Լրահոս
Օրվա լրահոսը

Բաժանենք երկու կեսերի

Հուլիս 04,2013 14:00

Հայաստանի երկրորդ նախագահը երբեմն նաեւ ճիշտ բաներ էր ասում: Օրինակ՝ մի անգամ իմ հարցին, թե ինչ կասեք գործարարների բողոքների մասին՝ հարկային ճնշումների վերաբերյալ, նա խորհուրդ տվեց թե՛ այդ բողոքները եւ թե՛ հարկայինների արդարացումները բաժանել ուղիղ երկու կեսերի եւ երկու տարբեր «աղբյուրների» ճիշտ կեսերը միացնելով՝ ստանալ ճիշտ պատկերը: Նույն մեթոդաբանությունը հիմա ես առաջարկում եմ կիրառել մի կողմից՝ Վերահսկիչ պալատի եւ պատգամավորների մեղադրանքներին, մյուս կողմից՝ կառավարության արդարացումներին:

Նրանք, ովքեր իրադարձությունների մեջ քաղաքական շահագրգռվածություններ ունեն, հակված են ցանկալին իրականի տեղ դնել՝ «իշխանության բուրգը նոր ճաքեր է տալիս», «միջկլանային պայքարը  սրվում է» եւ այլն: Մի քանի տեղ կարդացել եմ, մասնավորապես, որ այդ ամենի հետեւում կանգնած է ԱԺ նախագահը, եւ նա ինչ-որ դավադրություն կամ հեղաշրջում է պատրաստում: Այդպես մտածողները կամ միամիտ են, կամ անտեղյակ են, կամ էլ (որը ավելի հավանական է) «մուտիլովկաներով» են զբաղվում: Հայաստանը, ինչպես եւ Ռուսաստանը, «ուժային պետականության» երկիր է (ի դեպ, չեմ լսել, որ, ասենք, ԱՄՆ-ում FBI-ի, CIA-ի ղեկավարներին կամ պաշտպանության նախարարին անվանեն «ուժային»): Հեղաշրջումները իրականացնում են ուժայինները, ինչպես որ դա եղավ 1991 թվականին Ռուսաստանում (անհաջող) կամ 1998-ին՝ Հայաստանում (հաջող): Այ, եթե Սեյրան Օհանյանը, Վլադիմիր Գասպարյանը կամ Գորիկ Հակոբյանը սկսեն քաղաքականությամբ զբաղվել, իմացեք, որ դավադրությունը, հեղաշրջումը հնարավոր են: Հովիկ Աբրահամյանը ոչ անձնապես, ոչ էլ պաշտոնի բերումով նման բաների ընդունակ չէ:

Մնում է հարցերի (թե օֆշորային սկանդալի եւ թե  ՎՊ հաշվետվության) բովանդակային քննարկումը: Ինքնին դա դրական երեւույթ է՝ ո՞վ ասաց, որ խորհրդարանը եւ կառավարությունը, պատգամավորները եւ նախարարները պետք է առավոտից մինչեւ երեկո աղունիկների նման ղունղունեն: Ցանկալի է, որ այդպես չլինի՝ նրանք պետք է մշտապես իրար հետ վեճի մեջ լինեն, իրար հավասարակշռեն: Ցանկալի է նաեւ, որ խորհրդարանական մեծամասնությունը հնարավորություն չունենա միայնակ հաստատելու կառավարության որոշումները, ինչպես որ դա, ցավոք, Հայաստանում է: Շատ լավ կլիներ, որ այդ քննարկումներին մասնակցեին ոչ միայն հանրապետական պատգամավորները եւ հանրապետական նախարարները, այլեւ ընդդիմության եւ «այլընտրանքի» ներկայացուցիչները: Բայց մենք ունենք այն, ինչ ունենք, ավելի լավ է՝ նույնիսկ այս պայմաններում քննարկել գործադիրի հնարավոր չարաշահումները, քան լռել դրանց մասին:

Ի դեպ, բոլոր երկրներում պատգամավորները պարտավոր են լինել ավելի «պոպուլիստ», քան նախարարները: Որովհետեւ պատգամավորները ընտրվում են կամ, համենայնդեպս, պետք է որ ընտրվեն, իսկ նախարարները նշանակվում են: Իհարկե, ամենաճիշտը կլինի, որ Հայաստանում էլ պատգամավորներն իրականում ընտրվեն:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Համլետ says:

    1998 թվականի հեղաղաշրջումն ավարտվեց ,,ոչխարի հոտի 180 աստիճան շրջադարձի դեպքում հոտի առջևում հայտնվում են կաղ ու հիվանդ ոչխարները,, հայտնի իրողության սցենարով:

  2. Ettentcchi says:

    Պ-ն Աբրահամյան ես հոդվածը գրել եք գրելու համար չէ?:
    Եթե դուք չգիտեք, իսկ ես չեմ հավատա որ չգիտեք, մեր ժողովուրդը գիտի, որ Հայաստանում ցանկացած իշխանավոր սկսած ՀՀ նախագահից, վարչապետից, Ազգային Ժողովի նախագահից, նախարարներից մինչև մարզպետարանների ու համայնքների վերջին ծառայողները համարում են աշխատանքը այն, թէ որքան են այդ օրը կարողացել կամ <>,կամ էլ կաշառքով փող աշխատել, հակառակ դեպքում համարում են որ չեն աշխատել: Եթե ինձ հետ համաձայն եք, որ դուք էլ գիտեք, ապա կարող եք ասել այս ֆոնի վրա այս հոդվածը գրել եք որ ինչ անեք:

  3. Արամ says:

    Իրոք, գրել եք, գրում են, գրում ենք, որ ինչ անենք: Շունը հաչում է, քարավանը գնում է:
    Օֆշորգեյթսից հետո Ճապոնիայի վարչապետը ինքնքսպան կլիներ, մերը հայտարարում է կոռուպցիայի դեմ պայքարի հաջողություններից: Բաղրամյան 26-ը նավաճողն էլ նրան պաշտպանում է ինչպես թուխսը ճտին, կարծես Հայաստանից փող հանելու ուրիշ մասնագետ չի կարողանում գտնի:
    Ձեր մուր ձեր գլուխ, կերեք, մինչև տրաքեք, բայց Հայաստանը Սվազիլենդ չի, պատերազմող երկիր է:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031