ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի ենթադրությամբ, Հայաստանին մի քանի ամիս է մնացել Ադրբեջանի հետ պատերազմը վերսկսելուն:
«Ենթադրում եմ, որ մի քանի ամիս դեռ ունենք, քանի դեռ պատերազմը սկսված չէ: Այսօր Հայաստանը աշխարհի միակ պետությունն է, ում հրապարակավ սպառնում են պատերազմով: Դա այնքան բնականոն է դարձել, որ որոշ հանդիպումների ժամանակ ասում են, որ մենք խաղաղ բանակցությունների կողմնակից ենք…բայց
քսան տարիների ընթացքում մեր դիվանագիտության բացակայության պատճառով հնարավորություն տվեցինք, որ հարեւան պետությունը միջազգայնորեն կարողանա տրամադրել մինչեւ իր կողմից պատերազմով արդարությունը վերականգնելու իրավունքի ընդունմանը: Հրապարակվում է մի բանաձեւ, որ հայերը օկուպացրել են Ադրբեջանի տարածքների քսան տոկոսը: Եվ դրան ի պատասխան մեր
դիվանագիտությունն ընդամենն ասում է, որ ազգերի ինքնորոշման կողմնակից ենք, ուզում ենք մեր հարեւանների հետ բանակցությունների միջոցով հաջողության հասնենք եւ երբեմն-երբեմն վկայակոչում են այն հանգամանքը, որ Արցախը անարդարացիորեն է դարձել Ադրբեջանի մաս: Մեզ սպառնացող վտանգն ավելին է, քան ինչ-որ տարածքներ կորցնելը»,- այսօր «Հայացք» ակումբում ասաց պարոն Հայրիկյանը:
Կարդացեք նաև
Նրա գնահատմամբ, Թուրքիայի իմպերիալիստական շրջանակներին ձեռնտու է՝ այնպիսի իրավիճակ ստեղծել, որ հետագայում զոհի կարգավիճակում հանդես գալիք Հայաստանը համաշխարհային հանրության կողմից ընկալվի հանցավոր պետություն. «Այսօր Հայաստանը ներքաշում են որպես հանցավոր պետություն, պետություն, որը մեկ միլիոն մարդու դարձրել է անտուն, բռնազավթել հարեւան պետության հողատարածքների քսան տոկոսը»:
Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն, ասաց՝ այդ գործընթացը խաղաղ բնակչության դեմ է ուղղված:
«Ասում են դա բիզնես է: Հարց եմ տալիս՝ պոռնիկի աշխատանքը բիզնե՞ս է, թե՞ ոչ: Կան բիզնեսի տեսակներ, որոնք անթույլատրելի են, անբարո: Պատերազմով սպառնացող երկրին այդ ոլորտում բիզնես կատարելու ցանկությունը դաշնակցի կողմից հանցավոր, անբարո մոտեցում է: Եթե բանակցային գործընթացի կողմնակիցն ես, ինչու ես զենք վաճառում: Այն ինչ ուզում էր դրանով Ռուսաստանը հասկացնել, վաղուց հասկացրել է՝ դուք մեր ստրուկն ենք, մեր ստրուկն էլ կմնաք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ