Լրահոս
Օրվա լրահոսը

Հմայակ Հովհաննիսյան. Հոկտեմբերին կհրահրվի կառավարվող ներքաղաքական ճգնաժամ

Հուլիս 04,2013 12:16
hmayak hovhannisyan

Հատված Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի հետ հարցազրույցից:

Սերժ Սարգսյանը հունիսի 29-ի քննարկման ժամանակ անդրադարձավ մի շարք կարևոր հարցերի՝ գնումների և այլ ոլորտներում առկա խնդիրների վերաբերյալ։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ նա որևէ խոսք չասաց հայտնի օֆշորային սկանդալի մասին։

– Իսկ կարո՞ղ եք ասել՝ կոնկրետ ո՞ր Պողոսին անդրադարձավ։ Հերթական անգամ ընդհանուր դատողություններ հնչեցրեց «ատկատների» մասին՝ կոնկրետ անուններ չտալով, այդ ո՞ր մեկի անունը տվեց, որ պետք է զարմանանք, թե ինչո՞ւ չտվեց Տիգրան Սարգսյանի անունը։

Չզարմանաք, եթե ՀՀԿ-ի գործադիրի նիստից հետո Հովիկն ու Տիգրանը միասին հարցազրույց տան մամուլին և միահամուռ գովաբանեն Սերժ Սարգսյանին։ Չէ, դա չի նշանակում, որ Հովիկ Աբրահամյանը ճիշտ ժամանակին դուրս չի շպրտվելու ԱԺ նախագահի պաշտոնից, սակայն այդ ճիշտ ժամանակը հոկտեմբերի վերջն է, այլ ոչ թե հուլիսի սկիզբը։

Ի՞նչ հիմնավորումներ ունի Ձեր այդ տեսակետը։

– Ներքաղաքական զարգացումները Հայաստանում իրականում ընդամենը Սերժ Սարգսյանի երերացող իշխանությունը պահելուն և արտաքին ուժային կենտրոնների մոտ պատրանքներ առաջացնելուն միտված «խորամանկություններ» են։ Նոյեմբերին Սերժ Սարգսյանը հրաժարվելու է ստորագրել Եվրամիության հետ Ասոցիացման համաձայնագիրը։ «Ժառանգությունը», «Ազատ դեմոկրատները», ՀԱԿԿ-ն արդեն հաթաթաներ են տալիս, որ Արևմուտքը երբեք չի ների Սերժ Սարգսյանին՝ սեփական խոստումների դրժման համար՝ դաժանաբար կպատժի նրան։ Իհարկե, կարևորը դրանց հաթաթաները չեն, այլ, օրինակ, Լեհաստանի նախագահի սառը ցնցուղը։ Պան Կոմորովսկին պարզ հասկացրեց Սերժ Սարգսյանին, որ Արևմուտքը Եվրամիության հետ Հայաստանը Ասոցիացման համաձայնագիրը դիտում է՝ որպես երաշխիք առ այն, որ Հայաստանը մեկընդմիշտ հրաժարվում է Ռուսաստանի հետ համատեղ ինտեգրացիոն ծրագրերից՝ Մաքսային միությանը և Եվրասիական միությանն անդամակցելուց։

Ի՞նչ պետք է անի Սերժ Սարգսյանը ստեղծված իրավիճակում։ Պետք է հոկտեմբերին հրահրի կառավարվող ներքաղաքական ճգնաժամ, նույնիսկ քաոս։ Արևմուտքի համար «քաոսը» կլինի ավելի համոզիչ։ Պետք է Բաղրամյան 26-ից ուղղորդվող մամուլի միջոցով ի լուր աշխարհի հայտարարի, որ այդ ներքաղաքական ճգնաժամը «ռուսական թևի»՝ խնամիների զույգի ձեռքի գործն է, պետք է բացահայտի, մերկացնի, «մեծ դժվարությամբ» դավադիրներին դուրս շպրտի իշխանական համակարգից՝ վերջնականապես ջարդելով «ռուսական թևը»։ Հետո պետք է Արևմուտքին հրամցնի իր «հերոսական» հաղթանակի արդյունքների ամրագրման, իրավիճակը կայունացնելու, Ռուսաստանին հանգստացնելու համար անհրաժեշտ «թայմ-աուտի» գաղափարը, իբր երազում էինք ժամ շուտ ստորագրել համաձայնագիրը, սակայն ստիպված ենք հետաձգել, մինչև երկրում «ներքաղաքական կայունություն» հաստատվի։ Այսպիսով, յուրաքանչյուրը կստանա ինչ-որ բան։ Ռուսաստանը բավարարված կլինի նրանով, որ Հայաստանը չստորագրեց ԵՄ-ի հետ Ասոցիացման համաձայնագիրը, իսկ Արևմուտքը՝ նրանով, որ «ռուսամետ» խնամիները դուրս շպրտվեցին իշխանական համակարգից, կուլակաթափվեցին և այլևս «չեն կարող խոչընդոտել» Հայաստանի ներգրավմանը Արևմուտքի ազդեցության ոլորտում։

Ձեր վերջին հարցազրույցում Դուք կարծիք էիք հայտնել, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի «թևը» Սերժ Սարգսյանի բացակայության պայմաններում «փորձեց թավշյա փափուկ հեղաշրջում կատարել և ասպարեզից հեռացնել Տիգրան Սարգսյանին»։ Արդյո՞ք այդքան ակնհայտ է դարձել ներիշխանական պայքարը։

– Ինչպես արդեն նշեցի, «պայքար» չկա, կա պայքարի իմիտացիա՝ դյուրահավատ եվրոպացիների համար։ Իհարկե, խնամիները, լավ իմանալով, որ աշնանը մատաղացու են դառնալու (ինչի համար ռուսները հաստատ «ախ» Էլ չեն քաշի), փորձեցին գործընթացին հաղորդել կանխարգելիչ արագացում։ Սերժ Սարգսյանն այդ արագացմանը դեմ չէր, քանզի շահագրգռված էր փորձարկելու կառավարելի ճգնաժամի ուղղորդման

օպերացիան։ Ձեռքի հետ էլ ձգտում էր ստուգել «զորահանդեսի» մասնակիցների վերաբերմունքը խնամիների վարքագծին, գրողներին, թե որքանո՞վ է այդ ամենը համոզիչ օտարերկրյա հանդիսատեսների համար, արդյո՞ք նրանք դա հալած յուղի տեղ ընդունում են, թե՞ գլխի են ընկել, որ սարքած է։ Հովիկ Արգամիչն այնպես մտավ իր դերի մեջ, որ ներկայացման ռեպետիցիան պատկերացրեց որպես լուրջ իրադարձություն, որպես աշնանային «մորթից» փրկվելու շանս, ինչն առաջացրեց Սերժ Ազատիչի վրդովմունքը. «քեզ մորթելու ժամանակը դեռ չի եկել»։ Այո, ճտերին և հայրենական ֆաունայի այլ ներկայացուցիչներին աշնանն են հաշվում…

Հարցազրույցը՝ Արամ ՍԱՐԳՍՅԱՆԻ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031