Հատված ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի հետ հարցազրույցից:
– Իհարկե վատ է, որ Ռուսաստանը զենք է վաճառել Ադրբեջանին, որի հետ մենք գտնվում ենք կեսպատերազմյան՝ ոչ բարեկամական
հարաբերությունների մեջ։ Բայց դա զենքի վաճառքի գործարք է երկու պետությունների միջև՝ մեկը գնողունակ է, մյուսը՝ զենքի վաճառքի շուկայում առաջատար պետություններից մեկն է։ Ադրբեջանը 1 մլրդ ԱՄՆ դոլարի
զենք կարող էր գնել ցանկացած այլ երկրից, ինչպես և վարվում էր. խնդիրը միայն նրանում է, որ զինամթերքը տվյալ դեպքում վաճառել է Ռուսաստանը։ Եթե Ռուսաստանն Ադրբեջանին չվաճառեր այդ զենքը, վերջինս զինամթերք
Կարդացեք նաև
կգներ Ուկրաինայից, Իսրայելից, Ամերիկայից, Ֆրանսիայից, ումից ուզեր։ Սա մեզ համար կլիներ ավելի լա՞վ։ Իհարկե ոչ։ Թող մեր թշնամու փողերով հարստանա մեր դաշնակիցը, խնդիրը ո՞րն է։ Ազատ երկրներ են՝ կարող են առք ու վաճառքով զբաղվել։ Այլ բան է, եթե մենք կարողանայինք հասնել նրան, որ ՄԱԿ-ի որոշումով արգելվեր Ադրբեջանին զենք վաճառել՝
հաշվի առնելով այդ երկրի ղեկավարության անհավասարակշիռ պահվածքը, մշտական հայտարարությունները, ռազմատենչ կոչերը և այլն։ Եթե Հայաստանը հասներ այդ բանաձևի ընդունմանը, խնդրի էությունն այլ կլիներ։ Մի ժամանակ կար ՄԱԿ-ի այդ բանաձևը, բայց չեղյալ հայտարարվեց։ Բայց կրկնում եմ՝ մեզ համար ավելի ձեռնտու է, եթե Ադրբեջանին զենք է վաճառում Ռուսաստանը, քան՝ Իսրայելը կամ Ուկրաինան։
– Կմանրամասնե՞ք՝ ինչո՞վ է մեզ համար ձեռնտու, որ զենքի վաճառքի գործարքը Ռուսաստանի հետ է կատարվում։
– Ռուսաստանը մեր դաշնակիցն է, թող Ադրբեջանի փողերը կիրառվեն մեր դաշնակցի հզորացման համար։ Որքան հզոր դաշնակից կունենանք, այնքան մեզ է օգուտ։ Եվ երկրորդը՝ ռուսական զենքին մեր բանակը քաջատեղյակ է՝ պաշտպանվելու, խլելու ու օգտագործելու առումով։ Ես չեմ կարծում, որ տեղի ունեցած գործարքը Հայաստանի ազգային անվտանգությանը մեծ վտանգ է սպառնում, որովհետև զենքը մարտական, մահաբեր գործիք է դառնում մարդու ձեռքին։ Մարդը՝ բանակն է։ Ադրբեջանը գնում է ինտենսիվ բարոյազրկման, քայքայման պրոցեսի, նախ և առաջ՝ բանակում, որտեղ բազմաթիվ այլազգիներ են և չեն զգում ոչ մի պարտավորություն՝ կռվելու Ադրբեջանի պաշտպանության համար։ Ինչքան ուզում է նրանց ձեռքին զենք լինի… Պատերազմի ժամանակ էլ չորս-հինգ անգամ ավելի զենք ունեին, բայց խայտառակ պարտություն տարան։ Մինչև չլինի զինվոր, որը նվիրված է իր հայրենիքին, գործին, այդ զենքն ընդամենը մետաղ է, մետաղի մի կտոր։ Իհարկե, եթե զենք ընդհանրապես չունենային, ավելի լավ կլիներ, բայց քանի որ փող ունեն, միևնույն է, գնելու են այդ զենքը։ Հետո 1 մլրդ-ի զենքն այնքան էլ շատ չէ՝ այսօր սպառազինությունը շատ է թանկացել։
– Պարոն Շիրխանյան, երբ Ռուսաստանը համարվում է մեր դաշնակիցը, բայց միևնույն ժամանակ զենք է մատակարարում մեր թշնամուն, տարածաշրջանում հավասարություն չի՞ ստեղծվում։ Մեզ համար ցանկալի՞ է այդ հավասարության առկայությունը։
– Մենք ի՞նչ է, մտադիր ենք գրավե՞լ Ադրբեջանը։ Մեր խնդիրը ԼՂՀ անվտանգության, Հայաստանի անվտանգության ապահովումն է։
Սպառազինության քանակով չէ, որ տարածաշրջանային բալանս է ստեղծվում, այլ՝ բանակների մարտական պատրաստակամությամբ և ոգով։ Մեր հարևան Թուրքիան, որն իրեն հայտարարում է Ադրբեջանի բարեկամ,
այնքան զենք ունի, որ ցանկացած ժամանակ տեղափոխելով դրա մի մասը Ադրբեջան, ռուսական 1 մլրդ զենքը կդառնա դրա չնչին մասը։ Մենք մեր ներքին խնդիրները պետք է լուծենք, հասնենք բանակ-հասարակություն միաձուլմանը, հասարակությունը բանակին պետք է միշտ թիկունք կանգնի։ Եթե նոր հողեր գրավելու խնդիր ունենայինք, կասեինք, թե ինչո՞ւ եք
սպառազինում, ուժեղացնում Ադրբեջանին, որ մենք էլ ստիպված սպառազինման նոր մրցավազքի մեջ պետք է մտնենք։ Բայց մենք նման
առաջադրանք մեր առջև չունենք։
Տիգրանուհի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում
Պրիմիտիվ արդարացում: Նախ բացի ռուսներից այդպիսի զենք, այդպիսի գնով ազերիներին տվող չկա, ու երկրորդը մատակարելով իրենց «ֆորպոստի» բնակչությունը ոչնչացնել ցանկացող երկրին մասայական ոչնչացման արդիական զենք ռուսները ցանկանում են մշտական և ավելի մեծ կախվածությամ մեջ պահեն այդ «ֆորպոստը», հակառակ, անհնազանդության, պարագայում փաստորեն սպառնալով ուրիշի ձերքերով ոչնչացնել նրա բնակիչներին: Հարց է առաջանում, արդյոք քեց ցեղասպանության վտանգի տակ պահողը կարող է՞ լինել քեզ լավ ընկեր:
Պատմությունը բազմիցս ցույց է տվել, թե ինչպիսի <> դաշնակից է մեզ համար Ռուսաստանը: Ինչպես հայտնի է քաղաքականության մեջ չկան մշտական դաշնակիցներ և թշնամիներ, և պետք չէ կուրորեն հավատալ որ Ռուսաստանը մեր միակ և անփոխարինելի դաշնակիցն է ու մեր սերունդների կյանքի երաշխավորը… դրանով մենք միայն ինքներս մեզ կթուլացնենք: Մեկ մլդ. դոլլարի զենքի վաճառքը Ադրբեջանին այս պարագայում ոչ այլ ինչ էր քան դեղին քարտ Հայաստանին Եվրասիական Միության համատեքստում: Հերիք է անդամակցել այդ միությանը և Հայաստանին մեր <> կներարկի հակաթույն մահաբեր զենքի դիմաց` տրամադրելով ավելի լավ զենք և պաշտպանական տեխնիկա՝ վերստին շռայլելով մեզ ապրելու մեր իրավունքը:
Ինչ վերաբերում է մեր ազգի մարտկան ոգուն, ինչը Դուք այդպես շռայլորեն շահարկում եք որպես քարտ բլանշ, ցավով պետք է նշեմ, որ այդ ոգին մեծ դեգրադացիայի է ենթարկվել վերջին տարիների ընթացքում: Ազգային ոգին ու մարտական ոգին պահել ու փայփայել է պետք շատ զգուշորեն և խնամքով, և այն որ այսօր ազատամարտիկները մեր երկրում ցույցի են ելնում կենցաղային մակարդակի խնդիրներ լուծելու համար պարզապես զարհուրելի է և մտածելու տեղիք է տալիս… Կարծում եմ շրջահայաց կառավարման պայմաններում բանը դրան չպետք է հասներ. հետևությունները թողնում եմ Ձեզ: