Լրահոս
Օրվա լրահոսը

Լոմ ու քլունգով եկել էին գրավաճառների տաղավարի մուտքի սալիկները քանդելու (Տեսանյութեր, ֆոտոշարք)

Հուլիս 03,2013 19:13

Վեց ամիս առաջ «Երիտասարդական մետրո» կայարանի հարեւանությամբ գտնվող գետնանցումից մի խումբ գրավաճառներ, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ տեղափոխվեցին Կամերային երաժշտության տան հարեւանությամբ գտնվող այգի` գրքերի վաճառքն այդ տարածքում կազմակերպելու համար:

PrevPhoto
NextPhoto

Վեց ամիս 24 գրավաճառ աշխատելու հնարավորություն չեն ունեցել, ինչը նշանակում է 24 ընտանիք զրկված է եղել օրվա հացը վաստակելու գումարից: Նոր-նոր գրավաճառներն ավարտին են հասցնում այգում վարձակալած տաղավարի շինարարությունը, որպեսզի սկսեն աշխատել, սակայն այսօր Երեւանի քաղաքապետարանի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության աշխատակիցները հայտնվել են տարածք` ասելով, որ տաղավարի դիմացի սալիկապատումը, որը դեպի տաղավար մի քանի մուտք է ապահովում այցելուների համար, պետք է քանդեն: Վերահսկողները հայտնել են, որ սալիկապատումը գազոնապատված տարածքում`ապօրինի է:

Գրավաճառների խոսքերով, «միլիոնով վարկեր» են վերցրել, որ կառույցը ավարտուն տեսքի բերեն եւ եթե քաղաքապետարանը քանդի այդ տարածքը, նրանց բիզնեսը եւս մի քանի ամսով կհետաձգվի:

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որի կուսակցությունը ժամանակին բարձրացրել էր գրավաճառներին տեղ հատկացնելու խնդիրը, այսօր նույնպես այդ տարածքում էր: Տիկին Զոհրաբյանը քաղաքապետարանի աշխատակիցներին առաջարկում էր մի քանի օր սպասել, մինչեւ Տարոն Մարգարյանը կվերադառնա Հայաստան եւ խնդիրը նրան կներկայացնեն: Հատկապես, պատգամավորի խոսքերով, եթե նախագիծը դեռեւս ավարտուն տեսքի բերված չէ:

Գրավաճառ Վռամ Մարտիրոսյանի հավաստմամբ, քաղաքապետի հետ եղել է բանավոր պայմանավորվածություն, որ իրենք սկսեն տաղավարի վերանորոգումը ապա ընթացքում քննարկեն նախագծային հարցերը: Տիկին Զոհրաբյանի` սալապատված հատվածը չքանդելու հորդորներին ի պատասխան, քաղաքապետարանի ներկայացուցիչները պնդում էին, որ «գազոնների մեջ շինարությունն ապօրինի է»:

«Որ մի դեպուտատի կառույց լիներ՝ այսպես վրա չէին տա»,-նկատում էին գրավաճառները: Քաղաքապետարանի աշխատակիցները սպասում էին, որ Նաիրա Զոհրաբյանը ոտքը քաշի` սալապատված հատվածը քանդեն: Սակայն տիկին Զոհրաբյանը տարածք հրավիրեց ԲՀԿ-ական ավագանիներին` նրանց հետ դիմակայելու քաղաքապետարանի աշխատակիցներին: ԲՀԿ ավագանիները վերահսկող տղաների հետ մի քանի բառ փոխանակելուց հետո հայտնեցին, որ քանդելու գործընթացը մեկ օր կհետաձգվի`մինչեւ, որ գտնեն տարածքի վարձատուին ու նրա հետ հստակեցնեն այդ հարցերը:

Aravot.am-ի հարցին, թե սալապատված հատակը քանդելու դեպքում մարդիկ ինչպե՞ս պետք է մտնեն տաղավար, քաղաքապետարանի աշխատակիցները, որոնք խուսափում էին ներկայանալ, մատնացույց արեցին թերի նախագիծը` ասելով, որ նախագծով դա նախատեսված չէ. «Ձեր կարծիքով ճի՞շտ է գազոնի մեջ սալիկներ դնել»,-հարցով հարցին պատասխանեցին վերահսկողները:

Մեր դիտարկմանը, թե ամբողջ այգու գազոնապատ տարածքներում քարաշեն կառույցներ են ու սրճարաններ, քաղաքապետարանի աշխատակիցը նկատեց` դրանք օրինական են:

Ներկայացնում ենք մի քանի լուսանկար, որոնք արվել են գրավաճառների տաղավարից մի քանի մետր հեռավորության վրա եւ պատկերում են, թե ինչպես են մեծահարուստների ու թիկունք ունեցողների կողմից անարգել տնօրինվում գազոնապատ տարածքները:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031