Երեկ երեկոյան կայացած ՀՀԿ գործադիր մարմնի նիստից սպասումները կարծես չարդարացան: Նկատի ունենք, որ ամբողջ շաբաթ բոլորը խոսում էին, որ գործադիրի նիստում նախագահը համարյա «կախաղան» է հանելու ՀՀԿ-ական այն թեւին, որը ՎՊ-ի հաշվետվության քննարկումների ժամանակ ոչ միայն չպաշտպանեց կառավարությանը եւ այլեւ, ի թիվս քննադատության, տարատեսակ որակումներ էլ տվեց` «թալանչիներ» եւ այլն:
Երեկ ողջ օրը «հավաստի լուրեր» շրջանառվեցին Իշխան Զաքարյանին պաշտոնանկ անելու մասին, բայց, ինչպես հետո հայտնի դարձավ, աշխարհացունց ոչինչ էլ չեղավ: Սյունիքի մարզպետի պաշտոնում պաշտոնապես առաջադրվեց ԱԺ պատգամավոր, հայտնի գործարար Մաքսիմ Հակոբյանի որդին` Վահե Հակոբյանը, ինչի մասին խոսվում էր դեռ Սուրիկ Խաչատրյանի հրաժարականից անմիջապես հետո:
Ի դեպ, Իշխան Զաքարյանի հավանական պաշտոնանկության մասին խոսվում էր դեռ նախագահական ընտրությունների ժամանակ: Ինչպես հայտնի է, աշնանը լրանում է նրա պաշտոնավարման ժամկետը, ասում են, որ նախագահը Զաքարյանին չի վերանշանակելու: Նրան ուղղարկելու է դեսպան: Թե հատկապես ո՞ր երկրում է Զաքարյանը ներկայացնելու Հայաստանի քաղաքական եւ դիվանագիտական շահերը, չի ասվում:
Ինչ մնում է երեկվա գործադիրի նիստին եւ չարդարացված սպասումներին, այսօր Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանն ասաց. «Ինձ թվում է, իրականում, ողջամիտ գնահատականի դեպքում որեւէ մեկը նման սպասումներ չէր ունենա, որովհետեւ դրանք անհեթեթ կլինեին»:
Կարդացեք նաև
Իսկ այն ինչ տեղի ունեցավ անցած օրերի ընթացքում` Դավիթ Հարությունյանի համար արտառոց կամ նման ինչ-որ մի բան չէր: Նա այդ ամենը համարում է սովորական կուսակցական աշխատանք: Մեր զրուցակցին խնդրեցինք մի փոքր գաղտնազերծել` եղա՞վ ՎՊ զեկույցի մասին զրույց ու ի՞նչ հունով այն ընթացավ: Դավիթ Հարությունյանը միայն ասաց, որ ՎՊ զեկույցի մասին զրույց գործադիրի նիստում եղել է. «Ինչ վերաբերվում է ներկուսակցական մեր աշխատանքի մանրամասներին` ես չեմ բացահայտելու, որովհետեւ դրանով է հենց դա տարբերվում հրապարակային գործունեությունից»:
Նախորդ օրը լրագրողների հետ զրույցում ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը Վերահսկիչ պալատի վերջին բացահայտումների կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանի անցկացրած խորհրդակցությունը համարել էր նախագահին իմպիչմենտի ենթարկելու հիմք։ Aravot.am-ը Դավիթ Հարությունյանից հետաքրքրվեց` իմպիչմենտի իրավական հիմքերն ինքը տեսնո՞ւմ է: Դավիթ Հարությունյանը ծիծաղեց, ապա հորդորեց Լեւոն Զուրաբյանի ասածի պարզաբանումների համար դիմել Զուրաբյանին. «Պարզ չէ, թե ինքն ինչ է ասում»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ