Լրահոս
Օրվա լրահոսը

Նառ, քեզ կարոտում ենք

Հուլիս 04,2013 14:24
Naira Mamikonyan

Այսօր մեր գործընկեր Նաիրա Մամիկոնյանի ծննդյան օրն է… ներկայով եմ խոսում, որովհետեւ ինձ թվում է, որ երբ երեկոյանա, Նաիրան առաջվա նման մտնելու է  «Առավոտի» խմբագրություն ու կենսուրախ բացականչի՝  թիթիզնե՜ր, ուր եք: Հետո բոլորիցս հետաքրքրվելու է՝ ինչ օրի ենք, մտնելու է խմբագրի սենյակ, ապա՝ Աննա Իսրայելյանի, հետո ամենքիս մի լավ բան է ասելու, կխոստանա, որ գալու է «Առավոտի» խնջույքին, ավելին՝ իր սիրուն հունական պարը գուցեեւ պարի ամուսնու՝ Արթուրի հետ:  Ապա Նաիրան կնստի 6-րդ սենյակի իր սեղանի շուրջ, որպեսզի գրի հերթական սուր նյութերից մեկը, որն ամենակարդացվողներից մեկն  է լինելու, վաղն էլ 1000 հոգի զանգելու են խմբագրություն…

Նառան ջերմ մարդ է, բայց նաեւ շատ օբյեկտիվ՝ ով ուզում ես եղիր, եթե ինչ-որ բան այն չէ՝ ճակատիդ կասի. «Դու իմ ընկերն ես, բայց ճիշտ չես արել»: Հետո որպեսզի, այնուամենայնիվ, ասածը նստվածք չտա դիմացինի հոգում (չնայած այդպես երբեք չի եղել), կավելացնի. «Ինչ պուպո՜ւշն ես»:

Մեկ էլ հեռախոսազանգ կհնչի՝ Նաիրայի նոր նյութն է հասունանում, կողջագուրվենք, ու Նաիրան դուրս կգա, միջանցքում էլ ջերմություն կբաժանի  բոլոր այն աշխատակիցներին, ում մինչ այդ չէր տեսել: Վերելակը սեղմած՝ վերջին պահին ձայն կտա՝ «Երեխեք, էս նոր անեկդոտը լսե՞լ եք»: Կպատմի, կիջնի… Իսկ Givenchy-ի բույրը կմնա…արդեն մեր հիշողության մեջ  ու ժպիտն էլ, խելացի աչքերը, իր ողջ կերպարը…

Նառ ջան, գիտենք, որ երկնային կյանքով ես ապրում, բայց  ախր կարոտում ենք, տեղդ երեւում է, սեղանդ դատարկ է… Հիշո՞ւմ ես երեկոները երգում էինք, էն առանց բառերի երգը, մենք էինք հորինել, ու ժպտալով ներս էր մտնում Վոլոդյա Պետրոսյանը… Նառ, դու միշտ ուրիշի դրության մեջ մտնող մարդ ես, դուրս գալիս միշտ ասում ես՝ «Կես ժամից կգամ», կամ՝ «Արթուրս, որ զանգի, կասեք՝  հարցազրույցի եմ» ու միշտ ճշտապահորեն վերադառնում ես: Քեզանից չէր, չենք հավատում, ո՞նց կարող էիր էդպես գնալ…

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Margarit says:

    Ապրես, Գոգ ջան, բոլորիս սրտից ես գրել……..

  2. gago says:

    Սրտաճմլիկ էր… Պատկերացնում եմ Արթուրը ինչ է կորցրել երկրային կյանքում: Նրանց մյուս հանդիպումը կլինի երկնքում:Լույս Հոգուն…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031