«Մայր (այլ) Հայաստա՞ն» (mOther Armenia), թե՞ Հայաստանն այնպես, ինչպես ոչ ոք չի տեսել կամ ավելի ճիշտ՝ տեսել է, բայց ուշադրություն չի դարձրել. հենց այս մասին առաջին անգամ հայկական լուսանկարչության պատմության մեջ տասը կին լուսանկարիչներ ՝ Մերի Աղախանյանը, Սառա Անջարգոլյանը, Նազիկ Արմենակյանը, Քնար Բաբայանը, Անուշ Բաբաջանյանը, Փիրուզա Խալափյանը, Անահիտ Հայրապետյանը, Հասմիկ Հայրապետյանը, Իննա Մխիթարյանը և Նելլի Շիշմանյանը Նորարար փորձարարական արվեստի կենտրոնում ներկայացրեցին իրենց անհատական ֆոտոպատմությունները: Կին լուսանկարիչներից յուրաքանչյուրը, միավորելով իր հայացքները, Հայաստանն պատկերել էին այնպես, ինչպես իրենք են տեսնում:
Լուսանկարներում բարձրաձայնվում էր Հայաստանում առկա մի շարք սոցիալական խնդիրներ, ինչպիսիք են՝ կանանց իրավունքների ոտնահարումը, հաշմանդամություն ունեցող մարդկանց խոչընդոտների հաղթահարումը, հայ զինվորը և հայկական բանակում տիրող իրավիճակը, հասարակության մեջ իրենց տեղը գտնել փորձող տրանսգենդերների կյանքը և այլն:
Ֆոտոլրագրող Սառա Անջարգոլյանը մեկ տարուց ավելի է, ինչ լուսանկարներ է անում բանակի վերաբերյալ: Ցուցահանդեսում իր լուսանկարները ներկայացում էր երկու մասով. առաջինը հայ զինվորը, նրա առօրյան էին, իսկ երկրորդ մասում ներկայացված էին այն ընտանիքները, որոնք կորցրել են իրենց որդիներին զինվորական ծառայության ժամանակ:
«Նկարներիս մեջ շեշտը դրել եմ իրականությունը պատկերելու վրա,- ասում է Սառա Անջարգոլյանը,- դեռ մի քանի տարի առաջ մի շարք բողոքի ակցիաների եմ մասնակցել, ծանոթացել որդիներ կորցրած շատ ու շատ զինվորների մայրերի,ընտանիքների հետ և արդեն այսօր լուսանկարների միջոցով փորձել եմ ավելի խորը անդրադառնալ այս թեմային»:
Լուսանկարիչների կարծիքով՝ այն նկարները, որոնք իրենք ներկայացրել են այլ Հայաստանի մաս են կազմում, այն Հայաստանի, որը չի քարոզվում էկրաններից և վառ ցուցապաստառներից, ահա հենց այստեղից էլ եկել է ցուցահանդեսի անվանումը՝ «Մայր (այլ) Հայաստան»:
Վավերագրող լուսանկարիչ Նազիկ Արմենակյանը ներկայացրել է այլ սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց: Նրա խոսքով՝ այս մարդիկ «այլ» մարդիկ են, նրանք առանձնացված են հասարակությունից և Հայաստանում չունեն ապագա, չունեն աշխատելու, ապրելու միջոցներ, լուսանկարիչը կարծում է, որ սա ևս այն թեմաներից էր, որը նույնպես ուներ բարձրաձայնելու և երևան հանելու կարիք:
Կարդացեք նաև
Ցուցահանդեսը նախաձեռնել է «4 պլյուս» վավերագրական լուսանկարչության հայկական կենտրոնը: Այս թիմում ընդգրկված են 3 լուսանկարիչներ՝ Նազիկ Արմենակյանը, Անահիտ Հայրապետյանը, Անուշ Բաբաջանյանը, սակայն նախագիծը անվանվում է 4 պլյուս, որպեսզի ուրիշները ևս կարող են ընդգրկվել իրենց նախագծերի մեջ: Նախագծի նպատակը հետևյալն է՝ վավերագրական լուսանկարչության և ֆոտոլրագրության միջոցով բարձրաձայնել շրջապատող խնդիրների մասին և փորձել փոփոխություններ մտցնել հասարակության շրջանում:
Հիշեցնենք, որ ցուցահանդեսը գործելու է մինչև օգոստոսի 17-ը:
Օվսաննա Սիմոնյան