«Իսկ մեր էրեխեքի սպանության գործերը ո՞վ պիտի վերանայի, նախկին զինդատախազ Արամ Խաչատուրյա՞նը, Գագիկ Ջհանգիրյա՞նը… բացահայտում չի եղել, սպանությունները չեն բացահայտվել: 2007-ից ես բողոքում եմ, գործեր կան, որ 2001-ից բողոքում են»,-Aravot.am-ի հարցին` կոնկրետ ո՞րն է իրենց պահանջը, այսպես պատասխանեց զոհված զինվոր Տիգրան Օհանջանյանի մայր Գոհար Սարգսյանը:
Որդիներին կորցրած մայրերն այսօր հավաքվել էին ՀՀ ԱԺ-ի առաջ, որպեսզի իրենց որդիների գործերը ներկայացնեին այս օրերին ՀՀ-ում անցկացվող համաեվրոպական համաժողովի շրջանակներում Երևանում գտնվող ՄԻԵԴ նախագահ Դին Շպիլմանին:
Տիկին Սարգսյանը հիշեցրեց. «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2011-ի հունվարի 28-ին ճաղերի ետևից մեզ պատասխանում է, թե զինվորական նորանշանակ դատախազը կլսի ձեզ և պատասխան կտա, իսկ 2013-ի հունիսի 3-ին Հ1-ի եթերով վերջինս ասում է, թե ինքը պատասխանատու է 2011-ի գործերի համար, հանձնաժողով է ստեղծում»:
Զոհված զինվոր Վալերի Մուրադյանի մայր Նանա Մուրադյանն էլ նշեց, որ իրենց որդիների գործերը չեն բացահայտվում, քանի որ ղեկավարները «հանցագործ» են. «Հանցագործ են ղեկավարները` դատավորները, դատախազները, քննիչները: Սերժ Սարգսյանը մի օր ասաց, որ ձուկը գլխից է հոտում: Գլուխն ինքն է, և գլխից սկսած, ողնաշարով վերջացրած հոտած է: Այսինքն` բանակի սպանությունների մեղավորը բանակի գլխավոր հրամանատարն է` Սերժ Սարգսյանը»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ