Լրահոս
Օրվա լրահոսը

Ժարգոնային բառերի կիրառումը սիրային հարաբերություններում

Հուլիս 03,2013 18:23

 

Աղջիկ կպցնել, կյանքին մեռնել, աղջկան ուզել. կուռսվել. այս և նմանատիպ այլ արտահայտությունները շատ են կիրառվում սիրային հարաբերություններում: «Առավոտ երիտասարդականը» հետաքրքրվեց երիտասարդներից, թե ինչ նշանակություն ունեն այս բառակապակցությունները մարդկանց կյանքում և ինչպիսի պարագայում են գործածվում: «Ես էլ եմ ընկերուհուս հետ խոսելիս օգտագործում նման և այլ բառեր, օրինակ՝ աչոտ տու, թե ինչ ես արել, կամ երբ կռվում ենք, շատ եմ ասում ՝ օբիժնիկ ես»,-խոստովանում է 20-ամյա Հովիկը:
Շատերն էլ պնդում են՝ տհաճ է, երբ նման ժարգոնային արտահայտություններ են կիրառվում իրենց իսկ հասցեին. «Հիմա էն վիճակն ա, որ տղան աղջկան մոտիկանալուց մոռանում ա, որ ինքը պիտի սիրաշահի նրա սիրտը, ոչ թե անհարիր խոսքերով վանի: Մեկն ինձ ասեց՝ դուրս բեսամփ եկել ես, կուռսվել եմ քո մասին, սաղ ջոգած ա, որ կարգին աղջիկ ես… Ես, իհարկե, չէի կարող շփվել նման մեկի հետ»,- ասում է 20-ամյա Անահիտը:
Որոշ արտահայտություններ երկիմաստ են, մարդիկ կարող են տարբեր կերպ հասկանալ, սակայն կան նաև խոսքեր, որոնք անցնում են պարկեշտության սահմանը: «Ի՞նչ է նշանակաում աղջկան թուլացնել, շատ տգեղ ա, երբ տղաներն էդպես են խոսում»,-ասում է 21-ամյա Լիանան, իսկ 19-ամյա Հակոբը պատասխանում է. «Աղջկան կարող են թուլացնել, գրգռել և տանել հյուրանոց, սակայն այդ արտահայտությունն ավելի հաճախ կիրառվում է այս իմաստով. երբ տղան երկար ժամանակ չի կարողանում գրավել աղջկա սիրտը և բազում քայլերի է դիմում, վերջիվերջո, աղջիկը նրան հնարավորություն է տալիս, նշանակում է՝ տղան թուլացրել է նրան»:
Հայոց լեզու առարկայի ուսուցչուհի Կարինե Հովսեփյանն այս ամենի վերաբերյալ ասում է. «Սովորաբար նման արտահայտությունները ժարգոնային (ծածկալեզվյան) բառեր են, որոնք կիրառվում են ոչ թե բուն, այլ ուրիշ իմաստով, օրինակ՝ մուկ տշել-անգործության մատնվել»: Նրա խոսքով՝ ժարգոնային բառեր հիմնականում օգտագործում են «գողական» աշխարհի ներկայացուցիչները, նաև հասարակության այլ խմբերը ՝դպրոցականեր, ուսանողները և այլն: Դրանք սովորաբար օտարաբանություններ, փոխառություններ կամ դրանց ազդեցությունն են լինում, օրինակ ինչպես ինքն է սում «կուռսվել»-ը ռուսերեն «Я в курсе» խոսքից է եկել:
Ուսուցչուհին բացասական է վերաբերվում այն հանգամանքին, որ նման արտահայտությունները մուտք են գործում նաև սիրային հարաբերությունների ոլորտ. «Երբեմն տղաներն այնպիսի փողոցային բառերով են խոսում աղջիկների հետ, որ ակամայից զզվանք ես տածում: Կարծում եմ՝ տղան պիտի գիտակցի, որ ինքը խոսում է իր ապագա կնոջ, երեխաների մոր հետ, ով պիտի զբաղվի նրանց դաստիարակությամբ, ի՞նչ պետք է սովորեն երեխաներն իրենց մորից, եթե ոչ ժարգոնային բառեր, գռեհկաբանություններ կամ հասարակաբանություն»:

Նա նաև հավելում է. «Ցավոք, դրանք մտել են մեր բառապաշար, բայց ժամանակավոր են, աստիճանաբար կմոռացվեն, և ի դերև կգան նոր բառեր, որոնք ևս ժամանակի ընթացքում կդադարեն գործածվել, դժվախտաբար, երևույթը կշարունակվի մնալ մեր առօրյայում»:

 

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031