«Հայաստանի ձայնը» նախագծի մասնակից Էվա Ոսկանյանը վերջերս է վերադարձել է Գերմանիայից: Պարզվում է ռոք երգչուհին Գերմանիայի Բրանդենբուրգ երկրամասում մասնակցում էր «Կոմիտաս» միջազգային երաժշտական փառատոնին , որտեղից էլ դատարկաձեռն չի վերադարձել, իր խոսքով՝ այս անգամ նրան հաջողվեց լինել փառատոնի դեմքը: «Առավոտ երիտասարդական»-ը այս և մի շարք այլ հարցերի մասին զրուցել է ռոք երգչուհու հետ:
Էվա գիտեմ, որ նոր ես վերադարձել Գերմանիայից արդեն 2-րդ անգամ մասնակցում էիր «Կոմիտաս» միջազգային երաժշտական փառատոնին, ինչպե՞ս եղավ, որ ցանկություն հայտնեցիր կրկին մասնակցել փառատոնին:
Այո, առաջին անգամ մասնակցեցի 2011թ-ին, կատարեցի Կոմիտասի «Դլե Յաման» երգը: Այն ժամանակ արժանացա «Կոմիտասի լավագույն մշակում» մրցանակի, սակայն փառատոնի շրջանակներում, ո՛չ մրցույթային մասում: Իսկ այս տարի ինձ առաջարկեցին դառնալ փառատոնի դեմքը: Ես, բնականաբար, չմերժեցի ու նաև պատրաստեցի մրցութային ծրագիր: Բոլոր մասնակիցները պրոֆեսիոնալ էին և բավական ուժեղ, սակայն ինձ հաջողվեց 2 մրցանակ ստանալ Կոմիտասի լավագույն կատարման համար՝ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը և դաշնակահարների մրցույթում գրավեցի 3-րդ հորիզոնականը: Ի դեպ, մասնակիցներից միակն էի, որ մասնակցում էի երկու կատեգորիաներում: Շատ ուրախացա մասնավորապես դաշնակահարների մրցանակի համար, քանի որ ես ռոք ոճի մեջ եմ հանդես գալիս և երբեք չեմ տարանջատում երգը նվագելուց, նվագելը՝ երգեր գրելուց: Այստեղ պատկերը լրիվ այլ էր, սակայն դա էլ փորձեցի:
Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ հենց քեզ առաջարկեցին դառնալ փառատոնի դեմքը, ինչի՞ հետ էր դա պայմանավորված:
Դա պայմանավորված էր 2011թ-ի ելույթիս հետ, որը շատ էին հավանել թե՛ կազմակերպիչները, և թե՛ հանդիսատեսը, և քանի որ, ըստ նրանց, նախորդ միջոցառումից ես էի ամենահիշված ու ամենաքննարկված հյուրը, այս տարի նրանք ցանկացան, որ հենց ես դառնամ փառատոնի դեմքը:
Կոմիտաս ներկայացնել–կատարելը քեզ համար առաջին անգամը չէր, կհիշե՞ս քանի տարեկանից ես հետաքրքրվել Կոմիտասով, հե՞շտ է ստացվում ռոքը և կոմիտասյան հնչյունները միաձուլել:
Կոմիտասի երաժշտությանը ծանոթ եմ բնականաբար շատ վաղ տարիքից: Դե քանի որ ծնողներս երաժիշտներ են, չէի կարող հետաքրքրված չլինել Կոմիտասով, սակայն Կոմիտաս կատարել եմ 1-ին անգամ մշակումով 2011թ-ին, դժվարության մասին չեմ կարող ասել, քանի որ ինքն իրեն ստացվել է այն, ինչ ստացվել է, հատուկ ինչ որ բան չեմ արել այդ ուղղությամբ:
Մի քանի օր առաջ արտ caffee–ներից մեկում տեղի ունեցավ մենահամերգդ , որի event–ի մեջ հետաքրքիր մի բան նկատեցի, այնտեղ գրված էր հետևյալը՝ մենք հենց նոր որոշեցինք, որ ամսի 30-ին կկայանա Էվայի համերգը, մի՞շտ ես համպատրաստից հրավերքներ անում:
Կարդացեք նաև
Այո, ես առհասարակ փորձարար մարդ եմ, երբ ուրիշներն ասում են՝ դա հնարավոր չէ, ես ասում եմ՝ իսկ ինչո՞ւ ոչ: Ընդամենը մեկ օրվա մեջ որոշեցինք, ռիսկի դիմեցինք, և պետք է ասեմ, որ հաճելիորեն զարմացած էինք, թե ինչ լավ անցավ ամեն ինչ:
Յուրաքանչյուր համերգի վերջում արտիստը ավելի լավ է սկսում հասկանալ, նա արդյո՞ք ընկալվում և գնահատվում է իր հանդիսատեսի կողմից, ի՞նչ էիր մտածում դու, երբ արդեն համերգն ավարտվել էր:
Միանշանակ, ես շատ-շատ եմ սիրում իմ հանդիսատեսին, ինձ համար կարևորը պարզությունն է, ազնիվությունը, և իհարկե, անմիջական շփումը: Դեռևս այդ բոլոր գործընթացները ճիշտ ձևով են աշխատում:
Իսկ Էվան մեկ ամբողջություն ավելի շատ կարողանում է կազմել էվա ռոք բենդով թե՞ հենց Էվա Ոսկանյանով:
Հո՜ւհհ, լավ հարց էր 🙂 սիրում եմ դժվար հարցեր և սա դրանցից մեկն էր: Փորձեմ ձևակերպել այսպես՝ դա մի ընդհանուր համակարգ է, որտեղ կա և՛ խումբը, և՛ ես, և հենց այդ ամբողջ սինթեզի անունն է E.V.A: Ամենակարևորը՝ միայն ես, կամ ներկա խմբի կազմը չէ իհարկե, դա տարիների կոլեկտիվ աշխատանքի արդյունք է, սկսած այն իրադարձություններից, որոնք ազդում են ինձ վրա, և ես երգ եմ գրում, վերջացրած մեր հնչունային ռեժիսորի աշխատանքով:
Գուցե բացահայտում արած չեմ լինի, եթե խոսեմ արմատներիդ ՝ Էլդա Գրին արձակագիր, հոգեբան տատիկիդ մասին: Ի՞նչ ես կարծում՝ քո մեջ իրո՞ք խոսում է գենը , ստեղծագործելուդ աղբյուրը այդտեղի՞ց է բխում:
Միանշանա՜կ: Ընդհանրապես ես ծնվել եմ հրաշք ընտանիքում և ամեն օր առավոտյան արթնանալիս ինձ երջանիկ եմ զգում հենց դրա շնորհիվ: Ես գնահատում եմ այն, ինչ ունեմ և հպարտանում եմ դրանով: Դեռ այնքան բան ունեմ ընտանիքիցս սովորելու: Ինձ թողնեին մեկ վայրկյան տատիկիցս չէի կտրվի պարզապես, ցավոք, մենք երկուսս էլ ծանրաբեռնված ենք և ոչ միշտ է ստացվում երկար շփվել միմյանց հետ:
Եթե քեզ պատկերացնենք երաժշտությունից դուրս, ասենք գրական ժանրում, իսկ ավելի կոնկրետ՝ որպես արձակագիր, ի՞նչ ես կարծում՝ հնարավո՞ր է՝ գրական ստեղծագործություններ ունես գրված:
Ունեմ իհարկե, բայց նրանք, ի տարբերություն երգերի, միայն ինձ համար են գրված: Երբեք չեմ հրատարակել, բայց գուցե մի օր հրատարակեմ: Մտքեր կան, հատկապես տատիկն է պնդում, ես էլ դեմ չեմ, ուղղակի կրկին ժամանակի հարց է, տեսնենք ինչպես կստացվի:
Կտրուկ անցում կատարենք ֆուտբոլին, որքանով տեղեկացված եմ Բարսայի մեծ երկրպագու ես, հասցնու՞մ ես նրանց բոլոր հանդիպումները դիտել:
Այո՜, 🙂 ֆուտբոլ շատ եմ սիրում, սիրում եմ այն ամենն ինչ կապ ունի ֆուտբոլի հետ: Ինքս, ցավոք, դեռ չեմ խաղում, բայց պլաններ կան, հիմա մեկ-մեկ ընկերներով սեղանի ֆուտբոլ ենք խաղում: Իսկ խաղերին հնարավորինս փորձում եմ հետևել, պարզապես, երբ կարևոր միջոցառում ունեմ, փորձում եմ հեռու մնալ, քանի որ նայելուց տարվում եմ խաղով՝ մոռանալով ամեն ինչի մասին:
Վերադառնանք ռոքին, ի՞նչ է իրականում այն քեզ համար՝ հոգեվիճա՞կ, ներքին բողո՞քը արտաքին դարձնելու միջո՞ց, հետաքրքիր է քո մեկնաբանությունը լսել:
Ոչ, նախ ես ինքս բողոքող մարդ չեմ, կարելի է ասել՝ հակառակը՝ գոհանում եմ նրանով, ինչ կա: Եվ հետո դեմ եմ, երբ ասում են ռոքը բողոք է: Ըստ իս՝ ռոքի մեջ կա մեծ անկեղծություն, այսինքն՝ նույնիսկ եթե բողոքում են, անկեղծ են բողոքում, եթե սիրում են, անկեղծ են սիրում և ռոքի միջոցով, կարծում եմ՝ ասելիքն ավելի լավ է տեղ հասնում 🙂 : Նաև չեմ ընդունում, երբ մարդիկ իրենց սահմանափակում են՝ ասելով ռոք և վերջ, դրա համար էլ երևի ինձ մի քիչ դժվար է ռոքեր անվանել՝ ես չունեմ ծայրահեղ մտածելակերպ: Չեմ սիրում, երբ մարդիկ իրենք իրենց վանդակի մեջ են գցում և հաճախ չեն փորձում մի փոքր հեռու նայել:
Եթե հնարավորություն ստեղծվեր հայտնի ռոք բենդերից որևէ մեկի հետ աշխատելու, ու՞մ հետ կցանկանայիր նույն բեմում հանդես գալ:
Երազներիս մեջ միշտ այս կետը կա, շատ եմ մտածել այս ուղղությամբ, պարզապես արտիստների հարցում ճաշակի փոփոխություն հաճախ է ինձ մոտ նկատվում, սակայն ներկա պահին կուզեի «Океан Ельзи» ուկրաինական ռոք խմբի հետ մեկ երգ երգել live (կենդանի) համերգի ժամանակ:
Իսկ ինչո՞վ է հիմա զբաղված Էվա Ոսկանյանը, առաջիկայում ի՞նչ պլաններ կան, ի՞նչ սպասեն երկրպագուներդ քեզանից:
Ծանր տարին սկսվեց՝ երկու համալսարանի մագիստրատուրա ավարտեցի, Գերմանիայում մասնակցեցի մրցույթ-փառատոնի, բազում մեծ ու փոքր համերգներ ունեցա, ձայնասկավառակի ձայնագրությունն ավարտեցինք, հիմա երազում եմ գնալ ու վերջապես ծովը տեսնել, բայց կարծես թե մոտ ապագայում դա ինձ չի սպասվում: Հեռանկարները շատ են, բայց սովորաբար սիրում եմ խոսել ոչ թե այն մասին, թե ինչ պետք է անեմ, այլ թե ինչ եմ արդեն արել, դրա համար միայն հետևյալը կասեմ՝ խոստանում եմ, որ երկրպագուներս պարապ չեն մնա:
Օվսանն Սիմոնյան