաբական գարունը», Հայաստանում շատերը ոգեւորվել էին՝ կարծելով, թե ժողովրդավարությունը, այսպես ասած, լայն քայլերով առաջ է գնում այդ տարածաշրջանում: Պարզվեց, որ հեղափոխականներն այնքան էլ ժողովրդավար ու հումանիստ չեն՝ նրանցից ոմանք «Ալլահ, աքբար» գոռալով՝ մորթում են քրիստոնյա քահանային: Կոնկրետ Եգիպտոսի պարագայում, բացի բոլոր ներքին եւ արտաքին հանգամանքներից, մարդիկ դժգոհ են «հետհեղափոխական» իշխանությունից: Նրանք ասում են՝ «Այ, Մուրսի ջան, մենք Թահրիր հրապարակ էինք դուրս եկել, որ բոլորիս համար լավ լինի: Բայց այնպես ստացվեց, որ լավ եղավ միայն  քո մահմեդական ախպերության համար, իսկ մեզ համար ավելի վատ դարձավ, քան Մուբարաքի ժամանակ էր»: Զինվորականներն էլ, որոնք Մուրսիի կազմակերպության հետ հաշիվներ ունեին, առիթից օգտվեցին, այսպես ասած՝ «գործից հանեցին» ընտրված նախագահին եւ սկսեցին բռնել «Մահմեդական եղբայրության» անդամներին: Պետք չէ պայծառատես լինել՝ կանխատեսելու համար, որ այս հեղափոխությունը (կամ ռազմական հեղաշրջումը՝ ինչպես ուզում եք անվանեք) Եգիպտոսում վերջինը չի լինի՝ անկախ նրանից, թե իրեն ինչպես կպահի ժամանակավոր նախագահը  եւ մի քանի ամսից ով կլինի «մշտականը»:

1967 թվականին Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակի առթիվ ստեղծվել էր «պաշտոնական» մի երգ (երաժշտությունը՝ Վանո Մուրադելիի, խոսքը՝ Յուրի Կամենեցկու), որի հանգերգը եւ իմաստը հետեւյալն էր՝ «հեղափոխությունը սկիզբ ունի, բայց վերջ չունի»: Հետագա 20 տարվա ընթացքում այդ երգը հնչում էր բազմաթիվ հանդիսավոր համերգների ժամանակ, որոնց օթյակներում նստած էին Պոլիտբյուրոյի կերած-խմած անդամները, որոնք նույնքան հեռու էին հեղափոխությունից, որքան ընդհանրապես այն գաղափարախոսությունից, որին իբր դավանում էին: Այդ՝ լճացման համատեքստում նման երգի կատարումը, իհարկե, երեսպաշտություն էր: Բայց ընդհանուր իմաստը, ինչպես ցույց են տալիս Եգիպտոսի իրադարձությունները, ճիշտ է. երբ հեղափոխությունը սկսում ես, ավարտելը շատ դժվար է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. harut says:

    Ուստի խորհուրդ կու տաք որ ոչխարի նման ընդունինք անիրաւութիւնները,ձայներնիս քաշենք -ծափիկ զարնենք եւ ՅԱՌԱՋ ՀԱՅԱՍՏԱՆ երգելով հեռանանք կամ Թոխմախի ճամբան բռնենք ։

  2. Galust Yenokyan says:

    Կարծում եմ որ «հեղափոխությունները» Եգիպտոսում եվ մի շարք այլ մուսուլմանական երկրներում կշարունակվեն քանզի մուսուլմանական կրոնը, առավել քան միուս համաշխարհային կրոնները, խիստ հակասության մեջ են ժամանակակից կապիտալիստական սոցիալ տնտեսական հարաբերությունների եվ եվրոպական ժողովրդավարության իդեալների հետ: Եթե մի շարք միջին արեվելքի մուսուլմանական երկրներ շնորհիվ բնական ռեսուրսների ապահովել են բարեկեցիկ կյանք իրէնց երկրներում, թեեվ իհարկե մնում են ուղղակի հակասության մեջ ժողովրդավարության հետ, ապա Եգիպտոսի եվ նրա նման երկրները որ զուրկ են բնական ռեսուրսներից, պիտի շարունակեն լինել ծանր տնտեսական վիճակում դմոգրաֆիկ աննախադեպ «պայթյունի» եվ իրենց կրոնի պատճառած «փակ» հակաժողովրդավարության ուղղվածությամբ: Միակ բացառությունը այդ շրջանում իհարկե Լիբանան էր ուր եվրոպական քաղաքակրթության ազադեցությունը շնորհիվ ֆրանսիական եվ անգլիական երկար տարիների գերիշխանությանը, մուսուլմանական կրոնի ազդեցությունը ավելի սահմանափակ էր:
    Այս ամենին իմ կարծիքով գումարվում է Հրեական պետության դերը տարածքաշրջանում եվ իհարկե նրա շահերը շահարկող ուժերը, որոնց համար ձեռնտու է մուսուլմանական երկրներում տեղի ունեցող հարատեվ «հեղափոխությունները»:

  3. ara says:

    Եթե իշխանությունը խելքը գլխին վերափոխումներ անի, ապա հեղափոխությունների առիթ չի լինի:

  4. ani says:

    Բավական է մեզ վախեցնել արաբական գարունով ու համեմատություններ անել, մեր երկրում հասունացող հեղափոխությունը չի կարող կրկնել արաբական սցենարը: Իսկ Դուք այլ լուծում տեսնում եք այս սկիզբ առած պետության քայքայման գործընթացը կանխելու համար? Եթե տեսնում եք, ասեք, թե չէ բավական է հանդուրժողականության կոչեր անել ու հեղափոխությունների վնասակարության մասին խոսել: լավ կլինի ավելի շատ խոսվի կոռուպցիայի, հանցավորության ու այդ ամենը հանդուրժելու վնասակարության ու դրանց հետևանքների մասին

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Հարգելի Անի, ցույց տվեք, խնդրեմ, իմ տեքստի այն հատվածը, որտեղ եմ ես համեմատություն եւ զուգահեռներ անցակվնում Հայաստանի հետ:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031