Լրահոս
Օրվա լրահոսը

Դիզվառելիքի թեմայով գյուղապետերին խումբ-խումբ հրավիրում են ՀՔԾ

Հուլիս 04,2013 14:50

Մոտ 10 օր առաջ Հատուկ քննչական ծառայությունը պաշտոնական տեղեկատվություն տարածեց այն մասին, որ հարուցվել է 4 քրեական գործ` «ՀՀ կառավարության 2012-2013թթ. մի շարք որոշումներով հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութ և ազոտական պարարտանյութ տրամադրելու գործընթացում Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի և Շիրակի մարզպետարանների պաշտոնատար անձանց կողմից կատարված յուրացման, պաշտոնեական կեղծիքի և պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքերի առթիվ»:  

Aravot.am-ը այսօր փորձեց հետաքրքրվել, թե Շիրակի մարզից կոնկրետ ո՞ր պաշտոնյան է կասկածվում  յուրացման մեջ: Քանի որ գործը նախաքննության ընթացքի մեջ է,  մեզ ոչ պաշտոնապես, սակայն հավաստի աղբյուրները  որոշակի մանրամասներ հայտնեցին այս թեմայի շուրջ: Նախ  ճշտեցինք, որ գյուղապետերին խումբ- խումբ, հերթափոխով հրավիրում են Հատուկ քննչական ծառայություն` հարցաքննության: Հրավիրվածների մեջ են եղել Ախուրիկի ՀՀԿ-ական գյուղապետ Վարդիթեր Գասպարյանը, ինչպես նաև Շիրակի մարզի ամենահարգված ու համարձակ գյուղապետերից մեկը` Ազատանի համայնքի ղեկավար Վարդան  Իկիլիկյանը: Իսկ թե ի՞նչ է կատարվել իրականում, ինչո՞ւ  ասենք Ազատան համայնքի  զարգացման համար հարյուրավոր ծրագրեր բերած գյուղապետը իրեն պիտի թույլ տար գյուղացիներից յուրացումներ կատարելու, մեզ հաջողվեց ճշտել հետևյալը. Ֆինանսների նախարարության վերահսկողության վարչությունը կամ սովետական տարիներից հայտնի «Կռուն», մտնելով այս գյուղ,  սկսել է հարցաքննել գյուղացիներին: Գյուղացիների մի մասը ենթադրել է, թե հարկայինից են, ովքեր փորձում են իրենց եկամուտները հաշվել ու նպաստը կտրել, հետևաբար և փոխանցել են, որ նման օգնությունից չեն օգտվել: Մի մասը կարծել է, թե սոցիոլոգիական  հետազոտություններ են  անցկացնում ու լուրջ չեն վերաբերել: Բացի այդ,  քանի որ գյուղը մեծ է, ու այստեղ շատ  պապերն ու թոռները նույն անուն-ազգանունն ունեն, տեղի են ունեցել նաև որոշակի թյուրիմացություններ: Օրինակ` պապի փոխարեն դիզվառելիքը ստացել է նրա թոռը` նույն անուն-ազգանունը կրող 25-ամյա Թելման Մարգարյանը: Եվ երբ Ֆինանսների նախարարության վերահսկիչները հետաքրքրվել են, թե ստացե՞լ են արդյոք  պետության տրամադրած դիզվառելիքը, վերջիններս գրավոր բացատրություն են տվել, ասելով `ոչ:

Ի դեպ, ֆինանսների նախարարությունը գյուղացիների հետ հանդիպել է նամակատարի միջոցով, որը, ըստ մեր զրուցակիցների,  այդքան էլ մանրամասնորեն չգիտի` ով է պապը, ով` թոռը: «Ցավն այն է, որ Ֆինանսների նախարարությունը առանց վերջնական ճշգրտումների, առանց գյուղապետերին լսելու, այն ինչ մուտքագրել է համակարգչի մեջ, նույնությամբ  այս ամենը ուղարկել է Հատուկ քննչական ծառայությանը: Եթե գյուղապետին կամ այլ պաշտոնատար անձի մեղադրում ես մի բանի մեջ, ապա պարտավոր ես նրան ևս լսելու, միգուցե ներկայացներ իր առարկությունները ու ամեն ինչ հստակեցվեր: Հասկանալի է, ֆինանսների նախարարությունը փորձել է հեռու մնալ գյուղապետարաններից, այս ամենը ճշտել գյուղացիներից, որպեսզի օբյեկտիվ տեղեկություններ ստանար: Մեր գյուղապետը 3-րդ օրը նոր միայն տեղեկացել է, որ իր գյուղում հարցուփորձ են անում, բայց, իհարկե,  կարելի էր նաև գյուղապետին լսել կամ գոնե գյուղացիներին հստակ ասել, թե ինչո՞ւ են իրենց հարցաքննում: Գյուղապետարանի ցուցակներում  հստակ կան ստացողների անուն-ազգանունները, բնակիչը անձամբ է եկել, իր անձնագրով ստացել, գնացել է:

Մեր գյուղապետն էլ գնացել, բացատրություն տվել է, դուք նրան լավ եք ճանաչում, ոչ թացնելու, ոչ էլ վախենալու բան ունի, երբևէ որևէ մեկի հետ գործարքի մեջ չի մտել, ուղղակի ինչո՞ւ պիտի այդ թյուրիմացությունները հստակեցվեն Հատուկ քննչական ծառայությունում. չէ որ, նորից եմ կրկնում, կա գրավոր ցուցակ, կա ստացող: Իհարկե,  սա ասում եմ մեր գյուղի մասով, մյուսների համար չեմ երաշխավորում, և եթե հիմքեր չլինեին, երբեք ու երբեք ֆինանսների նախարարությունը նման կասկածներ չէր ունենա: Կարծում եմ,  պարարտանյութը չի կարելի թեմա դարձնել, այն հողին է հանձնվել, այլ հարց է դիզվառելիքը, հնարավոր է  գյուղացուն տաս էժան գնով, քանի որ պետությունը  մեկ լիտրի դիմաց  90 դրամով  սուբսիդավորել է, բայց  գյուղացին   վերցնի, տանի շուկա վաճառի:

Դիզվառելքի հատկացումը սահմանափակումներ չի ունեցել, իսկ պարարտանյութինը  ունեցել է , այստեղ էլ պետությունը մեկ կիլոգրամի  դիմաց 40 դրամ սուբսիդավորել էր: Տեղյակ ենք, գիտենք, որ 80 միլիոնի դիզվառելիք Արարատի մարզում է յուրացվել, 60 միլիոնի էլ՝ Գեղարքունիքում: Այնպես որ, եթե կասկածներ, հիմքեր չլինեն, չէին  գա ստուգման, բա չտեսնե՞ն պետության օգնությունը տեղ հասնո՞ւմ է, թե՞ ոչ: Բայց, իհարկե, նորից եմ կրկնում,  լավ կլիներ լիարժեք հետազոտել, որպեսզի նման թյուրիմացություններ չլինեին ու չասեին, թե այս կամ այն գյուղապետը յուրացում է կատարել»,- մեզ փոխանցեցին  Ազատան գյուղից` խնդրելով անուն-ազգանուն չհրապարակել, քանի որ գործը նախաքննական փուլում է, և չէր ուզի որևէ կերպ միջամտել: Իսկ ահա Ախուրիկ գյուղի հետ կապված մեր աղբյուրները հայտնում  են, որ   դիզվառելիք ու պարարտանյութ բաժանած գյուղապետի  տեղակալը Ռուսաստան է մեկնել:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031