Լրահոս
Օրվա լրահոսը

«Նման հարցերը Հանրային խորհրդի քննարկման առարկա են». Վազգեն Մանուկյանը` ԲՈՀ-ի նախագահին հայտարարաված խիստ նկատողության մասին

Հուլիս 05,2013 10:39
vazgen manukyan

Հունիսի 20-ին Հանրային խորհրդում տեղի էր ունեցել փոքր խորհրդի նիստ, որի ժամանակ քննարկվել էր նաև ԲՈՀ-ի նախագահ Արտուշ Ղուկասյանին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի կողմից խիստ նկատողություն հայտնելու հարցը: ՀԽ անդամները համարել էին, որ նախարարի խիստ նկատողությունը հիմնավորված չէ: Մեզ հայտնի դարձավ, որ Հանրային խորհուրդը պատրաստվում է այս հարցի վերաբերյալ իր դիրքորոշումն ու տեսակետները նամակով հայտնել հանրապետության նախագահին և առաջարկել քննարկման դնել հարցը՝ ներգրավելով նաև Հանրային խորհրդի ներկայացուցիչներին: Հիշեցնենք, որ նախարար Արմեն Աշոտյանը, արձագանքելով ՀԽ դիրքորոշմանը, «Առավոտ»-ին հայտնել էր, թե որքանո՞վ է այս խնդիրը Հանրային խորհրդի քննարկման առարկա: ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նման հարցերը Հանրային խորհրդի քննարկման առարկա են, մանավանդ որ խորհրդում ներգրավված են բարձր որակավորում ունեցող գիտնականներ, և հարցը հանրային հնչեղություն ունի: Վազգեն Մանուկյանն անդրադարձավ նաև այն տարածված տեսակետին, թե ԲՈՀ-ն արհեստածին մարմին է, որն ավելորդ խոչընդոտներ է ստեղծում հայցորդների համար և առավել նպատակահարմար կլինի այն լուծարել: «Խորհրդային տարիներին այդ կառույցն ի վերջո իրեն արդարացրել է: Խորհրդային Միության դոկտորները` հատկապես բնական գիտությունների ոլորտում, շատ բարձր մակարդակի գիտնականներ էին և բարձր էին գնահատվում ողջ աշխարհում:
Այժմ ընդունված է համալսարանների կողմից կոչումներ տալը: Ընդ որում, էական նշանակություն ունի, թե որ համալսարանում ես պաշտպանել: Արժե՞, որ Հայաստանն անցնի այդ համակարգին, թե ոչ, դժվարանում եմ ասել: Չեմ բացառում նաև, որ Հայաստանը, լինելով փոքր պետություն, որտեղ չկա բուհերի բազմազանություն և մրցակցություն, ԲՈՀ-ի անհրաժեշտությունն առայժմ հիմնավորված է: Բայց եթե անգամ մենք մյուս ճանապարհով գնանք, դա պետք է լինի դանդաղ՝ ոչ այս տարի, ոչ էլ չորս տարի հետո, քանի որ մեր համալսարանները դեռևս պատրաստ չեն այդ փոփոխությանը»: Նա հիշեց, որ երբ հետխորհրդային որոշ երկրներ անցան նոր համակարգին, այդ երկրներում դոկտորների թիվը տասն անգամ աճեց, սկսվեցին չհիմնավորված դիսերտացիաների պաշտպանություններ, և պետությունը կրկին վերադարձավ հին համակարգին: «Այնպես որ, եթե անգամ գնանք նոր ճանապարհով, ապա դրա համար պետք է ժամանակ, զարգացման որոշակի աստիճան, ազնվության և վստահության որոշ չափանիշների փոփոխություն, որոնք առայժմ մեր պետության մեջ չկան»,-ասում է Մանուկյանը: Միաժամանակ Մանուկյանը կարծում է, որ ԲՈՀ-ը չպետք է ենթակա լինի որևէ նախարարության, այլ պետք է ավելի բարձր կարգավիճակ ունենա և ինչ-որ իմաստով անկախ լինի կամ կից լինի կառավարությունը, ինչպես ժամանակին է եղել:

ankakh.com

vazgenmanukyan.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031