Լրահոս
Օրվա լրահոսը

Գնել Ռոստոմյան. «Արյունը արդեն տվել է գլխիս»

Հուլիս 05,2013 11:22

Դպրոցի տնօրենին մարզպետն ազատել է աշխատանքից՝ նրա փոխարեն նշանակելով վարկաբեկված մեկին

 Արմավիրի մարզի Դաշտ համայնքի դպրոցի տնօրեն Գնել Ռոստոմյանին հունիսի 24-ին Արմավիրի մարզպետը աշխատանքից ազատել է: Որպես հիմք մարզի կրթության վարչության պետի զեկուցագրում նշված է Աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետը, որում ասվում է, որ «ժամանակավորապես բացակայող աշխատողին փոխարինող աշխատողի  հետ կնքվում է պայմանագիր»: Զեկուցագրում նշված օրենսդրական կետում որեւէ խոսք չկա ժամանակավոր փոխարինողի հետ պայմանագիրը լուծարելու մասին:

Գնել Ռոստոմյանը իրականում ոչ մեկին չի փոխարինել: Նա 2004 թվականից եղել է նույն դպրոցի տնօրենը, սակայն 2010 թվականին, երբ Կրթության մասին նոր օրենքի համաձայն տնօրենները պիտի հավաստագիր ստանալու համար քննություն հանձնեին եւ հավաստագիր ստանային, բոլոր դպրոցների տնօրենները ազատվեցին աշխատանքից եւ նշանակվեցին իրենց տեղերում որպես ժամանակավոր պաշտոնակատարներ՝ ԺՊ: Դրանից հետո, երբ նրանք արդեն հավաստագրերը ստացել էին, պետք է անցկացվեին ընտրություններ, որի արդյունքում էլ կամ կդառնային տնօրեն, կամ ոչ: Սակայն Դաշտ համայնքում դպրոցի տնօրենի ընտրություններն այդպես էլ չկայացան: «Ես արդեն մոտ երկու տարի է հավաստագիր ունեմ, սակայն ընտրություններ չեն կայանում, դպրոցի խորհուրդը 4-5 անգամ նշանակել է ընտրության օր, սակայն դրանք ամեն անգամ տապալվում են, որովհետեւ մեկ խորհուրդը չի հավաքվում, մեկ ԿԳՆ-ի ներկայացուցչին են «մոռանում» զգուշացնել եւ նա չի գալիս…»,-ասում է աշխատանքից ազատված տնօրենը:

Ըստ մարզպետի կարգադրությամբ Արմավիրի մարզպետարանի կրթության վարչության պետի գրած զեկուցագրի՝ Գնել Ռոստոմյանին ազատել են աշխատանքից եւ նրա փոխարեն ժամանակավոր պաշտոնակատար են նշանակել Սուսաննա Նազարյանին՝ մինչեւ օրինական ընտրությունների կայացումը: Ահա այստեղ արդեն ամենահետաքրքիր պահն է: Սուսաննա Նազարյանը Վաղարշապատի թիվ 2 դպրոցի նախկին տնօրենն է : ՀՀ ԿԳ նախարարի 2011թ.-ի 22 փետրվարի 53-Ա որոշմամբ՝Սուսաննա Նազարյանի նկատմամբ կիրառվել էր կարգապահական տույժ` խիստ նկատողություն, իսկ մարտի 25-ի 98-Ա որոշմամբ՝ նա հեռացվել էր տնօրենի պաշտոնից՝աշխատանքային պարտականություններն անհարգելի պատճառով ոչ պատշաճ կատարելու համար: Ճիշտ է, նա պնդում էր, որ դա իր հանդեպ զրպարտանքի արդյունք է:

Այդուհանդերձ, թե ինչ առավելություններ ունի աշխատանքից վերը նշված պատճառաբանությամբ ազատված տիկինը՝ գործող ԺՊ-ի համեմատ, որ մեկին փոխարինել են մյուսով՝ պարզ չէ: Թեեւ, ըստ Գնել Ռոստոմյանի՝ «Դա մարզեպտի ցանկությունն է: Ես չեմ՝ դուք եք, եկեք մտածենք. հանուն ինչի՞ նա կարող է հանել աշխատանքից ինձ եւ տեղս դնել արժանիքներով ինձնից ոչ մի բանով ոչ առավել մարդու: Դրա համար երկու պաճառ կարող է լինել՝ կամ մարդը պետք է գումար տված լինի, որը կոչվում է կաշառք, կամ էլ կարողանա մյուս բանը անել: Երրորդն էլ կարող է լինել՝ որ իր հորեղբոր աղջիկը լինի: Ես չգիտեմ, թե ինչ ճանապարհով են նրան նշանակել, բայց ես գիտեմ, որ մարզպետն ինձ ազատել է: Հիմա ես հիսուն 50 տարեկան եմ, որից 25-ը նվիրել եմ իմ երկրին, դպրոցին, ժողովրդին, ու հիմա ինձ հանել է աշխատանքից՝ ես ի՞նչ անեմ, ինչպե՞ս իմ ուսանողին պահեմ, վարկերս փակեմ… Արյունը արդեն տվել է գլխիս: Ես գիտեմ, որ մարզպետի ձեռքերը երկար են, բայց ես էլ մեր երկրի նախագահին հրապարակավ խնդրում եմ, որ ինձ պաշտպան կանգնի: Հերիք է էդ մարդուն խայտառակ անեն: Ես բացահայտ հայտարարում եմ, որ ես ՀՀԿ անդամ եմ, հարգում եմ իմ կուսակցությունն ու իր գաղափարները: Ես հին հանրապետական եմ, եւ այս նորաթուխ հանրապետականները՝ մարզպետը եւ մյուսները, թող լավ իմանան, որ ես հանուն իմ կուսակցության մաքրության եւ երկրի ապագայի պայքարելու եմ: Ճիշտ է, սա մեր ներքին խոհանոցն է, ես բարձրաձայնել եմ, բայց թող մյուս կուսակցություններից չօգտվեն առիթից եւ սուր ճոճեն ՀՀԿ-ի վրա: Բայց ես այլեւս չեմ կարող լռել, սա պետք է պայթի մարզպետի գլխին»:

Պարոն Ռոստոմյանը Hayeli.am-ին ասել էր, որ «Արմավիրի ՀՀԿ-ական մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ու Դաշտի գյուղապետ ՀրանտՊետրոսյանը նրան կասկածել են «լրտեսության և դավադրության» մեջ, իբր վերջինս խորհրդարանական ընտրությունների ժամանակ աշխատել է ոչ թե տարածքի ՀՀԿ-ական թեկնածու գեներալ Սեյրան Սարոյանի, այլ նրա հակառակորդ՝ Հակոբ Հակոբյանի (Ճոյտի) օգտին: Այս ամենը Գնել Ռոստոմյանը համարում է բամբասանքի ու բանսարկության արդյունք. «Ես ամենահին ՀՀԿ-ականներից եմ և միշտ աշխատել եմ այն թեկնածուի օգտին, ում թեկնածությունը կուսակցությունը որոշել է պաշտպանել: Հակոբ Հակոբյանին ես ճանաչել եմ մանկուց, բայց նա, շատ լավ հասկանալով իրավիճակը, ինձանից անգամ չի նեղացել, որ ես իրեն չեմ պաշտպանել: Հասկացանք, որ չեմ պաշտպանել, բայց դա հո չի՞նշանակում, որ ես այդ մարդուն թաղման ժամանակ հանդիպելիս չպիտի բարևեմ: Տկարամիտ գյուղապետը բամբասել է ինձանից, մարզպետն էլ, քանի որ նույնպես տկարամիտ է, հավատացել է: Արդեն 1 տարուց ավել է՝ ընկել էին հետևիցս»:
«Առավոտի» հարցին՝ փաստորեն հարցը քաղաքակա՞ն է, պատասխանեց՝ «նաեւ քաղաքական է, բայց դե ուրիշ հարցեր էլ եղան…»: Մեր հարցին՝ ակնարկում եք, որ մարզպետին կաշառք են տվել, դուք էլ ասել եք, թե Սերժ Սարգսյանից պարտքով 3000 դոլար եք ուզում՝ կաշառք տալու համար, արդյո՞ք ձեզ նման ակնարկներ են արել, պատասխանեց. «Դիցուք ակնարկ չեն արել, ոչ մի բան չեն արել, բայց ի՞նչն է պատճառը, որ 4-5 անգամ դպրոցի խորհուրդը ընտրութուն է նշանակում եւ ընտրությունը չի կայանում, ինչո՞ւ… Ինչո՞ւ ինձ, որ հավաստագիր էլ ունեմ, չեն թողնում ԺՊ, բերում են եւ դնում են նախարարի հրամանով գործից ազատված մարդուն, ինչո՞ւ…»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031