Հատված հումորիստ ՎԱՀԱԳՆ ԱՏԵՓԱՆՅԱՆԻ (ԴԵԼՈ) հարցազրույցից:
– Yere1 նախագծում Արթուրիկի դերն էիք խաղում, կա՞ նմանություն կերպարի ու Ձեր միջեւ։
– Ես հարուստի տղա չեմ, չնայած վատ չէր լինի, որ իմ պապան Վիպոյանի չափ փող ունենար։ Բայց իմ պապան շատ ավելի խելացի ու լուրջ մարդ է, քան Վիպոյանը։ Նախագծում մի քիչ գրոտեսկային է կերպարս, խաղում եմ մի մարդու, ում ճանաչում եմ։ Արթուրիկին մեծացրել եմ ես, 16 տարեկան պատանուց սարքել եմ արդեն տարիքն առած, ամուսնացած բաժանված մի մեծ մարդ։ Նման կերպարները շատ են մեր հասարակության մեջ։
– Դերասանական կրթություն չունեք, առանց դրա բա՞րդ չէ խաղալ։
– Դիպլոմավորված դերասան չեմ, ինձ պետք էլ չէ այս պահին։ Եթե մարդ չձգտի, չաշխատի իր վրա՝ թեկուզ գիրք կարդա, միեւնույն է, դերասան չի դառնա։ Ես կարծում եմ, որ պարտադիր չէ՝ մարդ կրթություն ունենա, որ հասկանան՝ ինքը խելացի է, թե ոչ։ Շատ մարդիկ գիտեմ, որ դիպլոմ ունեն ու չգիտեն, թե դա ինչ է նշանակում։ Այդպիսի մարդիկ էլ կան, մենք նման երկրում ենք ապրում։ Այսպես ասեմ, կյանքում չեմ նեղվել, որ դիպլոմ չունեմ։ Ի դեպ, ես ավարտել եմ Ինֆորմատիկայի քոլեջը՝ ծրագրավորող եմ։ Կյանքս դասավորվեց այնպես, որ ես էլի ծրագրավորող դարձա, բայց ոչ թե համակարգչային, այլ շոուբիզնեսային։
– Դերասանությունից բացի, ուրիշ ինչո՞վ եք զբաղվում։
– Պրոդյուսինգով, այժմ աշխատում եմ «22 գրուպ փրոդաքշն»-ում, որտեղ նկարահանում ենք տարբեր գովազդեր, տեսահոլովակներ ու հետագայում էլ՝ արդեն ֆիլմեր, հեռուստատեսային նախագծեր ու տարբեր բաներ։ Ինչպես նաեւ «3.33 փրոդաքշն»–ում, դա մեր կյանքի մյուս ճյուղն է, երաժշտություն ենք ստեղծում, որ վայելենք։
Ես կարողանում եմ համատեղել իմ կյանքն ու աշխատանքը, դրանով ինձ հաղթած եմ համարում։ Չեմ աշխատում ռեժիմով հետո գնում տուն, քնում։ Ես կարող եմ օրվա մեջ ե՛ւ աշխատել, ե՛ւ հանգստանալ։ Ես գրաֆիկով մարդ չեմ ընդհանրապես, որովհետեւ գրաֆիկից դուրս էլ ծնվել եմ՝ 6 ամսական 10 օրական։ Ի սկզբանե գրաֆիկից մի քիչ դուրս եմ ընկել։
Եվա ՌՈՒԲԻՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում