«Եթե դատական համակարգի ներկայացուցիչն անցնում է այդ կարմիր գիծը, ապա ՍԴ-ն ունի իրավունք միանգամից համապատասխան պատժամիջոցներ կիրառել նրա նկատմամբ»,-Aravot.am-ի հարցին`իրենց երկրում որտե՞ղ է գտնվում կարմիր գիծը իշխանության և դատական համակարգի միջև, այսպես պատասխանեց Անդորայի ՍԴ փոխնախագահ Լաուրենս Բուրգորգ Լարսենը:
Նա տեղեկացրեց, որ Անդորայում դատական համակարգն անկախ է ու մանրամասնեց. «Դա նշանակում է, որ կառավարությունն ու իշխանությունները չեն փորձում ներխուժել դատական համակարգ, և կառավարությունն ընդունում է այն որոշումները, որոնք կայացվում են ինչպես շարքային դատավորների, այնպես էլ ՍԴ-ի կողմից»:
Հետաքրքրվեցինք` ինչպե՞ս են հասել այդ իրավիճակին: Լ. Լարսենը պատասխանեց. «Մեր սահմանադրությունը նոր է, քսան տարեկան: Մյուս կողմից էլ՝ կարևոր է իշխանության խաղացողների կողմից դրսևորած կամքը սահմանադրական և եվրոպական չափանիշներին համապատասխանելու առումով»:
Կառավարության կողմից «կարմիր գծի» խախտելու առումով էլ մեր զրուցակիցը մի օրինակ բերեց. «Մի անգամ կառավարությունը փորձեց օգտագործել իր իշխանությունը և ճնշում գործադրել դատական համակարգի վրա: Ուստի ՍԴ-ն այս գործելակերպը որակեց` որպես անընդունելի և համապատասխան պատժամիջոց կիրառեց կառավարության նկատմամբ»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ