Այս տարի ապրիլի 2-ին Պռոշյան գյուղում, հենց գյուղապետարանի մոտ դավադիր գնդակից զոհվեց Պռոշյանի գյուղապետ, ազատամարտիկ Հրաչ Մուրադյանը:
Հուլիսի 2-ին ի հիշատակ ազատամարտիկի մոմավառություն էր կազմակերպվել գյուղում: Հուլիսի 2-ին նաեւ սկսվել էր հուլիսի 14-ին կայանալիք Պռոշյան համայնքի ղեկավարի ընտրությունների քարոզարշավը: Սակայն առայժմ ոչինչ գյուղում չէր նախանշում նոր ընտրությունները: Առայժմ մարդիկ ուրիշ սպասումներ ունեին:
Մինչ մոմավառությունը զրուցեցինք Հրաչ Մուրադյանի մարտական ընկերոջ՝ Ապարանցի Պավլիկի՝ Պավել Մանուկյանի հետ:
«Թեեւ երեք ամիս է արդեն անցել ողբերգական դեպքից, սակայն գյուղը կարծես թե, չի հանդարտվում: Ի՞նչ եք կարծում, ինպե՞ս պետք է այդ մթնոլորտից դուրս գալ»՝ մեր այս հարցին պարոն Մանուկյանը պատասխանեց. «Նախ սկզբից պետք է հիվանդի դեղատոմսը տալ, որից հետո բուժումը կլինի: Մինչեւ արդարացի դատավճիռ չլինի… Ես կասեի, որ Հրաչի նահատակությունը մեր բոլոր կուսակցապետերի խղճի պաճուճապատանքն է: Այ, երբ որ այս պաճուճապատանքը կպարզվի, էդ ժամանակ միայն այս գյուղը կհանդարտվի, եւ ոճրագործներն էլ դասավորված կարգով իրենց պատիժը կստանան, հակառակ պարագայում… այս ժողովրդի հիմնական մասը սասունցի է, եւ շատ լավ գիտեն, թե մեկ դավաճանը ինչպես կարող է մեկ պետություն կործանել, ու չի հանդարտվի»:
Կարդացեք նաև
Իսկ նոր գյուղապետի ընտրություններից ի՞նչ սպասումներ կան՝ մեր այս հարցին էլ Պ. Մանուկյանը պատասխանեց. «Դժվար է այդ հարցին պատասխանել, բայց ոչ էլ այդքան գլուխկոտրուկ է, դարձյալ պիտի նույն հունով գնա: ժողովրդի ակնկալիքը լրիվ այլ բան է»: Մեր ճշտող հարցին՝ այսինքն, ժողովուրդն ավելի քի՞չ է հետաքրքրված ընտրություններով, քան արդարադատությա՞մբ, պարոն Մանուկյանը պատասխանեց. «Իհարկե, ժողովուրդը կարեւորը եւ երկրորդականը շատ լավ զանազանում է, մանավանդ՝ պռոշյանցիները: Չմոռանանք, թե սա ինչ գյուղ է, ինչ հերոսական անցյալ ունի: Եվ դավադրաբար սպանվածը Պռոշյան ավանի անձնագիր կերտողներից մեկն է»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ