Լրահոս
Օրվա լրահոսը

Ամռան տապին ժամը 12-ից մինչեւ 5-ը պետք է քնել

Հուլիս 03,2013 16:48

Ամռան շոգին մինչեւ 3 լիտր ջուր պետք է խմել, կրեմային թխվածքներ, լցնովի պաղպաղակ ուտելուց եւ գնելուց էլ` խուսափել: Այսօր այսպիսի մի քանի խորհուրդ տվեց առողջապահության նախարարության Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը:

Մասնագետը «Զարկերակ» մամուլի ակումբում մեկ առ մեկ թվարկեց սննդի կամ առօրյայում հանդիպող բոլոր այն հնարավոր վտանգները, որոնք կարող են մարդու օրգանիզմում աղիքային վարակ առաջացնել. «Ամռանը վարակիչ հիվանդությունների  մեխանիկական փոխանցողները` ճանճերը, շատանում են, եւ եթե մենք չհետեւենք աղբահանությանը բակերում, տանը սննդի մնացորդները մնան սեղանին, ճանճերը սկսում են տարածել այդ հարուցիչները: Ճաշը, որն ամբողջ օրը պատրաստված է եղել եւ մնացել է սեղանին, այնտեղ նույնպես, արդեն մի քանի ժամ հետո, արդեն որոշակի երեւույթներ են տեղի ունենում եւ դրանցից խուսափելու համար, այն պետք է պահել սառնարանում»:

Տիկին Ավետիսյանը կոչ արեց ամռանը կրեմային թխվածքներ էլ չգնել, եթե դրանք առանց սառնարանային պայմանների են պահվում:

Նրա խոսքերով, պետք է անընդհատ հեղուկ օգտագործել, որպեսզի օրգանիզմը չջրազրկվի. «Հեղուկը մեր օրգանիզմը պաշտպանվում է գերտաքացումից:

Իսկ հեղուկը մեր օրգանիզմում կենսական անհրաժեշտություն է»:

Մասնագետը նաեւ խորհուրդ տվեց ճիշտ տեղերից ձեռք բերել սննդամթերքը եւ այն ոչ մի դեպքում փողոցից չգնել. «Ձեռքերի հիգիենան շատ կարեւոր է, սնվելուց առաջ պարտադիր պետք է լվացվել, երեխաներին չպետք է թույլատրել, որ բակում խախալիս կամ փողոցում սնվել, առանց լվացվելու: Արեւից պաշտպանվելու համար պետք է գլխարկ կրել, ոչ մի դեպքում արեւի ուղիղ ճառագայթների տակ մի կանգնեք, հանգստի գնալիս միրգ-բանջարեղենն էլ նախապես լվանալ եւ նախատեսված տարաներով տանել բնության գիրկ: Բնության գիրկ առանց լվանալու տարած միրգն ու բանջարեղենը ոչ մի դեպքում չլվանալ ոռոգման ջրով, հատկապես ձմերուկը պետք է լվանալ խմելու ջրով, որովհետեւ դանակով կտրելիս կարող է այդ հարուցիչը ընկնել մեջը»:

Մասնագետի խորհուրդներից ամենաշատը, որ ոգեւորություն առաջացրեց լրագրողների շրջանում, այն էր, որ ամռան տապին խորհուրդ չի տրվում շատ աշխատել եւ ժամը 12-ից մինչեւ 5-ն անց կես ցանկալի է, որպեսզի մարդը պառկած վիճակում անցկացնի:

Տիկին Ավետիսյանի տվյալներով, այս տարի աղիքային վարակիչ հիվանդությունների աճ չի գրանցվել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031