ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր Հայաստանի երիտասարդական հիմնադրամում հանդիպել է «Լույս» հիմնադրամի ուսանողներին, ովքեր Հայաստանում են գտնվում հիմնադրամի «Զարգացնենք Հայաստանը» ծրագրի շրջանակում:
Նախարարը շնորհակալություն է հայտնել արդեն ավանդական դարձած հանդիպման համար և իր բացման խոսքում ասել է. «Մենք ձեզանից լուրջ ակնկալիքներ ունենք, որովհետև «Լույս»-ը մեր վաղվա հույսն է: Համոզված եմ, որ հետևում եք Հայաստանում տեղի ունեցող բոլոր գործընթացներին, սակայն ես կարևորում եմ այս հանդիպումների շարքը կառավարության անդամների հետ, որովհետև դուք հնարավորություն եք ստանում անմիջապես ոլորտի պատասխանատուներից ստանալ գլխավոր հարցերի պատասխանները »:
Իր ելույթում նախարարը նշել է, որ գյուղատնտեսությունը մեր տնտեսության կարևորագույն ոլորտներից է և ՀՆԱ-ում գյուղատնտեսության մասնաբաժինը կազմում է շուրջ 20%: Այս հանգամանքը նախարարը պայմավորել է նրանով, որ գյուղատնտեսությունը գերակա ոլորտ է և կառավարությունը ձեռնամուխ է եղել ռազմավարական ծրագրերի իրականացմանը:
«Հայաստանի գյուղատնտեսությունում առկա են խնդիրներ, սակայն մեր երկրի համար գլխավոր խնդիրը պարենային անվտանգության ապահովումն է: Այսօր մենք կարողանում ենք մեր բնակչությանը կարևորագույն պարենային ապրանքների գծով բավարարել շուրջ 60%-ով , սակայն մինչև 2020 թվականը մենք նախատեսում ենք այն հասցնել 80%-ի»,- նշել է նախարարը:
Ուսանողներից մեկը հարց է ուղղել նախարարին կաթիլային ոռոգման վերաբերյալ, ինչին նախարարը պատասխանել է, որ այդ համակարգը թույլ կտա մեզ ոչ միայն խնայել մեր ջրային պաշարները, այլև` գյուղացու ֆինանսական միջոցները: Բացի այդ էլ պետք է ապավինել զարգացած գյուղատնտեսություն ունեցող երկրների փորձին, ուր արդեն այս համակարգը ներդրված է և գործում է բարձր արդյունավետությամբ:
Կարդացեք նաև
ՀՀ գյուղատնտեսության նախարարը պատրաստակամություն է հայտնել համագործակցել «Լույս» հիմնադրամի ուսանողների հետ և ոգևորությամբ ընդունել նրանց առաջարկները:
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն