Երեկ ժամը 23-ի սահմաններում Սյունիքի մարզում մոտ 2 ժամ տեղացած հորդառատ անձրեւների ու կարկուտի հետեւանքով՝ Սիսիանի տարածաշրջանում բազմաթիվ տներ են ջրով ողողվել, նկուղներն անձրեւաջրերով լցվել, հողատարածքները ջրի տակ անցել, ճանապարհները տեղ-տեղ վնասվել, մի շարք տներ էլ սելավների արդյունքում քանդվել ու բնակվելու համար ոչ պիտանի են դարձել:
Ինչպես տեղեկացնում են Սյունիքի մարզային փրկարարական ծառայությունից՝ հորդառատ անձրևի հետևանքով անձրևաջրերը ողողել են Սիսիան քաղաքի Սյունիք, Կամո, Ն.Ստեփանյան, Սպանդարյան, Երիտասարդական, Գայի, Մ.Գորկի, Մկրտումյան, Սիսական և Շիրակ փողոցները և լցվել են որոշ տներ, նկուղներ, անասնագոմեր, խանութներ և արտադրամասեր: Վերոնշյալ վայրերում ջրահեռացման աշխատանքներ են տարվել Սիսիանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության բաժնի աշխատակիցների և մարզային հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբի կողմից: Իշկափոս թաղամասում վնասվել են 300-ից ավելի տներ, այգիներ և բանջարանոցներ:
Հորդառատ անձրեւները մեծ վնասներ են պատճառել նաեւ Սիսիանի տարածաշրջանի Աղիտու, Ույծ եւ մի շարք այլ գյուղերին: Աղիտու համայնքի ղեկավար Ավետիս Ավետիսյանի փոխանցմամբ՝ գյուղամիջով գետ էր հոսում, բոլոր տների պատերը ջուր էր ներծծվել, հողատարածքները վնասվել, ճանապարհները քանդվել, իսկ գյուղի բնակիչ Կիմա Ջավադյանի տունն ամբողջությամբ վնասվել է եւ բնակեցման ենթակա չէ: Մոտ 1 մ բարձրությամբ ջրաբերուկներով է լցվել բնակչին պատկանող տունը (70 քմ), ինչի հետևանքով փլուզվել է տան պատը (6 քմ), բնակիչների ամբողջ ունեցվածքը, գույքը, հագուստն ու սնունդը հողի ու ցեխի տակ է մնացել: «Տան հետեւի պատը քանդվել է ու մեծ քանակությամբ ջուրն եկել է այդ բնակչի տան մեջով անցել: Բարեբախտաբար այդ սենյակում մարդ չի եղել, մարդկանց վնաս չի պատճառվել, գիշերը մի ծածկի տակ հայաթում են լուսացրել, այս պահին այդ ընտանիքին գյուղում մեկ այլ տուն տեղափոխելու հարցերով ենք զբաղվում: Երեք թոշակառու ու երեք երեխա են տանը եղել, առավոտյան գյուղացիներով կաթ, մածուն ենք տարել, կերակրել, հագուստ ենք հավաքել իրենց համար, իրենց հագուստն ու ամբողջ ուտելիքը փչացել է, տեղաշորը ջրի տակ է մնացել, նույնիսկ տուն մտնել հնարավոր չի այս պահին, բացի այդ, վատ ապրող ընտանիք է, մենք ինչով կարող ենք օգնում ենք: Գյուղում դատարկ տուն կար, տանտիրոջից թուլտվություն ենք վերցրել ու ժամանակավոր կհաստատվեն այդ տանը», – ասաց Աղիտուի գյուղապետը եւ հավելեց, որ գյուղում մինչեւ օրս նման դեպք չէր գրանցվել:
Գյուղն առավոտվանից հոսանքազրկված է եւ դեռ պարզ չէ, թե երբ կվերականգնվի:
Աննախանձելի վիճակ է նաեւ Սիսիանի տարածաշրջանի Ույծ գյուղում:
Ոչ միայն բնակարաններն են ջրով պատվել, հողատարածքները ջրածածկ եղել, այլ նաեւ գարնանացանն է հավասարվել հողին:
Գյուղի բնակիչ Հուսիկ Հարությունյանի տունն էլ վնասվել է, հողով ու ջրով լցվել: Այս պահին գյուղացիներով հավաքվել ու մարքրման աշխատանքներ են տանում:
«Քիչ առաջ մարզպետարանից հանձնաժողով է եղել տեղում, ուսումնասիրություններ արել: Կան բնակարաններ, որ մասնակի են վնասվել, ներհամայնքային նշանակության ճանապարհներն են վնասվել, մեծ փոս առաջացել, 100 մ տարածք էլ փակվել է ջրաբերուկներով, պետք է մաքրվի: Տնամերձ հողատարածքներ կան, որ ամբողջությամբ ջրածածկ են եղել, բերքատու այգիներն էլ կարկտահարվել են: Կարկուտը կարճատեւ է եղել, հիմնականում սելավ է եղել ու լցվել մարդկանց բնակարանները», -նշեց Ույծի գյուղապետ Արտակ Ավետյանը եւ ավելացրեց, որ նույնիսկ գյուղի տարեց բնակիչները չեն հիշում, որ երբեւէ գյուղում նման առատությամբ տեղումներ եղած լինեն:
Հորդառատ անձրեւներից ու կարկուտից տուժած համայնքներում այս պահին ուսումնասիրություններ են կատարվում, որից հետո կհաշվարկվեն համայնքներին հասցված վնասների չափերը:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ