Լրահոս
Օրվա լրահոսը

Էստոնական բալետի միակ հայը կզորակոչվի ՀՀ բանակ

Հուլիս 04,2013 14:20

«Առավոտը» քանիցս անդրադարձել է արտերկրում ճանաչված, բուռն ստեղծագործական գործունեություն ծավալած հայաստանցի երիտասարդ շատ արվեստագետների, որոնք անհայտ անուններ են Հայաստանում: Օրերս հանդիպեցինք Շվեյցարիայում բեմական մկրտություն ստացած, ապա Էստոնիայում կարիերան շարունակող բալետի արտիստ Մուշեղ Աղաջանյանին, ով հայրենիքում է ազգային բանակին զինվորագրվելու նպատակով:

Մեզ հետ զրույցում երիտասարդ արվեստագետը հայտնեց, որ Երեւանի պարարվեստի պետական քոլեջի երկրորդ կուրսից հրավեր ստանալով Լիոնից, հանգամանքների բերումով 2011թ. շարունակել է ուսումը Շվեյցարիայում՝ Բազելի թատրոնի դպրոցում: Ուսմանը զուգահեռ, մեկ տարի պայմանագրային հիմունքներով տեղի թատրոնում աշխատելուց հետո, 2012թ. հրավիրվել է Էստոնիա՝ Տարտուի «Վանեմույի» օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոն՝ կնքելով պայմանագիր մինչեւ 2014թ.: «Շնորհակալ եմ ճակատագրից ու հանգամանքներից, որ ինձ այս կարճ ժամանակահատվածում հնարավորություն ընձեռեցին շփվել տարբեր ազգերի ու տարբեր դպրոցներ ներկայացնող անվանի խորեոգրաֆների, ինչպես նաեւ իմ հասակակիցների հետ: Սա իսկապես մեծ դպրոց էր ու փորձ: Հասցրի հանդես գալ ինչպես համաշխարհային բալետային գրականության, այնպես էլ ժամանակակից  ու մոդեռն բեմադրություններում: Ի վերջո, հասկացա, թե մեր ժամանակներում բալետի արտիստի համար թատրոնն է ավելի նպատակային՝ խաղացանկայի՞ն, թե՞ ոչ խաղացանկային»,- ասաց մեր զրուցակիցը: Ռեպլիկին՝ ի վերջո ի՞նչ եզրահանգման է եկել, Մուշեղը պատասխանեց. «Իմ կարծիքով, խաղացանկային թատրոնը՝ իր դասական բալետային ներկայացումներով, ինչքան էլ դրանք բարձրարվեստ ու բարձրակարգ լինեն, ի վերջո հոգնեցնում է, չնայած այն բանին, որ դասական բալետում կա մրցակցություն այլ երկրների նույնանուն բալետային բեմադրությունների հետ: Մոդեռնի դեպքում ավելի է ընդգծվում թե խորեոգրաֆի, թե արտիստի անհատականությունը: Համամիտ եմ մշակութային այն քաղաքականությանը, որ կոնկրետ այս կամ այն բալետը ունենում է ընդամենը 5-6 ամսվա կյանք: Սա չի նշանակում, թե դրան այլեւս չեն անդրադառնում: Արագությունների դարում բալետային մտածողությունն էլ է արագ ընթանում, իսկ հարկ եղած դեպքում անդրադարձ է կատարվում նախկինում բեմադրված ներկայացմանը, այն ընդամենը թարմացնելով: Կարճ ասած՝ օրինակ, Տարտուի թատրոնում դասական բալետային որեւէ ներկայացում կարող է «գնալ» 1-2 ամիս, իսկ մոդեռն բեմադրությունները փոխվում են նույնիսկ շաբաթը մեկ: Այսպիսով պահպանվում է թե դասականը եւ թե ներկայացվում մոդեռնը: Իսկ Շվեյցարիայում հիմնականում բեմադրվում էին մոդեռն ներկայացումներ՝ դասական հենքով: Ասեմ, որ այնտեղ հիմնական բալետային խումբ չի գործում, թատրոնը ժամանակ առ ժամանակ «հավաքագրում» է խումբ՝ հրավիրելով մենակատարներ տարբեր երկրներից»: Արտիստն իր դերապարերից առանձնացրեց Բազելի թատրոնում՝ Թագաժառանգը՝ Չայկովսկու «Շչելկունչիկում» եւ Շտրաուսինը (լուսանկարում)՝ Տարտուի թատրոնի համանուն բեմադրության մեջ, Ֆաբրիս Գիբերտի խորեոգրաֆիայով:

Մեր զրուցակիցը բացառիկ միտք հայտնեց. «Երբ Էստոնիայի թատրոն է հրավիրվում  որեւէ արտիստ, նրան գովազդում են ԶԼՄ-ները: Դա հնարավորություն է տալիս երիտասարդ, կարիերան սկսող արվեստագետին միանգամից դառնալ ճանաչելի: Ընդ որում, թատրոնի բալետային խումբը բաղկացած է 30 արտիստից, որի 90%-ը անգլիացի են, 2 հոգին՝ էստոնացի եւ մեկը՝ ես, հայ»:

Հետաքրքրությանը՝ ի՞նչ է լսել դրսում մերօրյա հայկական բալետի մասին եւ արդյոք ճանաչո՞ւմ են «մեզ», արվեստագետն ասաց, թե բալետի հայ արտիստների եւ առհասարակ հայկական բալետային դպրոցի մասին գիտեն միայն Արեւմուտքի տարբեր թատրոններում հանդես եկող հայաստանցի հրաշալի պարողների շնորհիվ: Ինչ վերաբերում է Երեւանի թատրոնին, ասաց. «Ըստ իմ տեղեկությունների, այստեղ գործընկերներս ինչ-ինչ խնդիրներ ունեն թատրոնի գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանի հետ: Նկատեմ, որ մասնագետներին դա տեսանելի է ներկայացումների ժամանակ, ինչը չի կարող նկատել հանդիսատեսը: Երեւանում գտնվելու օրերին դիտել եմ «Գայանեն», «Դոն Կիխոտը», «Սպարտակը», իսկ մենք ունենք հիանալի պարողներ…»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031