Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հեռացված անդամը բիծ է փնտրում փոխնախարարի դիսերտացիայի վրա

Հուլիս 04,2013 14:10

Մանկավարժագիտության դոկտոր Սերգեյ Մանուկյանը մամուլում քանիցս հանդես է եկել ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանի (լուսանկարում)  «Ուսուցման կազմակերպման կոլեկտիվ եղանակի իրականացման մեթոդաբանությունը, տեսությունը եւ պրակտիկան» մանկավարժական գիտությունների դոկտորի գիտական աստիճանի հայցման ատենախոսության դեմ: Նշենք, որ Մկրտչյանն այն անցյալ տարի պաշտպանել է Երեւանի պետական մանկավարժական համալսարանի (ԵՊՄՀ) 020 մասնագիտական խորհրդում:

Սերգեյ Մանուկյանն այդ հարցով դիմել էր նաեւ ԲՈՀ, որն էլ ատենախոսությունը վերադարձրել էր պաշտպանության խորհուրդ՝  աշխատանքը կրկնակի նայելու: Խորհուրդը, սակայն, կրկին դրական եզրակացություն էր տվել:

«Առավոտը» կապվեց խորհրդի անդամներից մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Իգոր Կարապետյանի հետ: Նա նշեց, որ խորհուրդը երկրորդ անգամ եւս կողմ է քվեարկել Մանուկ Մկրտչյանի ատենախոսությանը եւ գտել, որ նա արժանի  է դոկտորի գիտական աստիճանին: Խոսելով քննադատության գործնական եւ տեսական բաժինների մասին, պարոն Կարապետյանը նշեց. «Տեսական մասը նշանակում է, թե ինչ տեսություններ են աշխատանքի հիմքում ընկած եւ այդ տեսությունները ինչքանով են արդիական: Օրինակ՝ ես գտնում եմ, որ  այսպես կոչված մանկավարժության՝ Արեւմուտքում ընդունված  ինտերակտիվ, փոխներգործուն մեթոդները զուգահեռաբար զարգացել էին խորհրդային մանկավարժության մեջ նույնպես… Ու Մանուկ Մկրտչյանը կարողացել է խորհրդային ռուսական,  խորհրդային հայկական փորձը ոչ միայն ուսումնասիրել, ամփոփել, այլեւ առաջարկել է իր մեթոդները, ուսուցման եղանակները: Նա  մեծ քանականությամբ մանկավարժական տերմիններ է ներմուծել հայոց լեզու, զարգացրել  մանկավարժական ենթալեզուն»: Անդրադառնալով Մանուկ Մկրտչյանի ընդդիմախոսի այն դիտարկմանը, թե  նրա մեթոդը  «քանդում» է դաս-դասարանային համակարգը, խորհրդի անդամը ասաց. «Նախ Մանուկ Մկրտչյանն այդպիսի առաջարկություններ չի անում, որ պետք է հրաժարվենք դաս-դասարանային համակարգից, նման միտք չի հնչել:  Կա այն միտքը, որ դպրոց հասկացության առաջ գալը եղել է ուսուցման անհատական եղանակ, հետո՝ կոլեկտիվ, որը նորից տանում է ուսուցման անհատականացման: Ինչ վերաբերում է քննադատությունների գործնական մասին, հավելեմ, որ, օրինակ,  երկկոմպլեկտ դպրոցներում, որտեղ տարբեր տարիքի եւ դասարանների երեխաներ են, այդ մեթոդն արդեն արդյունավետորեն կիրառվել է:  Ինչ  վերաբերում է թռիչքային, մասնավոր դպրոցներին, որ ստեղծվել են ՀՀ-ում կամ ՌԴ-ում, այդ մեթոդով վաղուց աշխատում են: Կոլեկտիվ ուսուցման եղանակը չի բացառում այլ եղանակների կիրառումը, հեղինակը չի ասում, որ իր մեթոդից բացի, ուրիշ մեթոդ չկա: Ի դեպ, ինչպես մյուս, այնպես էլ այս մեթոդի կիրառման արդյունավետությունը կախված է կոնկրետ դպրոցից, մանկավարժների աշխատանքից, ներդնողից եւ խորհրդային հայացք է,  թե այդ մեթոդը վտանգավոր է»:

Հետաքրքրվեցինք, իր կարծիքով՝ ինչի՞ց է նեղացած Սերգեյ Մանուկյանը: Կարապետյանը հայտնեց, որ ժամանակին Մանուկյանը եղել է 020 մասնագիտական խորհրդի անդամ, սակայն երբ որեւէ բուհում այլեւս չի դասավանդել, զրկվել է անդամությունից: Մեր զրուցակցի ձեւակերպմամբ, հարցը կարելի է դիտարկել նաեւ միջանձնային հարաբերությունների դաշտում. «Սերգեյ Մանուկյանին հավանաբար թվում  է, թե Մանուկ Մկրտչյանն է մեղավոր դրանում, չնայած Մանուկյանի գործողությունների պարագայում, չի բացառվում, որ կան նրան դրդողներ»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031