Երևանի օրերի շրջանակում ՌԴ hյուսիսային մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ռեկտոր Նիկոլայ Կրոպաչյովի հրավերով այցելել է ուսումնական հաստատություն: Համալսարանի դիմանկարների նախասենյակում, որտեղ զետեղված են բուհի շուրջ 300-ամյա պատմության ընթացքում խոշոր դերակատարում ունեցած անձանց դիմանկարները, Տարոն Մարգարյանը և Նիկոլայ Կրոպաչյովը հանդիսավորությամբ բացել են հայ ակադեմիկոսներ Վիկտոր Համբարձումյանի և Արմեն Թախտաջյանի դիմանկարները:
Հարկ է նշել, որ ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը 1939-1941թթ. հանդիսացել է համալսարանի պրոռեկտորը, իսկ ակադեմիկոս Արմեն Թախտաջյանը երկար տարիներ դասավանդել է համալսարանում:
Ռեկտոր Նիկոլայ Կրոպաչյովի հավաստմամբ` դիմանկարների զետեղումը նախասենյակում յուրովի հարգանքի տուրք է այն մեծ ավանդին, որ հայազգի երկու ակադեմիկոսներն ունեցել են համալսարանի պատմության մեջ:
Այնուհետ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է նաև Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի թանգարանում, ծանոթացել բուհի ստեղծման պատմությանն ու ներկայացված ցուցանմուշներին:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն