Վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացրեց այն փաստը, որ Ադրբեջանի քրդական համայնքի ղեկավարներից Փարհադին Փաշաևը հայտարարեց, թե հայաստանյան իշխանություններն իրենք են ընդունել Ադրբեջանում ադրբեջանցիների, քրդերի, լեզգիների ցեղասպանություն իրականացնելու փաստը, և որ Եվրոպական դատարանը ընդունել է իրենց հայցը` ըստ որի` Հայաստանը պետք է փոխհատուցի քուրդ ընտանիքների կրած կորուստը:
Aravot.am-ը նշված գործի մանրամասների մասին հետաքրքրվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատավոր Ալվինա Գյուլումյանից: Նա պատասխանեց. «Մարդու իրավունքների եվրոպական դատարան հայցով դիմած անձինք գտնում են, որ իրենց զրկել են իրենց սեփականությունից, տնից, կարողությունից և այլն»: Հետաքրքրվեցինք` գործն ի՞նչ փուլում է գտնվում: Ա. Գյուլումյանը պատասխանեց. «Այդ գործը կքննվի մյուս տարի»:
Տիկին Գյուլումյանը նաև տեղեկացրեց, որ ՀՀ-ից եվրոպական դատարան ներկայացվող դիմումների թիվը ի տարբերություն այլ երկրների, փոքրաթիվ են, ՀՀ -ի դեմ ներկայացված դիմումների մոտ ութսուն տոկոսը հետագա քննարկման անհրաժեշտություն է առաջացնում: Այս հարցում տիկին Գյուլումյանը մի շարք պատճառներ նշեց, օրինակ այն, որ դիմողների թվում մեծամասնություն են կազմում Ադրբեջանի քաղաքացիները, կամ, որ ՀՀ քաղաքացիները իսկապես լավ գիտեն իրենց իրավունքները, ունեն բարձր իրավագիտակցություն և այլն:
Ներկայացնելով վիճակագրությունը` տիկին Գյուլումյանը նշեց. «Տասը տարվա անդամակցության ընթացքում ՀՀ-ի դեմ ներկայացված և քննված 50 գործերից մեկի դեպքում է միայն խախտում գրանցվել, մնացած դիմումներն այս կամ այն նպատակով մերժվել են , դեռ 873 դիմում կա չքննված»:
Կարդացեք նաև
Ա. Գյուլումյանը նշեց, որ որպես ՀՀ դատավոր ՄԻԵԴ-ում ինքն իրեն վատ է զգացել Միշա Հարությունյանն` ընդդեմ ՀՀ-ի գործով, երբ անմարդկային վերաբերմունքի, խոշտանգումների միջոցով ստացված ապացույցը դրվել էր վճռի հիմքում:
Գրիշա Վիրաբյանի գործի առիթով էլ ու մասնավորապես այն մասին, որ այդ գործում մեղադրվող անձը այժմ ՀՀ-ում բարձրաստիճան պաշտոնյա է, Ա. Գյուլումյանն այսպիսի կարծիք հայտնեց. «Չգիտեմ կոնկրետ խոշտանգողն այդ անձն է, թե`ոչ, քանի որ գոյություն ունի անմեղության կանխավարկածը: Քանի դեռ չկա դատարանի դատավճիռը, քանի դեռ դատավճիռ չկա, որ մեղադրում են տվյալ անձին, որևէ մեկի վերաբերյալ ասել, որ նա մեղավոր է, ճիշտ չի լինի»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ