Չորս մարզերի` Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի եւ Շիրակի գյուղերում մատչելի գներով դիզելային վառելանյութ եւ ազոտական պարարտանյութ տրամադրելու թեմայով գյուղացիներին սկսել է հարցուփորձ անել նաեւ ՀՀ ոստիկանության հանցագործության դեմ պայքարի 6-րդ վարչությունը:
Ըստ մեր աղբյուրների, ոստիկանները հերթով թակում են գյուղացիների դռները` հարցնելով` դուք ստացե՞լ եք պետության կողմից հատկացրած վառելանյութը: Այս պահին ոստիկանների ուշադրության կենտրոնում Շիրակի մարզի մոտ 20, այսպես ասած, կասկածելի գյուղեր են:
Ըստ մեր աղբյուրների, վերջիններս այնպիսի սարսափազդու տոնով են հարցնում, որ իրենք վախենում են անգամ խոստովանել`մտածելով, թե օգնություն ստանալու իրենց արարքում արդեն իսկ հանցակազմ կա: Իսկ մինչ այդ գյուղացիների դռները նույն թեմայով թակել էին նաեւ ֆինանսների նախարարության հատուկ վերահսկողության վարչությունը կամ «Կռուն», որի աշխատակիցները, սակայն, ըստ Ազատան գյուղի բնակիչների, չէին ներկայացել հավուր պատշաճի, եւ գյուղացիներից շատերը՝ մտածելով, որ հարկայինից են, եկել են իրենց փողերը հաշվելու ու նպաստը կտրելու, հայտարարել էին, որ տեղյակ չեն դիզվառելիքից:
Վերջիններս էլ գյուղապետից չպահանջելով օգնություն ստացողների ցուցակը, որտեղ առկա է անձնագրերի պատճենն ու ստացողների ստորագրությունները, ճշգրտումներ չկատարելով, գյուղացիների կասկածելի վկայությունները միանգամից ուղարկել էին հատուկ քննչական ծառայություն:
Կարդացեք նաև
Իսկ այս մարմնում հարուցվել է 4 քրեական գործ` «ՀՀ կառավարության 2012-2013թթ. մի շարք որոշումներով հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութ եւ ազոտական պարարտանյութ տրամադրելու գործընթացում Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի եւ Շիրակի մարզպետարանների պաշտոնատար անձանց կողմից կատարված յուրացման, պաշտոնեական կեղծիքի եւ պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքերի առթիվ»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ