Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մենք բոլորս հանրապետության նախագահի եւ ՀՀԿ-ի թեւից ենք»

Հուլիս 04,2013 14:46

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ ՎՊ-ի աղմուկ հանած հաշվետվության եւ ՀՀԿ-ում տարբեր թեւերի պայքարի մասին

– Անցած շաբաթ օրը նախագահականում նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած գնահատականը՝ Վերահսկիչ պալատի հաշվետվության խորհրդարանական քննարկումների եւ դրան հաջորդած քաղաքական հայտարարությունների շուրջ, տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց: Դուք կիսո՞ւմ եք նախագահի գնահատականները:

– Նախ ուզում եմ նշել, որ խորհրդարանում երկու օր աննախադեպ բաց եւ թափանցիկ պայմաններում քննարկվեցին պետական կարեւորագույն ինստիտուտի՝ Վերահսկիչ պալատի գործունեության արդյունքները: Հետագայում եղան նաեւ բազմաթիվ այլ քննարկումներ եւ կարծիքներ: Եվ, ինչպես դուք նշեցիք, բնական կուլմինացիան եղավ հանրապետության նախագահի անդրադարձը: Այսինքն՝ եւս մեկ անգամ ակնհայտ դարձավ, որ իշխանությունը հանրային քննարկման առարկա դարձրեց բոլոր իրողությունները եւ մանրամասները: Հիշեցնեմ, որ նման քննարկում մենք ունեցել ենք նաեւ սեպտեմբերին: Այսինքն՝ սա շոու չէ, սա իշխանության հստակ դիրքորոշումն է, քաղաքական կամքի հետեւողական դրսեւորում, կամ ինչպես նախագահն իր խոսքում նշեց՝ «պետությունն ինքն է ամենաբարձրը խոսում առկա թերությունների մասին, հրապարակավ մատնանշում ռիսկային ոլորտները»: Եվ սա, իսկապես, հանրային անհանդուրժողականության մթնոլորտ ստեղծելու ուղին է: ՎՊ-ն հսկայական աշխատանք է կատարել եւ այսօր իրականում վերածվել է պետական միջոցների, պետական սեփականության, համայնքային սեփականության օգտագործման օրինականության վերահսկման կարեւորագույն գործիքի, կարեւորագույն ինստիտուտի: Ես կարծում եմ, որ դա ամենահիմնական հաջողությունն է, որ մենք պետք է արձանագրենք:

Երկրորդը՝ կարծում եմ, որ այս բաց եւ թափանցիկ քննարկումները նախաձեռնելու մեծամասնության քաղաքական կամքի իմաստը եւ տրամաբանական զարգացումը կարող է եւ, անկասկած, կլինի հաստատակամությունը՝ ամենայն խստությամբ գնահատական տալու, այդ թվում՝ իրավական գնահատական բոլոր երեւույթներին: Պետք է լինեն հետեւանքներ, եւ անպատժելիության մթնոլորտը պիտի բացառվի: Եվ սա եւս քաղաքական կամք է, որը համահունչ է ե՛ւ ՀՀԿ-ի, ե՛ւ ՀՀ նախագահի բազմաթիվ հայտարարություններին: Մենք՝ հանրապետականներս, բազմիցս սա ընդգծեցինք մեր ելույթներում եւ հարցադրումներում՝ գիտակցելով մեր քաղաքական պատասխանատվությունը: Եվ այստեղ բոլոր քննարկումների ընթացքում կարմիր թելի նման անցնում էր մի կարեւոր միտք՝ եթե մեզ պետք լիներ միայն ստուգում իրականացնել, մենք եւս մեկ դատախազություն կամ հարկային մարմին կստեղծեինք: ՎՊ-ն շատ ավելի մեծ առաքելություն ունի, քանզի հանրությունը Վերահսկիչ պալատը ստեղծելով, ի դեմս Վերահսկիչ պալատի՝ ուզում է տեսնել մի կառույցի, որը ոչ միայն փաստում է խախտումները, այլեւ վեր է հանում այդ խախտումները ծնող պատճառները, վերլուծում է եւ բերում առաջարկություններ, որոնք հնարավորություն են տալիս համակարգային բնույթի արատներից զերծ պահել կառավարման ողջ պրոցեսը:

Մենք այս մասին էլի ենք խոսել: Եվ շատ խոսվեց նաեւ խորհրդարանական այս քննարկման ընթացքում. ոչ միայն կարեւոր է արձանագրել խախտումները, այլեւ բացահայտել համակարգային բացերը, դրանով իսկ պայքարել ոչ թե մեկ հանցանքի կամ թերացման դեմ, այլ ստեղծել երաշխիքներ, որ այդ համակարգային բնույթի ախտերը վերանան հիմնավորապես:

Սա ՎՊ առանցքային դերակատարությունն է կամ հատուկ առաքելությունը:

– ՎՊ նախագահն ասաց, որ իրենք գործել են օրենքով սահմանված իրենց լիազորությունների շրջանակում:

– Եվ այս իմաստով կարեւոր եմ համարում եւս մեկ անգամ անդրադառնալ ՎՊ-ի մասին օրենքին, որը սահմանում է խնդիրները, գործառույթները, իրավասությունները, բայց չի սահմանում ՎՊ-ի գործունեության նպատակը: Համաձայնեք, որ մեր երկրում գոյություն ունեցող 16 ստուգող կազմակերպությունների կողքին ստեղծել եւս մեկը (ալամ-աշխարհի ստուգող կազմակերպությունը՝ այս լայն լիազորություններով, որոնց նմանը չունեն այլ ստուգող կազմակերպությունները, oրինակ՝ ստուգման ժամկետի մեջ սահմանափակ չլինելը եւ ստուգվող օբյեկտներում ներկա լինելը՝ ընդհուպ մինչեւ կլոր տարին) արդարացված է միայն այն դեպքում, երբ դա հետապնդում է որակապես այլ նպատակ՝ նպաստել պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը:

Վերահսկիչ պալատի գոյության ընթացքում մենք ունեցել ենք երկու օրենք՝ 1996 թվականին ընդունված եւ հետագայում՝ 2006 թվականին էական փոփոխված տարբերակը: Այս փոփոխության ընթացքում, իմ կարծիքով, էական ձեւակերպումներ եղան, որոնք դուրս մնացին օրենքից: Առաջին օրենքում ասվում էր, որ Վերահսկիչ պալատը ֆինանսատնտեսական աուդիտ, ուսումնասիրություններ եւ վերլուծություններ իրականացնող կազմակերպություն է, երկրորդ օրենքի մեջ մենք կորցրեցինք այս դրույթը, եւ ՎՊ-ն դարձավ ընդամենը ստուգող, վերահսկողություն իրականացնող անկախ պետական մարմին: Այսինքն՝ այն իրավիճակը, որ մենք այսօր ունենք, որոշ չափով ծագել է նաեւ սրա արդյունքում:

Այս քննարկումը վեր հանեց եւս մեկ խնդիր, որն, ըստ իս, մայր օրենքի հետ է կապված: Մենք տեսանք, որ օբյեկտիվ եւ բազմակողմանի քննության պակաս կա, որը չի կարող տեղի ունենալ լիագումար նիստերի դահլիճում: Կառավարությունը գտնում է, որ քննարկումների ձեւաչափը իրեն թույլ չի տվել լիարժեք ներկայացնել իր փաստարկները, եւ ինքը եղել է անհավասար պայմաններում: Այս իմաստով, իհարկե, կարեւոր էր ե՛ւ օրինակը, որ բերվեց էստոնական փորձից՝ ընթացիկ հաշվետվությունների քննարկումը խորհրդարանում եւ պրոֆիլային հանձնաժողովներում ընթացիկ հաշվետվությունները քննարկելու ձեւաչափերը: Կավելացնեի նաեւ այն ընթացակարգը, որ սահմանված է՝ մեր բոլոր ստուգումների ժամանակ ստուգվողը կարող է բերել իր առաջարկությունները եւ ստանալ այդ առաջարկությունների պատասխանները, որը կիսատ է մնացել ՎՊ-ի օրենքում: Կարծում եմ՝ դա էլ մեծապես ստեղծել է այն իրավիճակը, որ հիմա ունեցանք՝ երբ գերատեսչությունները բերում են առաջարկություններ, եւ դրանք մնում են անպատասխան:

Ուզում եմ նաեւ հիշեցնել, որ նախորդ օրենքի «Վերահսկիչ պալատի խնդիրները» հոդվածում մենք ունեցել ենք նաեւ դրույթ՝ յուրաքանչյուր կիսամյակի սկզբում նախորդ կիսամյակում պետական բյուջեի փոխառությունների եւ վարկերի օգտագործման, սեփականաշնորհման եւ ապապետականացման ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանք ներկայացնելու մասին: Այսինքն՝ այն ընթացիկ հսկողության եւ տեղեկատվության էլեմենտը նախորդ օրենքի մեջ եղել է, որը հետագայում նույնպես հանվել է: Ես համարում եմ, որ սրանք լուրջ խնդիրներ են, որոնք թուլացրել են ՎՊ-ի նպատակային գործունեությունը: Մեր առաջնահերթ նպատակը ամենեւին էլ հերթական ստուգող կազմակերպություն ունենալը չէ, այլ առկա բացերի, տարբեր տեսակի ոչ արդյունավետ ծախսերի, չարաշահումների վերլուծությունն է եւ դրանք ծնող պատճառների վերացումը:

– Այս ընթացքում բավականին վերլուծություններ եւ հրապարակումներ եղան ՀՀԿ-ում տարբեր «թեւերի» գոյության մասին, որոնք ՎՊ-ի հաշվետվության առիթով ստեղծված իրավիճակից օգտվելով՝ իրենց խնդիրներն են փորձում առաջ տանել: Կա՞ նման բան:

– Այս մթնոլորտում նաեւ առաջ եկավ մի երեւույթ, որը մենք արդեն բազմիցս տեսել ենք, երբ նմանատիպ բաց խոսակցությունը ընդդիմադիր ուժերի եւ որոշ մեդիա շրջանակների կողմից օգտագործվում է ստվերային ինտրիգներ, անձնավորված մոտեցումներ, ինչ-որ «թեւային պայքարներ» եւ այլ որակումներ տալու կամ «վհուկների որսեր» նախաձեռնելու համար:

Ես ավելի քան 15 տարի է՝ Հանրապետական կուսակցության անդամ եմ եւ բազմիցս լսել եմ տարբեր ժամանակներում տարբեր լիդերների մասին, որոնք իբր կերտում են իրենց թեւերը, եւ որ այդ թեւերի միջեւ պայքար է ընթանում: Բայց ուզում եմ նշել, որ նախ՝ ես երբեք չեմ տեսել այդ թեւերը ու տարիներ շարունակ ականատեսն եմ նրա, որ ՀՀԿ-ն կարողացել է բոլոր փորձություններից դուրս գալ եւ ներկայանալ որպես առավելապես միասնական, մոնոլիտ կառույց: Հանրապետականների վերաբերմունքը եւ այս հարցի, եւ մնացած շահարկումներ պարունակող բոլոր հարցերի առնչությամբ, կարծում եմ, պետք է դիտել մեկ տեսանկյունից՝ մենք բոլորս հանրապետության նախագահի եւ ՀՀԿ-ի թեւից ենք: Պետք չէ ինտրիգներ փնտրել այնտեղ, որտեղ դրանք չկան, իսկ չգտնելու դեպքում՝ հորինել: Պետք չէ փորձել Հանրապետական կուսակցությունը ներկայացնել որպես տարանջատված, բազմաշերտ կառույց: Յուրաքանչյուրս մեր ձեւով, մեր առաջարկություններով, մեր մասնակցությամբ ուզում ենք բարձրաձայնել եւ լուծել այն խնդիրները, որոնք մեր առջեւ դնում է մեր երկրի նախագահը:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Շարունակությունը՝ վաղվա համարում

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031