Լրահոս
Օրվա լրահոսը

«Կողքիդ կլինեմ» ֆիլմը՝ «Ոսկե ծիրանի» արտամրցութային ծրագրում

Հուլիս 04,2013 17:10

Հուլիսի 7-14-ը Երեւանում կայանալիք «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային փառատոնի արտամրցութային «Ռուսական կինո» ծրագրի շրջանակներում կցուցադրվի ռուս ռեժիսոր Պավել Ռումինովի 2012-ին մեծ էկրան բարձրացած, «Кинотавр» կինոփառատոնի գլխավոր մրցանակ ստացած «Կողքիդ կլինեմ» ֆիլմը:

Այն պատմում է Իննայի (Մարիա Շալաեւա) ու իր 6-ամյա որդու՝ Միտյայի մասին:

Իննան միայնակ ու հաջողակ կին է, ռեստորանում մենեջեր է աշխատում ու դաստիարակում որդուն՝ Միտյային: Միտյան տաղանդավոր, բարի երեխա է, ու մոր եւ որդու միջեւ ջերմ, հոգատար փոխհարաբերություններ են ձեւավորվել:

Ամեն ինչ փոխվում է, երբ ֆիլմի գլխավոր հերոսուհին՝ Իննան, իմանում է, որ գլխուղեղի քաղցկեղ ունի: Երիտասարդ կինը, կանխազգալով, որ երկար ապրելու հնարավորություն չի ունենա, որոշում է որդու համար հարմար ընտանիք գտնել: Որդուն ոչինչ չասելով՝ Իննան սկսում է պայքարել հիվանդության դեմ ու ապագա ընտանիք փնտրել որդու համար:

Այդպիսի ընտանիք նրան հաջողվում է գտնել: Օլգան ու Սերգեյն ապահովված են եւ սիրում են միմյանց, նրանց միայն մի բան է պակասում՝ երեխա: Շուտով Միտյան լրացնում է այդ բացը: Միտյայի նոր «ծնողները» իր հանդեպ բարի ու հոգատար են գտնվում, թանկարժեք նվերներ են տալիս, եւ երեխան նրանց հանդեպ վստահությամբ է լցվում՝ դեռեւս չիմանալով, որ նրանք իր ապագա ծնողներն են լինելու:

«Կողքիդ կլինեմ» ֆիլմն ունի նաեւ հեռուստատեսային տարբերակ, որտեղ գլխավոր հերոսուհին չի մահանում, այլ՝ փորձում է որդուն հետ վերցնել իր նոր ծնողներից:

Ֆիլմը ռեժիսոր Պավել Ռումինովի համար նաեւ անձնական նշանակություն ունի: Հայտնի է, որ ռեժիսորի երկու ծնողներն էլ մահացել են քաղցկեղից:

Ռումինովը Ռուսաստանում առավել հայտնի է իր՝ «Մարդը, որը լռում էր», «Վերջնաժամկետ», «Մահացած դուստրեր» թրիլերներով: 2012 թվականին նա նաեւ նկարել է «Դա պարզապես հիվանդություն է» քաղցկեղի մասին պատմող վավերագրական ֆիլմը:

Աշոտ ԱԹԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031