Ուկրաինական մամուլը շարունակում է Դոնեցկի «Շախտյորի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի մասին հակասական տեղեկություններ հրապարակել:
Մասնավորապես, ըստ Football.ua-ի, «Շախտյորի» գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը իրենց հայտարարել է. «Բորուսիայից» $ 30 միլիոնի առաջարկ է եղել, բայց մեր դիրքորոշումը 30 միլիոն եվրոն է: Միեւնույն ժամանակ, Մխիթարյանի հետ պայմանագրում այն միակողմանի դադարեցնելու համար պատժամիջոց կա նշված՝ $ 30 միլիոն տուգանք: Եթե Մխիթարյանը ցանկանում է պայմանագիրը չեղյալ համարել, կարող է վճարել 30 միլիոնը եւ տեղափոխվել իր նախընտրած ակումբը: Եթե տրանսֆերը չկայանա եւ Մխիթարյանը մնա «Շախտյորում», ակումբը նրան կտուգանի: Նա չի ներկայացել հավաքներին եւ պայմանագրում դրա համար բոլոր պատժամիջոցները նշված են: Այնպես որ, մեզ համար դա խնդիր չի»:
Միեւնույն ժամանակ, sport.ua-ն երեկ գրել է, թե Դորտմունդի «Բորուսիան» Մխիթարյանի համար պայքարում «Լիվերպուլին» արդեն հաղթել է: Երկու ակումբներն էլ «հանքափորներին» առաջարկել են 22 միլիոն եվրո, սակայն Յուրգեն Կլոպի թիմը ֆուտբոլիստին ավելի շահավետ պայմաններ է առաջարկել եւ մոտ օրերս կհայտարարի գործարքի կայացման մասին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ