Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Անդրեասյանը գրություն է ուղարկել Արման Մկրտումյանին

Հուլիս 04,2013 14:29

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դատարանների խորհրդի նախագահ Արման Մկրտումյանին գրություն է ուղարկել, որով տեղեկացնում է վերջին շրջանում փախստականների լայն զանգվածի դեմ կիրառված օրենքի տարաբնույթ մեկնաբանումների մասին: Ըստ Պաշտպանի, դրա հետեւանքով զգալի թվով փախստականներ չունեն ոչ մի կարգավիճակ եւ դրանից էլ հետեւություն՝ իրավաբանորեն պաշտպանված չեն:

Իրավունքների պաշտպանը դատարանների նախագահների խորհրդի նախագահ Ա. Մկրտումյանին ներկայացրել է «Փախստականների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2004 թվականի մարտի 3-ին ընդունված թիվ ՀՕ-49-Ն օրենքի 20-րդ հոդվածում կատարված փոփոխությունը եւ ըստ այդմ տեղեկացրել, որ այդ օրենքը հստակ չի ձեւակերպվել ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության կողմից:

Ասել է, թե այդ օրենքին կարողացել են տալ հայերենի տարբեր ժամանակաձեւերին բնորոշումներ, իսկ դատարաններն էլ փոփոխությանը չեն ենթարկվել եւ վճիռներ են կայացվել Միգրացիոն պետական ծառայության օգտին:

Կարեն Անդրեասյանը գրության մեջ նշում է. «Պարզաբանման անհրաժեշտությունը պայմանավորված է հետեւյալով՝ «Փախստականների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2004 թվականի մարտի 3-ին ընդունված թիվ ՀՕ-49-Ն օրենքի 20-րդ հոդվածում կատարված փոփոխությամբ սահմանվել է պայման, համաձայն որի՝ փախստականի կարգավիճակ ունեցող ծնողների՝ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում փախստական երեխան կորցնում է փախստականի կարգավիճակը: Նշյալ դրույթը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ դիմումատուներից մեկը՝ իր ծնողների 2002թ. ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու ժամանակ անչափահաս է եղել, հիմք է ընդունվել 2012թ. հունվարի 20-ին ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության կողմից օրենքի դրույթն ուժի մեջ մտնելու պահին (15.04.2004թ.) անձի փախստականի կարգավիճակը դադարեցնելու մասին որոշման ընդունման համար: «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ կետի, իրավական ակտում կատարված փոփոխությունների կամ լրացումների, բացառությամբ նրա առանձին մասերի վերացված կամ անվավեր կամ չեղյալ ճանաչելու դեպքերի, գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո ծագած իրավահարաբերությունների վրա, եթե սույն օրենքով, այլ օրենքներով, ինչպես նաեւ փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող իրավական ակտերով այլ բան նախատեսված չէ: «Փախստականների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2004 թվականի մարտի 3-ին ընդունված թիվ ՀՕ-49-Ն օրենքով խնդրո առարկայի կարգավորման վերաբերյալ որեւէ առանձնահատկություններ չեն սահմանվել»: Ուշագրավ է, որ Մարդու իրավունքների պաշտպանը նաեւ բաց չի թողել այն փաստը, որ փախստական երեխաները կարգավիճակը կորցնելուց հետո դարձել են քաղաքացիություն չունեցող անձինք եւ դա եղել է հետեւանք, որ փախստականները զրկվեն որոշակի իրավունքներից: Ըստ այդ գրության, նշված է, թե ինչ կարգավիճակի են հասնում փախստականները. «ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության կողմից նման որոշումներ կայացնելու արդյունքում, հիմնականում՝ փախստականի կարգավիճակ նախկինում ունեցող անձինք ձեռք են բերել քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակ: Մինչդեռ, համաձայն «Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի, ապաստան հայցողները եւ փախստականներն ունեն Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով բնակվող օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց հետ հավասար իրավունքներ եւ պարտականություններ, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ: Փախստականի կարգավիճակը դադարեցնելու մասին որոշումներ ընդունելու պրակտիկան արդյունքում հանգեցնում է նման անձանց իրավական կարգավիճակի վատթարեցմանը»: Կարեն Անդրեասյանն անդրադարձել է օրենքին հետադարձ ուժ տալու դատաիրավական պրակտիկային, որի վերաբերյալ շեշտել է, թե դա չի թույլատրվում, իսկ գրության վերջում ասել է. «Խնդրում եմ խորհրդատվական բնույթի պաշտոնական պարզաբանում տրամադրել «Փախստականների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2004 թվականի մարտի 3-ին ընդունված թիվ ՀՕ-49-Ն օրենքի 20-րդ հոդվածի դրույթների կիրառման պրակտիկայի վերաբերյալ»:

Դատարանների նախագահների խորհրդի նախագահ Ա. Մկրտումյանին ուղղված գրությանը կից ներկայացվել է ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության թիվ 07/15/2912-13 պատասխան գրությունը:

ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ

Հ.Գ. -Ա. Մկրտումյանի պարզաբանումները «Առավոտը» կհրապարակի այն ստանալուց անմիջապես հետո:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031