Լրահոս
Օրվա լրահոսը

Բուդապեշտում իր աշխատանքներն սկսեց Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսի 14-րդ համագումարը

Հուլիս 04,2013 15:17

Հուլիսի 3-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում սկսվեց Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսի 14-րդ համագումարը, որի ընթացքում քննարկվելու են Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսի վերակազմավորման նպատակով ստեղծված «Ուփսալայի» փաստաթուղթը, կկատարվեն փոփոխություններ կոնֆերանսի սահմանադրության և կանոնադրությունների մեջ, կընտրվի կառույցի ապագա ղեկավար մարմինը և առաջիկա տարիների համար կորոշվեն կոնֆերանսի գործունեության գերակա ուղղությունները:

Համագումարին Հայ Առաքելական Եկեղեցին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մասնակցում է հինգ հոգիանոց պատվիրակությամբ, որի կազմում են Տավուշի թեմի առաջնորդ, Հայաստանյան Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, Արթիկի թեմի առաջնորդ, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Հարավային Ֆրանսիայի առաջնորդական փոխանորդ Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանը, Միլանի և Իտալիայի հայոց հոգևոր հովիվ Տ. Թովմա աբեղա Խաչատրյանը, Թեսաղոնիկեի համալսարանի աստվածաբանական ֆակուլտետի դոկտորանտ, պատմական գիտությունների թեկնածու Մարիաննա Ապրեսյանը:

Հուլիս 3-ին, Բուդապեշտի Ռեֆորմական եկեղեցում տեղի ունեցավ համագումարի բացման արարողությունը: Բացման աղոթքին հետևեց համագումարի պլենար նիստը, որի ընթացքում Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը ներկաներին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնի ուղերձը համագումարի առիթով: Հայրապետական ուղերձում մասնավորապես ասված է. «Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսի այս համագումարը կարևոր իրադարձություն  է էկումենիկ շարժման և հատկապես Կոնֆերանսին անդամակցող Եկեղեցիների համար` հնարավորություն ընձեռնելով անդրադառնալու Եկեղեցիների համագործակցության անցած ճանապարհին, Կոնֆերանսի վերջին տարիների գործունեությանը և ձեռքբերումներին, ինչպես և` այսօր Եկեղեցիների և ողջ մարդկության առջև ծառացող հրամայականներին և փնտրելու Եկեղեցիների հարաբերությունների զորացման ուղիներ` առավել արդյունավորելու համար տերունապատվեր մեր առաքելությունը` հանուն Աստծո փառքի և Տիրոջ կենարար Ավետարանի քարոզչության: Այս համախմբումը բարեպատեհ առիթ է նաև միասին աղոթք վերառաքելու առ Բարձրյալն Աստված համայն մարդկության բարօրության, խաղաղության ու բարեկամության, նաև` Եկեղեցիների եղբայրական արգասալի համագործակցության համար:

Ողջունելի է, որ Եվրոպական Եկեղեցիների ներկա համագումարը նպատակ ունի նաև վերակազմավորելու Կոնֆերանսի կառույցը` հաշվի առնելով Եկեղեցու և էկումենիկ շարժման առջև մեր օրերում բարձրացող մարտահրավերները: Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսը տասնամյակների հարուստ փորձառություն ունի` Եկեղեցիների համագործակցության միջոցով ծառայելու մարդկության խաղաղ ու բարօր կյանքի կերտմանը, Եվրոպայում և ողջ աշխարհում հոգևոր արժեքների ամրապնդմամբ` հաշտության և արդարության հաստատմանը:

Մենք խիստ մտահոգված ենք Սիրիայում արդեն երրորդ տարին շարունակվող հակամարտությամբ, որի արդյունքում հազարավոր մարդիկ կորցրեցին իրենց կյանքը, ունեցվածքը և հարազատներին: Բոլոր ջանքերը պետք է ներդրվեն օր առաջ արյունահեղության դադարեցման և խաղաղության հաստատման նպատակով։

Մեր ժողովրդի իղձերն ու ցանկությունները չեն տարբերվում աշխարհի բոլոր խաղաղասեր ժողովուրդների ցանկություններից և նպատակներից: Մենք կարիք ունենք այնպիսի աշխարհի, որտեղ չկան պատերազմներ, մարդկային տառապանք, անարդարություն, մարդու իրավունքների ոտնահարում, բնության չարաշահում, սոցիալ-տնտեսական ճգնաժամեր: Մենք կարիք ունենք աշխարհի, որտեղ քաղաքականությունն առաջնորդվում է արդարության ու ճշմարտության սկզբունքներով և ոչ աշխարհաքաղաքական նեղ շահերի և նյութական հետաքրքրությունների առաջնայնությամբ: 2015 թ. մեր ժողովուրդը Հայաստանում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և աշխարհի բազում երկրներում հիշատակելու է 1915 թ. Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության հարյուրամյակը` միաժամանակ իր բողոքի ձայնը բարձրացնելով մարդկության հանդեպ կատարված հանցա•ործությունների դատապարտման գործընթացում դրսևորվող մերժողականության դեմ: Մեր ժողովրդի սպասումն է, որ  Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը կգտնի խաղաղ հանգուցալուծում` տեղի հայության ինքնորոշման արդար իրավունքի ճանաչմամբ, որը կնպաստի տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու ամրապնդմանը: Հակառակ այս սպասումների` վերջերս էր, որ ականատեսը եղանք արտառոց և պախարակելի մի փաստի. Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցող և նույն առաքելությամբ այտեղ գտնվող հայ սպային քնած ժամանակ կացնահարած ու ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովը Հունգարիայի  և Ադրբեջանի գործարքի արդյունքում հանձնվեց Ադրբեջանին: Իր հայրենիքում մարդասպանն արդարացվեց և հերոսացվեց: Սա, իհարկե, դատապարտվեց առաջադեմ երկրների, միջազգային կառույցների ղեկավարների և հոգևոր առաջնորդների, այդ թվում` Հունգարիայի Եկեղեցիների կողմից:

Հայ Առաքելական Եկեղեցին նախանձախնդիր է առավելագույն իր ներդրումը բերելու Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի այն առաքելությանը, որը միտված կլինի նպաստելու այսպիսի մարտահրավերների հաղթահարմանը: Մեզ համար ուրախալի կլինի տեսնել Եվրոպական Եկեղեցիների այն Կոնֆերանսը, որտեղ ընթացող Եկեղեցիների երկխոսությունը և ներդրված միասնական ջանքերը կնպաստեն աշխարհիկացնող մեր իրականության մեջ կրոնի հասարակական դերի բարձրացմանը, հոգևոր արժեքների ամրապնդմանը, կրոնական ազատությունների հարգմանը և աշխարհում բռնությունների, հակասությունների ու հակամարտությունների հաղթահարմանը»:

Հուլիսի 8-ին համագումարի շրջանակներում առավոտյան ժամերգությունը կկատարվի հայկական ծեսով:

Տեղեկատվական համակարգ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031