Լրահոս
Օրվա լրահոսը

Եգիպտացի լրագրող. «Այո, մենք զոհեր ունեցանք, բայց դա հաղթանակի համար վճարված հարկն էր»

Հուլիս 05,2013 01:07

Եգիպտացիները ցնծում են եւ տոնում իրենց հաղթանակը

«Բանակն արեց դա երեկ, նրանք ձերբակալեցին Մուրսիին: Մենք նոր Սահմանադրություն կգրենք, եւ մենք հիմա ազատ ենք ու աշխարհի ամենաերջանիկ մարդիկ ենք: Փառք Աստծուն»,- ահա այսպես պատասխանեց իմ եգիպտացի լրագրող ընկերուհի Հանան Հասան Էլգենդին, երբ նրանից հետաքրքրվեցի եգիպտական հերթական հեղափոխության մասին: Երբ հարցրեցի զոհերի մասին, նա ասաց՝ «Անշուշտ, մենք զոհեր ունեցանք, բայց դա հաղթանակի համար վճարվող հարկն էր»:

Հուլիսի 4-ի կեսօրին մոտ Եգիպտոսի Սահմանադրական դատարանի նախագահ Ադլի Մանսուրը երդվեց՝ որպես երկրի ժամանակավոր ղեկավար: Մինչեւ նոր նախագահի ընտրությունը Մանսուրը կկատարի Եգիպտոսի առաջնորդի պարտականությունները: Ի թիվս այլ պարտականությունների՝ նա պետք է երկիրը քաղաքական ճգնաժամից դուրս հանելու՝ զինվորականների կազմած «ճանապարհային քարտեզով» նախատեսված քայլերն իրականացնի, այդ թվում՝ ձեւավորի ժամանակավոր կառավարություն եւ կազմի Հանան Էլգենդիի հիշատակած Սահմանադրությունը՝ ընդդիմության կարծիքները հաշվի առնելով:

Հիշեցնենք, որ եգիպտական բանակը երեկ երեկոյան ուլտիմատում էր հայտարարել Մուրսիին, ասելով, որ եթե մինչեւ հուլիսի 4-ի ժամը 17-ը նա հրաժարական չտա՝ իրենք կմիջամտեն գործընթացին: Մուրսին չէր համաձայնվել հրաժարական տալու առաջարկի հետ եւ հայտարարել էր, որ սա ռազմական հեղաշրջում է, իսկ ինքը միակ լեգիտիմ նախագահն է: Դրանից հետո զինվորականները նրան տնային կալանքի էին ենթարկել, «Մուսուլման եղբայրներ» շարժման որոշ մասնակիցների ձերբակալել էին եւ բանտ նետել: Բանտում է, ի դեպ, նաեւ Եգիպտոսի նախորդ նախագահը՝ Հոսնի Մուբարաքը, որը գահընկեց էր եղել 2011 թվականին՝ եգիպտական հեղափոխության արդյունքում: Մուբարաքը այդ երկիրը ղեկավարել էր 30 տարի շարունակ՝ 1981 թվականից սկսած:

Մուրսին նախագահեց Մուբարաքից 30 անգամ կարճ ժամանակահատված՝ ուղիղ մեկ տարի. «Մուսուլման եղբայրների» առաջնորդը Եգիպտոսի նախագահ էր ընտրվել 2012 թվականի հունիսի 24-ին:

Եգիպտոսի իշխանությունների տվյալներով՝ 2011 թվականի հեղափոխության արդյունքում զոհվել է ավելի քան 800 մարդ: 2013-ի ռազմական հեղաշրջման արդյունքում այս պահի դրությամբ խոսվում է 32 զոհի մասին:

Հանան Հասան Էլգենդին, որի հետ ծանոթացել եմ Գերմանիայում՝ «Դոյչե Վելե ակադեմի» կազմակերպության նախաձեռնած սեմինարների ժամանակ, մայիս ամսին Բեռլինում պատմում էր, որ Եգիպտոսի ժողովուրդը, որ մեծ ոգեւորություն էր ապրում երկու տարի առաջ տեղի ունեցած հեղափոխությունից հետո, շատ կարճ ժամանակահատված անց հիասթափվեց.«Ես էլ էի ոգեւորվածներից, բայց երբ տեսա, որ հեղափոխությունից հետո ոչ մի բան երկրում չփոխվեց դեպի լավը, շատերի պես մտածում էի՝ հանուն ինչի՞ եղավ այս ամեն ինչը, հանուն ինչի՞ զոհվեցին հարյուրավոր եգիպտացիներ»:

Հանանը պատմում էր, որ Մուրսիի վարչակազմը թիրախ է վերցրել հատկապես լրագրողներին: Ըստ նրա պատմածների՝ չէր լինում մի ամիս, որ որեւէ լրագրողի վրա կրակելու մասին չլսեին. «Բանը հասել էր նրան, որ փողոցներում դիպուկահարները ուղղակի կրակում էին լրագրողների վրա, վնասում նրանց՝ կլինի ձեռքը, կլինի աչքը…»:

Նա ասում էր նաեւ, որ ճիշտ նույն ոճով նախորդ հեղափոխության ժամանակ աշխատում էր Մուբարաքի վարչակազմը: «Ժողովուրդը այլեւս չէր ցանկանում ապրել այս պայմաններում»,-ասում է Հանանը եւ նորից շնորհակալ լինում Աստծուն՝ ազատությունը վերագտնելու համար:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Լուսանկարը՝ «Ալ Ջազիրայի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031