Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Խաչատրյան․ «Տարեցտարի գիտական որակը բարձրանում է»

Հուլիս 04,2013 20:00

«Պատմությունը շատ դինամիկ եւ զարգացող գիտություն է, որից պետք է դասեր քաղել, իսկ քաղելու համար պետք է պատմությունը լավ իմանալ»,- այսօր այս մասին  Պատմության ինստիտուտի երիտասարդ գիտաշխատողների 34-րդ գիտական նստաշրջանի ընթացքում ասաց  ակադեմիկոս Յուրի Սողոյանը:

Վերջինս նշեց, որ ոչ ոք չի կարող ժխտել, որ հայ ժողովրդի պատմությունը շարադրվել է Պատմության ինստիտուտի կողմից, հավելելով, որ վաղվանից նիստերն անցկացվելու են Աղվերանում:

Գիտաժողովը նվիրված է Պատմության ինստիտուտի հիմնադրման 70-ամյակին, որին նվիրված միջոցառումների շարքը կիրականանա աշնանը եւ որի մեկնարկը տրվեց այսօր:

Նստաշրջանի ընթացքում հնչեցին զեկույցներ` առօրեականության պատմության վերաբերյալ, որը պատմական գիտության համեմատաբար նոր ուղղություններից է:

ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող Համո Սուքիասյանն ամփոփ կերպով ներկայացրեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի կարկառուն ներկայացուցիչներին, հորդորելով, որ երիտասարդ գիտաշխատողների պարտքն է՝ շարունակել նախորդ տասնամյակների կատարած աշխատանքը: Դոցենտ Կլիմենտ Հարությունյանն էլ նշեց, որ այն գիտաշխատողը, որն անում է ինքնուրույն աշխատանք, նա կարող է հաջողության հասնել:

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Կարեն Խաչատրյանն ասաց, որ չկա այնպիսի մի գիտաշխատող, ով ելույթ չունենա երիտասարդական գիտաժողովին, քանի որ սա եւս մի հնարավորություն է: «Տարեց տարի գիտական որակը բարձրանում է: Երիտասարդ գիտաշխատողների լավագույն աշխատանքներից կպատրաստվի ժողովածու, ինչպես եղավ նախորդ անգամ: Ես պետք է նշեմ, որ բավականին խիստ ընտրություն  է կատարվում, լինում են աշխատանքներ, որոնք հետ են ուղարկվում, որին ես դրական եմ նայում»,-ասաց Խաչատրյանը, հավելելով, որ գիտաժողովի փակումը տեղի կունենա հուլիսի յոթին, իսկ վեցին կամփոփվեն արդյունքները:

Հիշեցնենք, որ Պատմության ինստիտուտը հիմնադրվել է 1943թ. նոյեմբերի 29-ին` Գիտությունների ակադեմիայի հետ միաժամանակ, իսկ ինչ վերաբերում է երիտասարդական գիտական նստաշրջաններին, ապա այն կազմակերպվել է 1962թվականից, այդ ընթացքում իրականացնելով 34 նստաշրջան:

 

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031