Այսօր հրավիրած ասուլիսում լրագրողները ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվեցին, թե որտեղ է այսօր ՀԱԿ-ի տեղը:
Նա պատասխանեց. «Իհարկե, ուժեր շատ կան Հայաստանում, որոնք ընդդիմություն չեն: Բայց կա մի ուժ, որը դիմադրության շարժում է: Դա ՀԱԿ-ն է: Նա ամբողջությամբ չի ընդունում այն ռեժիմը, որը ստեղծված է Հայաստանում: Մենք կաշկանդված չենք քննադատելու: Միակ բանը, որ մեզ կաշկանդում է, դա քաղաքավարությունն է, ուրիշ բան մեզ չի կաշկանդում քննադատելու: Շատ շուտով, եթե կուսակցական կառույցները լրիվ ձեւավորվեն, մենք կունենանք հստակ գործողության ծրագիր»:
Նա չբացառեց, որ այնպիսի իրավիճակ լինի, որ ՀՀԿ-ի որոշ անդամներ անցնեն իրենց նախաձեռնության կողմը՝ պահանջելով Սերժ Սարգսյանի հրաժարականը: Նա վստահեցրեց, որ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը իրենց PR-ի համար չեն անում, ուզում են իսկապես լուրջ գործընթաց լինի:
Հարցին՝ ասացիք ՀՀԿ-ի ներսում փնտրում են քավության նոխազ, ո՞վ է լինելու դա ըստ Ձեզ՝ նա պատասխանեց. «Ես ֆուտբոլային խաղի մեկնաբան չեմ, որ ասեմ, ով ինչ շանսեր ունի»: Հարցին՝ դա Իշխան Զաքարյա՞նը կլինի, Հովիկ Աբրահամյա՞նը՝ Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Սերժ Սարգսյանն ինքն է որոշելու, թե ում գլուխը երբ է կտրելու: Եթե փորձի կտրել Իշխան Զաքարյանի գլուխը, դա իր կողմից անբարոյականություն կլինի, որովհետեւ հինգ տարի այդ մարդն աշխատել է նույն ոճով»:
Կարդացեք նաև
Ըստ Լեւոն Զուրաբյանի, գուցե Սերժ Սարգսյանը չէր հաշվարկել, որ այդ հաշվետվությունից այդպիսի նեւրոզ վիճակ կլինի. «Սերժ Սարգսյանը իր թիմին կարգի է հրավիրել ընդամենը: Ես չեմ կարծում, որ որեւէ մեկին կպատժի: Բայց, այնուամենայնիվ, իրավիճակը վերահսկողությունից դուրս է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ