Երեկ կառավարության մամուլի սրահում նոն-ստոպ ռեժիմով տեղի ունեցած թվով հինգ ասուլիսներից մեկը կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի մասնակցությամբ էր։ Յուրաքանչյուրը 30 րոպե տեւողությամբ ասուլիսների ժամանակ, նախարարները պետք է պատասխանեին Վերահսկիչ պալատի զեկույցին։ Եվ ահա ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Աշոտյանը բացահայտեց ՎՊ զեկույցի էությունն ու նպատակը։ Մի հատված նրա խոսքից. «Մենք շատ ենք խոսում, որ հետընտրական ժամանակահատվածում պետք է ձեռնամուխ լինենք համակարգային փոփոխությունների։ Եվ բնական է, որ թուլացած ընդդիմության պարագայում իշխանությունը իր մեջ առաջ գնալու համար պետք է ստեղծի բազմակարծության եւ քննարկումների առավել մեծ հնարավորություններ։ Այս տեսակետից շատ բնական եմ համարում, որ իշխանությունը իր մեջ գտնում է ու ստեղծում է այլակարծության, բազմակարծության որոշակի հնարավորություններ, քննարկումների ու առաջընթացի համար»,- երեկ ասաց Աշոտյանը։
Այսինքն, ինչ է ստացվում։ Ըստ Աշոտյանի, իշխանությունն ինքն է իր մեջ ստեղծել «այլակարծության հնարավորություններ», քանի որ ընդդիմությունը թուլացած է։ «Վերահսկիչ պալատի զեկույցը որքանո՞վ կապ ունի ձեր նշած «Այլակարծության հնարավորությունների» հետ»,- հարց ուղղեցինք Աշոտյանին, փորձելով ավելի հստակեցնել նրա հայտնած միտքը։ «Խոսքը չի գնում իշխանության ներսում ընդդիմադիր կարգավիճակ ունեցող ինչ-որ կառույցներ ունենալու անհրաժեշտության մասին։ Խոսքը գնում է առհասարակ իշխանության ներսում թույլ ընդդիմության պարագայում լճացումից խուսափելու համար առավել մեծ բազմակարծության եւ կարծիքների արտահայտման հնարավորության մասին՝ ընդդիմախոսության եւ ոչ թե ընդդիմադիրության մասին»,- ասաց Աշոտյանը։ «Եվ ուրեմն՝ զեկույցը լճացումից խուսափելու համա՞ր էր»,- հարցրինք։ «Ես ընդհանուր քաղաքական վերլուծություն արեցի։ Այդ վերլուծությունը այնքան ժամանակ է արդիական, որքան ընդդիմությունը չի ուժեղանում Հայաստանում»,- անկեղծորեն ասաց ՀՀԿ խորհրդի անդամն ու նախարարը։
Եվ ուրեմն, ապացուցված կարելի է համարել, որ ՎՊ զեկույցը, որի համաձայն՝ կառավարությունը, պատկերավոր ասած՝ թալանել է պետական բյուջեն, կազմվել է մտածված սցենարի շրջանակներում՝ լճացումից խուսափելու համար եւ ընդամենը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում