29 ամյա Տաթեւիկ Նիկողոսյանն այս պահին կյանքի ու մահվան միջեւ կռիվ է տալիս. ամուսինը դանակով 25 անգամ հարվածներ է հասցրել Տաթեւի մարմնի տարբեր հատվածներին, 2 տեղից խորը վնասվել է սիրտը, թոքերը բազմակի վնասվածքներ են ստացել, նույն վիճակում է նաեւ լյարդը: «Ապաքինվելու համար դեռ երկար շրջան պետք է անցնի, հիմա վերակենդանացման բաժանմունքում է»,-ասում է Տաթեւիկի բժիկը, Մալաթիա բուժկենտրոնի վիրաբույժ Արայիկ Ոսկանյանը:
Բժիշկները Տաթեւի մորն ասել են` բախտավոր աստղի տակ է ծնվել աղջիկը, մի փոքր ուշ տանեին հիվանդանոց, չէին կարողանա կյանքը փրկել: Մինչդեռ բախտավոր աստղի տակ ծնված այս կինը 13 տարվա ամուսնական կյանքի ընթացքում պարբերաբար դաժանորեն ծեծի է ենթարկվել:
Ամուսնությունից մեկ տարի հետո, Տաթեւի ամուսինը` Տիգրան Համբարձումյանը, կնոջն արգելել է շփվել մոր եւ քրոջ հետ, պատճառաբանելով, իբր թե չի սիրում, երբ զոքանչը փեսայի տուն է գնում: «Ես էլ ասեցի, դե ոչինչ, իրանք լավ լինեն իրար հետ, ես էլ չեմ գնա աղջկաս տուն, չեմ զանգի»,-պատմում է Տաթեւի մայրը` Թագուհի Մանուկյանը: Մոտ 10 տարի դստեր հետ ոչ մի առնչություն չունենալով տիկին Թագուհու մտքով չէր էլ անցնում թե աղջիկն ինչ տեսակի բռնությունների է ենթարկվել, ու չի համարձակվել հարազատներին տեղյակ պահել: «Ես ծանոթներից էի տեղեկանում ոնց ա Տաթոն, մեկ-մեկ գալիս էր Մալաթիայի տոնավաճառ` ամուսնու մոտ, հեռվից նայում էի, տեսնում, որ լավ ա»,-ասում է տիկին Թագուհին:
Արդեն հետո, երբ քույրը որոշել է գաղտնի շփվել Տաթեւի հետ, պարզվել է, որ ամեն մի չնչին պատճառով Տիգրանը ծեծել է քրոջը:
Կարդացեք նաև
«Մի անգամ էլի թաքուն գնացել էի Տաթոյենց տուն, մեկ էլ պատահական սկեսուրն եկավ տղու տուն, ես մտա մահճակալի տակ թաքնվեցի, բայց երեխայիս նույն մահճակալին տեսավ քնած, ճիշտ է ինձ չտեսավ, բայց արդեն հասկացան, որ ես գնում-գալիս եմ: Իմ էդ գնալուց հետո Տիկոն Տաթոյին կապրոնի խողովակով նենց էր ծեծել, ամբողջ մարմինը կապտել էր»:
Մեր այս զրույցին միջամտեց Տաթեւիկի յոթամյա դուստրը ու պատմեց, թե ինչպես է հայրը մեքենայով մորն ու իրեն տարել ամայի ու քարքարոտ վայր, դանակը դրել կոկորդին. միայն երեխայի խնդրանքից ու լացից հետո` պապա’, խնդրում եմ, մի արա, Տիգրանը սթափվել է ու չի վնասել:
«Մեզ ուղարկում էր տեղաշոր ու ինքը սկսում մամային ծեծել, ձեներից էի հասկանում, որ ծեծում ա, մի անգամ եմ զարթնել եմ տեսել, որ դանակը մամայի վզին ա պահել», պատմում է Տաթեւիկի տասնամյա որդին` Հովհաննեսը:
Տիկին Թագուհու պատմելով էլ, ամուսինը Տաթեւի ձեռքերն է այրել՝ շիկացած պտուտակահանով, միայն այն բանի համար, որ տանը «կողքի» դրած գումարով կենցաղային մի քանի իր է գնել. «Ախր ո՞ր մեկը պատմեմ, մի անգամ էլ հարբած նենց ա ծեծել աղջկաս, որ աչքն ուռել էր ու փակվել, էդ մի սարսափելի տեսարան էր: Էն էլ ծեծել ա նրա համար, ինչ ա թե առանց ամուսնուն ասելու երեխայի հետ գնացել ա գրախանութ, տետր առնելու: Էդ ծեծից հետո աղջիկս զանգեց ասեց` մամա էլ չեմ դիմանում, վախենում եմ, ուզում եմ էրեխեքի հետ գամ ձեր մոտ: Ու թե մինչեւ էդ ինչքան ասում էր` ուզում եմ բաժանվեմ, ասում էի` չէ, մի բաժանվի, էս անգամ ասեցի` արի: Մեր նոր տան տեղը Տիկոն չգիտեր, ու 2 շաբաթ աղջիկս խաղաղ ապրեց, բայց հետո ինձ հետեւեց, տան տեղն իմացավ, եկավ համոզեց Տաթոյին հետ տարավ, խոստացավ, որ լավ կլինի: Բայց ի՞նչ լավ լինել, էլի նույն ծեծն ու ջարդը: Իրա ծնունդի օրը Տիկոն նենց էր ծեծել Տաթոյին, որ բժիշկն ասել էր` աղջիկ ջան էս տրակտո՞ր ա անցել վրայովդ: Էդ անգամ ոստիկանություն էինք կանչել, բայց գործ չհարուցվեց»:
Դանակահարությունից առաջ, մոտ երկու ամիս Տաթեւիկ Նիկողոսյանը երեխաների հետ բնակվել է մոր բնակարանում, այդ ընթացքում ամուսինը այցելում էր երեխաներին, շփվում զոքանչի ու կնոջ հետ ու կրկին խոստանում`փոխվելու է, միայն թե նորից միանան:
«Տիկոն միշտ ասում էր` Տաթո երանի գաս ասես` Տիկո ես քո գերին եմ, ինչ ուզում ես արա, ուզում ես` մորթի: Տաթոն ասում էր` Տիկո դու փոխվողը չես, արի բաժանվենք, նա էլ ասում էր` կմորթեմ իմը չլինես», պատմում է տիկին Թագուհին: Տաթեւիկը նորից համաձայնվել էր հանուն երեխաների, մի անգամ էլ ներել ամուսնուն եւ արդեն որոշել էր`վերադառնալու է ամուսնու մոտ:
Տաթեւի մոր փոխանցմամբ՝ «Հունիս 20-ին Տիկոն մեր տանն էր, իրար հետ կատակներ էին անում, կողքից մեկը որ տեսներ, կմտածեր`սրանց նման երջանիկ ընտանիք չկա: Բայց տղուն` Հովոյին տարավ մոր տուն, հետո աղջկան`Անիին գողացավ-տարավ ու հետ չբերեց, այդպես արեց, որ Տաթոն ստիպված վերադառնա: Հետո մենք գնացինք գյուղից երեխեքին գողացանք բերեցինք. էրեխեքն իրենք էին զանգել ու աղաչում էին մորը, որ գնար իրենց հետ բերեր»:
Հունիսի 28-ին լրատվամիջոցներով տարածվեց, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքում ամուսինը դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջը. Տաթեւիկն էր: Դեպքից մի քանի օր առաջ ամուսինը կնոջ բնակության վայրում պարբերար շրջել է եւ սպասել հարմար պահի: Տիկին Թագուհու պատմելով, թեեւ իրենք չեն տեսել, բայց հարեւաններն այդ երիտասարդին մի քանի անգամ նկատել են շենքի մոտ. «Մի անգամ պատուհանից նայեցինք, տեսանք Տիկոն ձեռով Տաթոյին ցույց ա տալիս` իբր կոկորդդ կկտրեմ: Էրեխես ահավոր վախեցել էր, տանից դուրս չէր գալիս, էրեխեքին էլ չէինք թողնում»:
Չմտածելով, որ ամուսինն իրեն հետեւում է, Տաթեւիկը քրոջ հետ հունիսի 28-ին երեկոյան խանութից վերադառնալուց` շենքի մոտ անակնկալի է եկել. հենց աստիճանների վրա, նախապես անջատելով մուտքի լույսը, Տիգրան Համբարձումյանը դանակով անընդհատ հարվածելով ու կնոջ մազերից բռնած`քարշ տալով փորձել է աստիճաններից ներքեւ իջեցնել: Քրոջ ու հարեւանների միջամտությունից հետո Տիգրանը փախել է:
«Երկու օր է, աստիճանների արյունը լվանում են՝ չի անցնում: Աղջիկս արյան մեջ կորել էր, խեղճ էրեխեքն էլ իրենց մորը տենց արնաշաղախ տեսան, նենց էին վախեցել: Տիկոն վերջն իրա ուզածին հասավ: Հիվանդանոցից ջղայնացած զանգեցի դրան, դա էլ կատաղած ասեց` ձեզ էլ եմ հասնելու»,-պատմում է Տաթեւի մայրը: Զոքանչին ու քենիին կհասնի, թե` ոչ, պարզ չէ, բայց Տիգրան Համբարձումյանը նույն օրն ինքնակամ հանձնվել է ոստիկաններին:
«Երկու օր է, աստիճանների արյունը լվանում են՝ չի անցնում․․․»
Նրան մեղադրանք է առաջադրվել որպես խափանման միջոց`կալանավորում 2 ամիս ժամկետով: Երեւան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի պետի տեղակալ Սարգիս Համբարձումյանը մեզ հետ զրույցում ասաց, որ գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 34 եւ 104 հոդվածի հատկանիշներով`սպանության փորձ:
Տաթեւիկի մայրը մեզ հետ զրույցում վստահեցրել էր, որ փեսան պարբերաբար հաշիշ եւ ալկոհոլ է օգտագործել: Արդյոք դեպքի օրը մեղադրյալը ալկոհոլի կամ թմրանյութի ազդեցության տակ է եղել, քննչական բաժնի պետն ասաց, որ փորձաքննության եզրակացությունները դեռ չեն ստացել: Իսկ մանրամասներ պարոն Համբարձումյանը չասաց` նախաքննական փուլի գաղտնիությունը պահպանելու համար:
«Էշ եմ, էշ, ախր ես ո՞նց ծանոթացրեցի աղջկաս դրա հետ: Բոլորն ասում էին` դու դրան ոնց ես աղջիկ տալիս, ես էլ չէի պատկերացնում, մտածում էի`լավ տղա է, աշխատող, տուն պահող: Բայց հետո պարզվեց, որ մի անգամ էլ է ամուսնացած եղել: Տաթոս նախկին կնոջ նամակ էր գտել, գրել էր` իմ կյանքն ավելի կարեւոր է, քան Տիկոյի սերը: Տիկոն հետո մեզ հպարտությամբ պատմում էր, որ նախկին կնոջը ծեծել ա, որովհետեւ հեռախոսով ժամերով մոր հետ էր խոսում»:
Հիմա Տիգրանի ու Տաթեւիկի անչափահաս երեխաները մի բան են մտածում` «Մաման շուտ լավանա: Պապային էլ են սիրում, բայց ինքը մամային միշտ ծեծում էր»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Նյութը պատրաստվել է՝ «Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության աջակցությամբ:
Հ.Գ. Եթե դուք ականատես եք եղել ընտանեկան բռնության դեպքի, ահազանգեք Արագ Արձագանքման Խմբին՝ https://rru.swv.am/
Ալկոհոլիզմի դեմ պայքարը պիտի տարվի ամենայն լրջությամբ:
Չեմ հասկանում եդ գազանին ինչու են թողել, որ էդ աստիճանի հասցնի Հայ աղջկան՞
Ցավոք սրտի մեր ժողովրդի մի մասը բանական, խելացի անհատներ են իսկ մի փոքր մասն էլ մուսուլման աֆղանների բարքերով են առաջնորդվում , հատկապէս տղամարդիկ, որոնց համար կինը իր է ոջ թե շնչող էակ:
Դա անասուն է :Մուսուլմանը անգամ այդպես չէր անի:Մեղավորը աղջկա մայրն է: