Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Վազգեն Խաչիկյանի , աշխատանքի ու սոցիալական ծառայության նախարարության 12 աշխատակիցների գործով շարունակում է իր արտագնա նիստերը անցկացնել Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նիստերի մեծ դահլիճում:
Այսօր դատարան էին ներկայացել 16 վկաներ:
16 վկաներից եւ որեւէ մեկը չճանաչեց ամբաստանյալներին: Նրանցից միայն մեկն ունեցավ թարգմանչի կարիք՝ թոշակառու Սերգեյ Այվազյանն էր: Դատարանն ապահովեց ռուսախոս վկային թարգմանչով:
Վկաների հարցաքննության ողջ ժամանակահատվածում Վազգեն Խաչիկյանը գլուխը չբարձրացրեց. նա ընթերցեց «Առավոտ», «Հայկական ժամանակ» եւ «Հայոց աշխարհ» թերթերը:
Կարդացեք նաև
Վկա Գուրգեն Բարսեղյանն ասաց, որ հայրը եղել է ԱՄՆ-ում:
2010թ. օգոստոսին, երբ դիմել են հոր թոշակի համար, նրան մերժել են:
Մեկ այլ վկայի՝ Անդրանիկ Գալջյանի ծնողներն ապրել են ԱՄՆ-ում, 2007թ.-ից: Վկայի հիշելով՝ ծնողները մեկ անգամ են գումար ստացել, բայց թե որքան, դժվարացավ պատասխանել:
Վկա Մորիս Դանիելյանը ցանկանում էր, որ իրեն հարցեր տար փաստաբան Լուսինե Սահակյանը: Հավանաբար, նկատելով, որ միակ կինն է, առաջնահերթությունը վերապահեց նրան:
Նա հայտնեց, որ եղբայրը 3 տարվա թոշակն է ստացել, իսկ մնացած տարիների՝ 2002-2010թթ. չի ստացել:
Վկաներից մեկը՝ Լարիսա Հովհաննիսյանը հաշվառված է եղել Շենգավիթի տարածքի սոցիալական բաժնում: Նա էլ իր չստացած թոշակը ստացել էր «հանրապետական շենքից»: Սակայն պարզ չդարձավ՝ Հանրապետության հրապարակի վրա եղած ինչ-որ մի կառույցի՞ց, թե՞ «հանրապետական շենքից» է ստացվել այդ գումարը:
Համլետ Հովհաննիսյանի հորը մինչ նրա մահը խնամել է քույրը: Մահից հետո այս վկան որեւէ տեղ չի դիմել, որեւէ գրություն չի ուղարկել, սակայն պարզվել է, որ հանգուցյալը կենսաթոշակ է ստացել եւ «ծախսել» է:
Առանձին վկաների հարցաքննությունը նոր էական հանգամանք չպարզեց: Խոսքը այն վկաների մասին է, որոնց հարեւանները մահացել են, որոնք տարիներ առաջ հեռացել են իրենց նախկին բնակարաններից:
Նախկին հարեւաններից մեկն էլ՝ Անահիտ Ռաֆայելյանը, ասաց, որ իր հարեւանուհին՝ Աննան, ջահել է եղել, չէր կարող ծերության թոշակ ստանալ, իսկ մեղադրողն էլ պնդում էր, թե՝ նա տարեց կին էր:
Վկաներ կան, որոնք հիշողության հետ կապված խնդիրներ ունեն:
Երբ դատավոր Մխիթար Պապոյանը մեկ վկայի՝ Հրանտ Մալաքյանին հարցրեց. «Հիշողության հետ կապված խնդիր ունե՞ք»: Վկան պատասխանեց. «Չգիտեմ»:
Իսահակ Խուդաբաշյանը դժգոհեց, որ վատառողջ է, եւ չէր կարող երկար սպասել: Նա մեղադրեց դատարանին, թե խնդրել էր, որ մինչեւ հինգերորդ վկան իրեն լսել՝ դատարանում: Իսկ երբ դատավորը առաջարկեց ցուցմունք տալ նստած, նա «նստադուլ» հայտարարեց՝ հրաժարվեց նստել: Նա էլ ներգրավվել էր այս գործով իր նախկին հարեւանի համար: Հարեւանը՝ Սամվել Անանյանը, ԱՄՆ էր մեկնել, նրա նախկին բնակարանը դարձել էր վարսավիրանոց, սակայն թոշակառուի գումարը նույնպես կերել էին: Թե ինչ չափի, թե ովքեր՝ վկան չէր կարող իմանալ:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 11-ին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ