Այսօր ժամը 20-ին տեղի է ունենալու ՀՀԿ ԳՄ նիստը: Օրեր առաջ նախագահականում բյուջեի խնդիրներով հրավիրված խորհրդակցության ժամանակ ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե նիստին քննարկվելու է ՀՀԿ խմբակցության վարքագիծը ՎՊ հաշվետվության քննարկման ժամանակ։ Նաև քաղաքական շրջանակներում կա այն համոզմունքը, որ Ս. Սարգսյանը այսօրվա նիստում նույնքան խիստ է լինելու, որքան նախագահականում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ:
Ի՞նչ են մտածում և սպասում այսօրվա նիստից ՀՀԿ անդամները:
Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը մեր հարցին այսպես պատասխանեց. «Ընդհանրապես ՀՀԿ-ն բավականին երկար ճանապարհ է անցել և համարվում է կայացած կուսակցություն: Չեմ կարծում, որ պետք է սենսացիա ու արտառոց բան փնտրել:Մենք նույնպես կենդանի օրգանիզմ ենք, աշխատանքային մթնոլորտ է, լինում են դեպքեր, երբ նաև խոսակցությունները կոշտ են լինում, լինում են դեպքեր, երբ գնահատականները լինում եմ դրական ու գովելի: Արտառոց բան փնտրել և մեկնաբանություններ տալ պետք չէ»:
Մեր այն դիտարկմանը, թե ասում են, որ Ս. Սարգսյանն այսօր շատերին նախատելու է, Հ. Սահակյանն այսպես արձագանքեց. «Դրանք ասում են, իսկ թե ինչ կլինի այսօր երեկոյան նիստի ժամանակ, սպասենք, կտեսնենք»:
Կարդացեք նաև
Ավագ սերնդի ներկայացուցիչ ՀՀԿ-ական պատգամավորներից Մկրտիչ Մինասյանը նույն հարցի կապակցությամբ Aravot.am-ին փոխանցեց հետևյալը. «Այն, ինչ ասաց երկրի և կուսակցության ղեկավարը, դրանից հասկանալի է, որ բոլոր նրանք, ովքեր թույլ են տվել սխալներ ու բացթողումներ, արժանի պատասխան կստանան և՛ քաղաքական, և՛ բարոյական իմաստով: Կարծում եմ` լինելու է այն, ինչ եղավ: Ինչո՞ւ եք շտապում, հանգիստ եղեք, ամեն ինչ իր տեղը կընկնի և յուրաքանչյուր ոք իր գործելաոճի, կատարած հանցանքների, զանցանքների, բացթողումների ու թերությունների համար համապատասխան պատասխան կստանա: Մեկ օր սպասեք, ամեն ինչ պարզ կլինի»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ