Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ նախարարները Վերահսկիչ պալատին գրավոր ասել են` «առարկություն չունենք», հետո բանավոր իրենք իրենց հերքել

Հուլիս 03,2013 18:05

Երբ Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրեց ընթացիկ ստուգումների հաշվետվությունը եւ բազմաթիվ խախտումների եւ հսկայական գումարների անարդյունավետ ծախսեր ներկայացվեցին, կառավարության ղեկավարը հանձնարարեց բոլոր գերատեսչություններին, որտեղ ՎՊ-ն ստուգումներ  է իրականացրել, պատասխանել կամ հակադարձել ստուգող մարմնին:

Վարչապետ Տիգրան Սարգսյանի ու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` իրենց ենթականներին ուղղված հանձնարարականից հետո գրեթե բոլոր նախարարներն ու ստուգված մարմինները սկսեցին մեկը մյուսի հետեւից առարկություններ ներկայացնել, հիմնականում նշելով` որ համաձայն չեն Վերահսկիչ պալատի նշած խախտումների եւ թերացումների հետ:

Ուշագրավը, սակայն, այն է, որ մինչ վարչապետի հրահանգը, երբ ՎՊ-ն հաշվետվություններն ուղարկել է համապատասխան գերատեսչություններին, վերջիններիս ղեկավարները ՎՊ-ին գրավոր «խոստովանել են», որ որեւէ առարկություն չունեն եւ խախտումները վերացնելու ու հետագայում բացառելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Այս մասին վկայում է կառավարության «e-gov.am»-ում Վերահսկիչ պալատի հաշվետվության բաժնում տեղադրված հսկայածավալ փաստաթուղթը:

Այն գերատեսչություններն էլ, որոնք Վերահսկիչ պալատի հաշվետվության պատասխանում, եթե անգամ առարկություն բառը չեն նշել, հատ-հատ նշել են, որ այսինչ խախտման ուղղությամբ աշխատանքներ են կատարում:

Այսօր կառավարության մամուլի կենտրոնում էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն անդրադառնալով 2 թանկարժեք բիոզուգարանների գնման եւ շահագործման Վերահսկիչ պալատի` որպես անարդյունավետ ծախս գնահատմանը, վստահեցրեց, որ խնդիրը շտկված է եւ բիոզուգարաններն աշխատում են: Այս առնչությամբ Վերահսկիչ պալատի նախագահի մամուլի քարտուղար Աննա Վարդանյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ հաշվետվության մեջ գրված չէ, թե ինչո՞ւ է նախարարությունն ասքան գումար ծախսել այդ զուգարանների համար. «Ընդամենը գրված է այսքան գումար անարդյունավետ է ծախսվել, այսինքն գնվել են զուգարանները, բայց չեն աշխատել, ընդ որում չեն աշխատել մեր ստուգման պահին: Իսկ նախարարությունը Վերահսկիչ պալատին այս մասով գրավոր պատասխանել է, որ օրինակ` Տաթեւի ճոպանուղու հարակից տարածքի բիոզուգարանը չի շահագործվում տեխնիկական պատճառով, սակայն աշխատանքներ են տարվում խնդիրը վերացնելու ուղղությամբ»:

Ինչ վերաբերում է ֆինանսների նախարարության մասով Վերահսկիչի` պետբյուջեից 700 միլիարդ դրամ «մսխվել է» որակմանը, մամուլի քարտուղարն ասաց, որ նման արտահայտություն հաշվետվությունում ընդհանրապես չկա եւ, բացի այդ, Վերահսկիչ պալատի նախագահը երբեք նման բան չի ասել: Ազգային ժողովի կայքէջում տեղադրված է ԱԺ տվյալ նիստի սղագրությունը, որտեղ պատգամավոր Արմեն Ռուստամյանի հարցին ՎՊ նախագահը պատասխանում է, որ 2013 թվականի պետական բյուջեի շուրջ 701 միլիարդը  վերաբերվում է «գնումներ եւ շինարարություն» ոլորտին:
Ֆինանսների նախարարի այն պնդմանը, որ 2013 թվականի բյուջեի գնումները 701 միլիարդ չէ, մի քանի անգամ քիչ է, ապա ՎՊ մամուլի խոսնակը նշեց. «Այդ թիվը ձեւավորվել է ՎՊ մասնագետների էքսպերտային վերլուծության արդյունքում: Պետական բյուջեի դրամաշնորհները, սուբսիդիաները, պահուստային ֆոնդի միջոցներն իրենց մոտ որպես գնում չեն դիտվում, մի գուցե իրավաբանորեն իրենք ճիշտ են, սակայն վերահսկողության արդյունքները ցույց են տալիս, որ դրանք հիմնականում ծախսվում են պետության տարբեր կարիքների նպատակով եւ հետևաբար դրանք դիտվում են որպես «գնումներ»:

Այս գումարը Վերահսկիչը գնահատել է ռիսկային, ոչ թե ասել է մսխվել է»:

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Tiko says:

    Արդեն պոեզդը մտելա թունել-ֆսյո, ֆի-նի-տա-լա կոմեդիա

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031