«Ինչքա՞ն են գողանում կամ ինչքա՞ն են թալանում Հայաստանում: Իրականում այդ հարցի պատասխանը նույն ՎՊ-ն վաղուց տվել է: Հաշվետվություններ են տվել տասնյակ, բայց որեւէ նոր բան չի կատարվել: 2008-ի մի հետազոտություն ուղղակիորեն պատասխան է տալիս, թե ինչքան է գողացվում պետբյուջեից»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ խոսելով ՎՊ-ի բացահայտումների եւ դրա շուրջ արձագանքների մասին:
Նրա խոսքերով՝ ըստ ՎՊ-ի բացահայտումների, Հայաստանի բյուջեից 2008-ին գողացվել է կես մլրդ դոլարի գումար. «Այն ժամանակ մենք չունեինք ԱԺ-ի ամբիոն, իշխանությունը լռեցնում էր եւ այդ փաստը իրենք կարողացան լռեցնել: Եթե այդ փաստերը եղել են աղաղակող, մեծ, ինչու են հիմա բոլորը զարմացած, ինչու են շփոթված: Նախ, ես ուզում եմ արձանագրվի այն իրողությունը, որ այսօր վերջապես ԱԺ-ում կա ընդդիմություն՝ ի դեմս Կոնգրեսի, որն ամեն մի հարցն օգտագործում է՝ բոլոր այս փաստերը հնչեցնելու նպատակով: ՀԱԿ-ը ստանձնել է ընդդիմության լոկոմոտիվի դերը»:
Լեւոն Զուրաբյանը նաեւ հիշեցրեց, որ իրենք են, որ բացահայտ հնչեցրել են քննադատություն՝ գազի գնի բարձրացման մասին:
Խոսելով օֆշորի պատմության մասին՝ նա ասաց. «Օգտագործելով ԱԺ-ի լծակները, մենք այնպիսի մթնոլորտ կարողացանք ստեղծել, որ Տիգրան Սարգսյանը ստիպված պետք է պատասխան տա: Այն, ինչ կատարվեց, առերեսում էր՝ ընդդիմության հետ, եւ այդ առերեսմանը իշխանությունը չդիմացավ»:
Կարդացեք նաև
Նա հայտարարեց, որ իշխանության ներսում սկսել է քավության նոխազի փնտրտուք եւ մեկի գլխին դա պետք է ջարդվի. «Դա գնալով ինտենսիվանալու է: Գնալով ՀՀ իշխանությունները հայտնվում են խորը ճգնաժամի մեջ: Կաղ բադի սինդրոմն է գործում: Բոլորը հասկանում են, որ այս իշխանության վերջը եկել է: Ներիշխանական խնդիրները գնալով շատանում են: Սկսելու է պայքար՝ լիդերության համար»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ