Այն փաստը, որ Զինդատախազությունը ուսումնասիրելու է միայն 2011թ. հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածում հարուցված քրեական գործերը, ցույց է տալիս, որ այս կառույցը ոչ թե պետական, այլ մասնավոր մարմին է, որում ցանկացած անձ իբր պատասխան է տալիս միայն իր գործողության համար:
Զինդատախազության որոշումը նշանակում է, որ ՀՀ Ազգային ժողովը պետք է որոշում ընդունի համաձայն որի անհրաժեշտ է կարճել բոլոր այն նախաքննության մեջ գտնվող սպանության փաստով հարուցված քրեական գործերը, որոնք հարուցվել են մինչև 2011թ.-ի հունվարի 1-ը, և բոլոր այն սպանված զինվորների ծնողները, որոնց երեխաներին սպանել են մինչև 2011թ.-ի հունվարի 1-ը այսուհետ իրավունք չպետք է ունենան բողոքել իրենց որդիների սպանության գործերը կոծկելու դեմ:
Մենք` սպանված զինվորների ծնողներս, համարում ենք, որ վերոնշյալ ուսումնասիրության նախաձեռնությունը խեղկատակություն է, ծաղր սպանված զինվորների ծնողների հանդեպ, քանի որ զինդատախազի այն հայտարարությունը, թե ինքը պատասխանատու է 2011թ.-ի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած դեպքերի համար, մերկապարանոց հայտարարություն է: Իրականում, եթե զինդատախազն իրոք պատասխանատվություն կրեր իր պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցած դեպքերի համար, ապա այժմ պետք է լիներ անազատության մեջ:
Մենք հայտարարում են, որ հենց Գևորգ Կոստանյանի օրոք կոծկվել են հետևյալ սպանության գործերը`
Կարդացեք նաև
1. Թորգոմ Սարուխանյան 2011թ. փետրվարի 12
2. Տիգրան Համբարձումյան 2011թ. հունիսի 29
3. Զորիկ Մարգարյան 2012թ. ապրիլի 18
4. Աղասի Աբրահամյան 2011թ. օգոստոսի 27
5. Ալբերտ Ադիբեկյան 2012թ. փետրվարի 23
6. Էդվարդ Ալավերդյան 2011թ. հուլիսի 29
7. Տիգրան Վարյան 2012թ. փետրվարի 29
Իրինա Ղազարյան,
Անահիտ Մկրտչյան,
Նանա Մուրադյան,
Գոհար Սարգսյան