Լրահոս
Օրվա լրահոսը

Վերահսկիչ պալատի բացահայտումները եւ օֆշորային սկանդալը. ո՞րն է խաղադրույքը

Հուլիս 05,2013 10:29
Նախընտրական տարին մեկ անգամ եւս ապացուցեց, որ իշխանական ռեսուրսներին տիրապետող Հանրապետական կուսակցությունը բացարձակ ազդեցություն ունի երկրում, հաղթելով թե՛ խորհրդարանական, թե՛ նախագահական եւ թե՛ Երեւան քաղաղաքի ավագանու ընտրություններում: Հետեւաբար միջկուսակցական պայքարին փոխարինելու եկավ ներկուսակցական պայքարը, որի նպատակն է մեծացնել ազդեցությունը բացարձակ իշխանություն ունեցող Հանրապետական կուսակցության ներսում, այսպիսով հաջորդ ընտրությունների համար սկսել դիրքավորվել, որպեսզի մի քանի տարի հետո հնարավորինս լավ պայամաններում իրականացվի պայքարը իշխանության համար:

Պարզ է, որ գործող նախագահը չի կարող երրորդ անգամ անընդմեջ առաջադրվել, հետեւաբար հաջորդ նախագահի ամենահավանական թեկնածուն պետք է այսօրվանից տեղ զբաղեցնի իշխանական համակարգի «ամենագրավիչ»ՙ վարչապետի պաշտոնում: Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին ձեւավորված ավանդույթի համաձայն, նախագահի ամենահավանական թեկնածուն գործող վարչապետն է: Հիշենք Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի պարագան, վերջիններս նախագահի իրենց թեկնածությունները առաջադրեցին լինելով գործող վարչապետներ: Հետեւաբար հեռացող նախագահի պարագայում վարչապետի պաշտոնը դառնում է ռազմավարական նշանակության եւ այն զբաղեցնողը կա՛մ կլինի նախագահի ամենահավանական թեկնածուն, կա՛մ ճանապարհ կհարթի այդ թեկնածուի համար:

Այս պայմաններում հասկանալի է, թե ինչու է գործող վարչապետը դարձել որոշ հավակնոտ ուժերի թիրախ, որոնք ծրագրված արշավ են սկսել կառավարության ղեկավարին ամեն գնով վարկաբեկելու եւ քաղաքական դաշտից հեռացնելու համար: Ծրագրի իրականացման համար փաստորեն գործի են դրվում հսկայական ֆինասական եւ իշխանական ռեսուրսներ, որոնք ըստ այդ հնարավորությունները տիրապետող ուժերիՙ հավանաբար բավարար կլինեն Տիգրան Սարգսյանին պաշտոնից հեռացնելու համար: Իսկ այսօրվա գործող քաղաքական համակարգում վերը նշված ռեսուրսներին տիրապետում է միայն իշխանության հետ սերտաճած օլիգարխիան, որը երբեք էլ իր հակակրանքը գործող վարչապետի հանդեպ չի թաքցրել եւ նույնիսկ օգտագործելով Ազգային ժողովում ունեցած իր ազդեցությունը, միշտ էլ փորձել է, ու շատ դեպքերում հաջողեցրել է, տապալել գործող կառավարության այն օրենսդրական նախաձեռնությունները, որոնց նպատակն է սահմանափակել եւ վերահսկել օլիգախիայի հնարավորութունները, վերջիններիս բերելով օրենքի եւ հարկային դաշտ:

Մի քանի օր առաջ նախագահ Սերժ Սարգսյանի մոտ տեղի ունեցած հավաքը մեկ անգամ եւս ապացուցեց, որ իրական պայքարը տեղի է ունենում Հանրապետական կուսակցության ներսում, եւ իզուր չէ, որ նախագահը հայտարարեց, թե կան մի շարք հարցեր, որոնք նա կքննարկի կուսակցության ներսում միայն, այսպիսով հասկանալ տալով, թե որտեղից են սկիզբ առնում վերջին օրերի սկանդալները:

Հետեւաբար շրջանառվող լուրերն այն մասին, թե վարչապետի դեմ կազմակերպված հարձակման ամենահավանական կազմակերպիչը ԱԺ գործող նախագահն է, չի թվում անհիմն: Բացառված չէ, որ վարչապետի դեմ կազմակերպված պայքարին միացել է նաեւ ԲՀԿ-ի ղեկավարը, որը բազմիցս հայտարարել է կառավարության ղեկավարի հրաժարականի իր պահանջը: Այսինքն այս իրավիճակում կարող է ուժային նոր տանդեմ ձեւավորվել հանձինս ԲՀԿ եւ ԱԺ ղեկավարների, որոնց խնամիական կապերը միայն ուժեղացնում են վերջիններիս ցանկությունըՙ ամեն գնով ճանապարհից հեռացնելու գործող վարչապետին, որից հետո ունենալով բացարձակ մեծամասնություն խորհրդարանումՙ կարող են ձեւավորել իրենց համար ընդունելի կառավարությունը, այդպիսով ճանապարհ հարթելով դեպի նախագահի պաշտոնը:

Ինչեւէ, վերջին օրերի իրադարձությունները լավ նյութ են պարունակում հայրենի քաղաքական դաշտի մտավոր, անալիտիկ ու քաղաքական հնարավորությունների խորությունը հասկանալու համար: Մասնավորապես պարզ է, որ լավ երեւացող այս պայքարում հայրենի քաղաքական ընդդիմադիր ուժերը նախընտրեցին լինել օլիգարխիայի կողքին` իրենց ամենօրյա ասուլիսներում նրանց մեծամասնությունը պահանջում էր վարչապետի հրաժարականը, այսպիսով ջուր լցնելով օլիգարխիայի ջրաղացին: Հետեւաբար հարց է առաջանումՙ սա իրավիճակի սխալ գնահատո՞ւմ է, թե՞ 200 հազար դոլարի ազդեցությունը: Կարծում եմ իրադարձությունները մեկ անգամ եւս ապացուցեցին, որ յոթնամյա կրթությամբ մեր «սիրելի» օլիգարխիան տակտիկական առումով ավելի գրագետ է գործում, քան հայրենի «փայլուն» կրթությամբ ընդդիմությունը, որն օգտագործվում է նույն այդ օլիգարխիայի կողմից:

Եվ այսպես, ձեւավորվում է քաղաքական նոր իրավիճակ, երբ հայրենի օլիգարխիան, սերտաճած իշխանական որոշ խմբերի հետ, ինքնուրույն քաղաքական գործոնի է վերածվում եւ իր ատամներն է փորձում ցույց տալ, շատ լավ հասկանալով, որ գործող վարչապետի դիրքերի ուժեղացումը միայն վտանգում է իր մենաշնորհային դրությունը տնտեսության մի շարք ճյուղերում: Իսկ վարչապետի վարած արտահանման ուժեղացմանն ուղղված քաղաքականութունը վնասում հիմնականում ներմուծմամբ սնվող օլիգարխիայի բացարձակ դիրքերը պետության ներսում:

Ստեղծված իրավիճակում թերեւս վճռորոշ կարող է լինել նախագահի հստակ դիրքրորոշումը, ինչը արտահայտվեց վերջին խորհրդակցության ժամանակ: Սակայն մի բան պարզ է, որ ինչպես ասում ենՙ Պանդորայի արկղը բացվել է եւ այն նորից չես փակի, եւ կուլիսային պայքարը Հանրապետական կուսակցությունից դուրս է եկել ընդհանուր քաղաքական եւ լրատվական դաշտ, հետեւաբար իրավիճակը կարելի է ժամանակավորապես խաղաղեցնել, սակայն դա հարցի լուծում լինել չի կարող, քանի որ մենք ականատեսը եղանք պայքարի միայն առաջին ռաունդին եւ բացառված չէ, որ հետագայումՙ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների մոտենալուն հետ էլ ավելի սրվի ներքին լարվածությունը եւ ի հայտ գան նոր, այս անգամ փոխադարձ, կոմպրոմատներ եւ սկանդալներ:

ՄԱՆՎԵԼ ԲԱԽՇԻՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031