Հայաստանում նշվում է ՀՀ պետական խորհրդանիշների օրը
Հուլիսի 5-ին Հայաստանում այսուհետ նշվելու է երկու տոն` ՀՀ Սահմանադրության եւ ՀՀ պետական խորհրդանիշների, որի առիթով այսօր կկայանա օրվան նվիրված տոնական քայլերթ: Ինչպես «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադիր և գլխավոր տնօրեն Պավել Սարգսյանն ասաց, լինելու է նաեւ բեմականացված քայլերթ, որի ժամանակ շուրջ 7000 երեխա կրելու է ՀՀ պետական դրոշի գույներով շապիկներ:
«Քայլերթի հիմնական գաղափարն այն է, որ հայ երեխայի մեջ սերը հայրենիքի հանդեպ ավելի մեծացնենք, փորձենք վերաիմաստավորել երեխաների մոտ մեր պետական խորհրդանիշների նկատմամբ վերաբերմունքը»,-ասաց նա:
Այսօրվա տոնական ծրագիրն սկսելու է երեկոյան ժամը 18:45-ից, կփակվեն Ֆրանսիայի հրապարակը, Սայաթ-Նովա փողոցի, Ազատության հրապարակի հատվածը` մինչև Տերյան խաչմերուկ:
Կարդացեք նաև
«Քայլերթը կմեկնարկի ժամը 7-ին Ազատության հրապարակից, կանցնի Ֆրանսիայի հրապարակով, այնուհետև Մաշտոցի պողոտայով կիջնենք Ամիրյան փողոց, կթեքվենք Ամիրյանով դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ հրապարակով պտույտ անելուց հետո Աբովյան փողոցով, Հյուսիսային պողոտայով նորից կմտնենք Ազատության հրապարակ: Ընդհանուր քայլերթը կտևի մոտ կես ժամ, որից հետո Ազատության հրապարակում կսկսվի համերգային ծրագրի երկրորդ հատվածը»,-նշեց Պավել Սարգսյանը:
Նշենք, որ նախկին երկու տարիների ընթացքում ՀՀ պետական խորհրդանիշների օրը նշվել է հուլիսի 15-ին: «Մենք սպառել ենք մեր ազատ օրերի լիմիտը, և համապատասխան երկու տոն ազատ օրով կլինի միայն հուլիսի 5-ին»,- պարզաբանեց բանախոսը:
Տոնական քայլերթին մասնակցում են Հայաստանի տարբեր մարզերից ժամանած երեխաներ: Միայն Սյունիքի մարզից մասնակիցներ չկան, քանի որ ունեին տեղ հասնելու խնդիր:
Ռուբինա ՍԱՖԱՐՅԱՆ