Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Պողոսյան. «Հիմնականում խեղճ ու կախյալ մասսան է մնացել»

Հուլիս 04,2013 10:48

Հատված Փիլիսոփայության եւ սոցիոլոգիայի ինստիտուտի տնօրեն Գեւորգ Պողոսյանի հետ հարցազրույցից:

Դուք տարիներ շարունակ ուսումնասիրում եք արտագաղթը, այսօր ի՞նչ փուլում է, իսկապե՞ս աղետալի չափերի է հասել։

– Վերջին 20 տարում միշտ անդրադարձել ենք արտագաղթին, եւ բավականին լուրջ նյութեր են կուտակվել եւ վկայում են այն մասին, որ կա լուրջ արտագաղթ՝ 1 մլն 200 հազարի հասնող, որը 3 մլն-ի հասնող Հայաստանի համար աղետալի է։ Ցավոք սրտի, պետությունը հստակ հաշվարկ չի անում, թե կոնկրետ քանի մարդ է արտագաղթել Հայաստանից։ Այս խնդիրը միշտ եղել է, բայց այսօր Հայաստանն ինքնուրույն երկիր է, եւ ինքը պետք է վարի իր միգրացիոն քաղաքականությունը՝ կրկնօրինակելով ուրիշների փորձը։ Մեկնածների մոտ 25 տոկոսը լավագույն դեպքում կարող է վերադառնալ, մնացածին մենք կորցրել ենք։ Նրանց մոտ 80 տոկոսը մեկնում է ԱՊՀ երկրներ, 15 տոկոսը՝ Եվրոպա, իսկ 5 տոկոսը՝ Միացյալ Նահանգներ։ Առյուծի բաժինը կուլ է տալիս նախկին Սովետմիությունը, այդ տարածքում մարդիկ իրենց լավ են զգում եւ վերադարձի մասին չեն էլ մտածում։ Իսկ մենք այսօր գյուղեր ունենք, որոնք պարզապես դատարկվում են, եւ դա հասել է այն ծավալներին, որը մենք՝ գիտնականներս, բնորոշում ենք որպես բնաթափություն, սա արտագաղթ չէ, սա բնաթափում է։

կան

Եթե համեմատելու լինենք միջազգային չափանիշների հետ, բնական ելումուտը որքանո՞վ է գերազանցում Հայաստանի միգրացիայի ցուցանիշները:

– Աշխարհում մոտ 7 միլիարդ բնակչություն կա, եւ, ՄԱԿ-ի տվյալներով, մոտ 200-250 միլիոն միգրանտներ կան, դա կազմում է մոտավորապես աշխարհի բնակչության 3 տոկոսը, իսկ Հայաստանում դա 30– 33 տոկոս է կազմում։ Մեր արտագաղթը միջազգային չափանիշներին 10 անգամ գերազանցում է։ Սա միգրացիա չէ, սա հայաթափում է, եւ պետք է հասկանալ, որ սա մեր ազգային անվտանգությանը վնասող երեւույթ է։ Եթե կառավարությունը նախկինում մատների արանքով էր նայում, հիմա պետք է սթափվի։

Հատկապես բնակչության ո՞ր զանգվածն է մեկնում, բացի ֆիզիկականը, որակական ինչպիսի՞ կորուստ ենք ունենում։

– Արդեն 20 տարի է անցել, եւ մենք այնպիսի մարդկանց ենք կորցնում, որոնց կարիքն այսօր ունենք որպես աշխատուժ։ Մեկնել են 18-55 տարեկան տղամարդիկ, սա տնտեսապես եւ քաղաքականապես ակտիվ զանգվածն է, այսինքն՝ մենք կորցրել ենք մեր հասարակության այն մասը, որը պետք է երկիրը զարգացներ։ Հենց այդ պատճառով է, որ մենք չունենք միջին դասակարգ, ունենք շատ հարուստներ եւ մեծ քանակությամբ՝ 35 տոկոս աղքատություն։ Մասնագետների, ուղեղների արտահոսք է տեղի ունեցել, մենք եթե փորձենք գիտության կամ տնտեսության որեւէ ճյուղ վերականգնել, չենք կարող, քանի որ մասնագետներ չունենք։ Մեր հասարակության համար կորուստ է եւ մարդկային առումով, որակների առումով, իսկ ամենակարեւորը՝ տնտեսական ու քաղաքական առումով։

Փաստորեն, ծերացող ու անկարող ժողովրդի՞ ենք վերածվել։

– Միջին դասը չի ձեւավորվում, ավելին՝ մնացել են այն շերտերը, որոնք պետության հոգածության կարիքն ունեն, կախյալ մասն է։ 550 հազար թոշակառու կա, մոտ 600 հազար տնային տնտեսուհի, մոտ 450 հազար անչափահասներ, որոնք հոգածության կարիք ունեն եւ, բնականաբար, չեն կարող տնտեսապես ու քաղաքականապես ակտիվ լինել։ Դրանք սպասում են, որ պետությունն իրենց ինչ-որ բան տա, եւ, հասկանալի է, չեն կարող այդ պետությանը որեւէ պահանջ ներկայացնել։ Հիմնականում խեղճ ու կախյալ մասսան է մնացել, այդ արտագաղթով մեր հասարակությունը շատ ենք թուլացրել եւ ռազմական առումով, եւ գիտական ու մտավոր, եւ բարոյահոգեբանական առումով։

Ֆելիքս ԵՂԱԶԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031