Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Այո, պետք է վաճառել «Որոտանի» ՀԷԿ-երը, բայց նաեւ՝ ո՛չ, պետք չէ

Հուլիս 04,2013 14:35

Էներգետիկ Վահան Սարգսյանն ասում է՝ էներգահամակարգի ցանկացած օբյեկտ կարող է լինել մասնավոր, տնտեսագետներ Արծվիկ Մինասյանն ու Վազգեն Սաֆարյանն ասում են՝ չի կարող:

«Որոտանի» ՀԷԿ-երի համալիրը պետք է վաճառել, իմ կարծիքով՝ էներգահամակարգի ցանկացած օբյեկտ կարող է լինել մասնավոր, այն կարող է ունենալ թե՛ տեղական, թե՛ օտարերկրյա սեփականատեր»,- «Առավոտի» հետ զրույցում համալիրի վաճառել-չվաճառելու վերաբերյալ նման կարծիք հայտնեց Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի էներգետիկայի ռազմավարության կենտրոնի մասնաճյուղի տնօրեն Վահան Սարգսյանը:

Իսկ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հաստատեց, որ «Որոտանի» ՀԷԿ-երի վաճառքի շուրջ բանակցություններ են տանում օտարերկրյա ներդրողների հետ, տարբեր ոլորտների տարբեր մասնագետներ առաջին կարծիքը որ հայտնեցին, այն է՝ ռազմավարական օբյեկտը չի կարելի վաճառել:

Արմեն Մովսիսյանը վստահեցրել էր, որ այս ՀԷԿ-երի համակարգը լուրջ վերանորոգման եւ մոտ 200 միլիոն դոլարի ներդրման կարիք ունի, նախարարը «Որոտանը» նույնիսկ համեմատել էր հին «Ժիգուլի» մակնիշի մեքենայի հետ: «Առավոտի» հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը համալիրի վաճառքի վերաբերյալ այն կարծիքի է, որ ռազմավարական եւ տնտեսական քաղաքականության տեսակետից դա անհասկանալի վարքագիծ է, երբ «Որոտանի» ՀԷԿ-երի համակարգը 400-ից ավելի մեգավատ հզորությամբ էլեկտրաէներգիա է տալիս՝ մոտ կես ատոմակայանի հզորությամբ, այն էլ՝ հիմնված տեղական հումքի վրա, եւ դրանում նախատեսված բարձրացվող սակագնի մեջ ներառված են նաեւ ներդրումների հնարավորությունները: Պարոն Մինասյանի խոսքերով՝ «Ինչո՞ւ եք վաճառում մի ձեռնարկություն, որը արտադրում է ամենաէժան էլեկտրաէներգիան, ինքը ունի ստրատեգիական նշանակություն ոչ միայն էլեկտրաէներգիայի, այլեւ ամբողջ էներգետիկ համակարգում: Իսկ այն պատճառաբանություններն ու հիմնավորումները, որ լուրջ ներդրումներ են անհրաժեշտ այդ ձեռնարկությունում, եւ լավ առաջարկի դեպքում կվաճառեն, իսկ նոր սեփականատերն էլ կվերցնի իր վրա այդ ներդրումները, դա արտահայտություն է, որ կարելի է այդպես հիմնավորելով՝ վաճառել ամեն ինչ, այդ թվում նաեւ՝ Հայաստանի իշխանությունը: Ձորագէսը նույն տրամաբանությամբ վաճառեցին, ինչի արդյունքում՝ էլեկտրաէներգիան, որը էժան էր, հետո մտան Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, մի քանի անգամ բարձրացրին սակագինը, մասնավոր ներդրողը փաստորեն եռակի-քառակի շահույթ ստացավ ՀՀ քաղաքացու հաշվին: Նույն բանը փորձ է արվում կիրառել «Որոտան» ՀԷԿ-երի համակարգի նկատմամբ. սա անթույլատրելի է բոլոր տեսակետներից»:

Իսկ էներգետիկայի ռազմավարության կենտրոնի մասնաճյուղի տնօրեն Վահան Սարգսյանն էլ մեզ հետ զրույցում հակառակ կարծիք հայտնեց: Պարոն Սարգսյանի դիտարկմամբ՝ այն մտավախությունը, որ նոր սեփականատերը ինչ կուզի՝ կանի, անտեղի է. «Ցանկացած էներգահամակարգի վաճառքի դեպքում հիմնականում շահարկվում է այն, որ նոր սեփականատերը կուզի՝ կարտադրի, կուզի՝ չի արտադրի, կուզի՝ կքանդի-կփշրի եւ այլն: Սա արմատապես սխալ է, ցանկացած սեփականատեր պիտի գա այստեղ եւ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից ստանա լիցենզիա, սակագնի վերաբերյալ որոշում կայացվի: Սեւանի կասկադը հանձնել են ռուսներին, ի՞նչ վտանգ կա, դա էլ էր ռազմավարական օբյեկտ, ջերմային կայաններ կան եւ պետական, եւ մասնավոր, որտե՞ղ է վտանգը, «Հայէլցանցերը» վաճառեցին, ի՞նչ խնդիր կա: Անձամբ ես վտանգ չեմ տեսնում»: Պարոն Սարգսյանը էներգետիկ համակարգի մասնավորեցման հարցում որեւէ խնդիր չի տեսնում. մասնագետը գտնում է, որ ոլորտի կարգավորման պատասխանատվությունը հուսալի ձեռքերում է. «Սեփականաշնորհումը էներգետիկայի ոլորտում բացարձակապես չի ազդում կառավարման վրա, ոլորտը վերահսկվում եւ կարգավորվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ձեռքերով: Եթե «Որոտանի» կասկադը կարող է գործել առանց պետության, ուրեմն թող մասնավորը գնա ներդրում անի, պայմանագրեր կնքի, վերանորոգում անի ու աշխատեցնի: Բոլոր այն ոլորտները, որոնք հնարավոր է գործեն առանց պետության աջակցության, ուրեմն պետք է սեփականաշնորհվեն»:

Ռազմավարական նշանակության օբյեկտները ոչ միայն չպիտի սեփականաշնորհվեն, այլեւ նախկինում վաճառածներն էլ պետությունը պարտավոր է հետ գնել: «Առավոտի» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը. «Որոտանի» ՀԷԿ-երի համակարգը ոչ ոքի չի կարելի վաճառել, դա պետք է լինի մեր ազգային հարստությունը, պատկանի մեր ազգին, ավելին՝ բոլոր այն կառույցները, որոնք մենք վաճառել ենք սրան-նրան, ժամանակի ընթացքում պետք է հետ գնենք: Պետություն-մասնավոր գործընկերության գործառույթով մենք պետք է կարողանանք մեր ազգային ունեցվածքի մեծ մասին բաժնետեր դարձնել հայ ժողովրդին»: Պարոն Սաֆարյանի դիտարկմամբ՝ տարիներ առաջ, երբ Հայաստանի տնտեսությունը շատ փոքր էր, պետբյուջեն էլ՝ աղքատիկ, այն ժամանակ ռազմավարական օբյեկտների վաճառքի մտայնությունը ինչ-որ առումով տեղին էր. «Իսկ այսօր մենք ի վիճակի ենք մեր սեփական տնտեսությունը արդիականացնել, որովհետեւ Հայաստանում բավականին գումարային ռեսուրսներ կան: Պարզապես այդ գործիքակազմը՝ պետություն-մասնավոր հատված, պետք է օգտագործվի: Մենք կարող ենք մասնավորի գումարները ներդնել պետության հետ համատեղ»:

Նշենք, որ «Որոտանի» ՀԷԿ-երով հետաքրքրված են ամերիկյան «Կոնտուր գլոբալ» ընկերությունը եւ ուկրաինական, ռուսական, եվրոպական այլ ընկերություններ։

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031