Ինչպես տեղեկացրել էինք քիչ առաջ Գյումրու Սավոյան փողոցի բնակիչները դիմել էին Aravot.am-ին` բողոքելով, որ սարսափազդու այդ կառույցը բերում, մտցնում են իրենց քթների տակ, այսպիսով սգավորների տրամադրությունը ակամայից իրենց վզին փաթաթելով ու իրենց հոգեկան հիվանդ դարձնելով: Բնակիչները առաջարկում են վերանայել դիահերձարանի տեղը:
Aravot.am–ը այս թեմայի շուրջ լսեց նաև Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանի պարզաբանումները:
Վերջինս կես կատակ-կես լուրջ ասաց. «Հիմա ի՞նչ անենք, Գյումրու դիահերձարանը Թուրքիայում հիմնե՞նք: Քաղաքի որ մասում էլ տեղադրեինք, պիտի բողոքեին, տանեինք մարզային հիվանդանոցի նախկին շենք, էնտեղից պիտի բողոքներ լսեինք, տանեինք օդանավակայան, օդանավակայանի տնօրենը պիտի կռվեր: Դիահերձարանը արյան փոխներարկման բանկի նախկին շենքում պիտի լինի, բողոքելն էլ, ես արդեն բնակիչներից ոմանց ասել եմ, բացարձակ իրենց իրավունքն է: Բնակիչները պիտի ի նկատի ունենան, որ դա լաց ու կոծի հիմնարկ չէ, սուսուփուս հիմնարկ է, իհարկե մի հաճելի հարևանություն չէ, բայց ոչ թափոններ են լինելու, ոչ էլ հակաէկոլոգիական է: Դիահերձարանը մեծ դարպասներ է ունենալու, ու դրանից այն կողմ ոչ բնակիչները, ոչ էլ քաղաքի հետաքրքրասերները ոչինչ չեն տեսնելու»:
Իսկ ո՞վ է առաջարկել նոր դիահերձարանի տեղը, հետաքրքրվեցինք մենք: «Հաստատ ես չեմ առաջարկել, հանձնաժողովն է առաջարկել, ես այնտեղ մի ձայն ունեի, այդ ձայն էլ տվել էի դիահերձարանը մարզային հիվանդանոցի նախկին շենք տեղափոխելուն: Բայց ես գիտեմ, որ Սավոյան փողոցում մոտ 1-2 տուն կա դիահերձարանին մոտիկ հարևանությամբ, եթե դիահերձարանը այնտեղ տեղափոխվի, բնակիչների համար էլ լավ կլինի, հիմա այնպիսին է փողոցը, որ տանկ գցես, տանկի բոլոր մասերը կկորչեն, գոնե լավ չէ՞ վերանորոգում են փողոցը, բնակիչներն էլ կօգտվեն, բարեկարգ փողոցով կանցնեն, նրանցից մի քանիսն էլ էնտեղ աշխատանքի կտեղավորվեն, պահակի գործ կլինի…Այլապես ի՞նչ անենք, Արփաչայից էն կողմ էլ չեն թողնում, որ դիահերձարանը տանենք, դնենք…»,- ասաց առողջապահության վարչության պետը:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ