Մի քանի օր է` Aravot.am-ին են դիմում Գյումրու Սավոյան փողոցի որոշ բնակիչներ` բողոքելով, որ թաղում նոր դիահերձարան կառուցելու միտքը ահաբեկում է իրենց: Ըստ բնակիչների, նման սարսափազդու կառույցը իրենց քթների տակ`10-12 մետր հեռավորության վրա տեղափոխելուց առաջ ոչ մեկի կարծիքը հաշվի չեն առել: «Ի՞նչ մի լավ կյանքով ենք ապրում, որ հիմա էլ հանգուցյալներին ընդունենք ու ճանապարհենք: Մահը, ինչպես և ծնունդը Աստծո խորհրդանիշ են, և դրանք պետք է լինեն մարդկային աչքից հեռու: Ինչո՞ւ են ուզում, որ ամբողջ թաղով տեղեկանանք, թե որ գողականը, որ պաշտոնյան մահացավ, ինչից մահացավ, դա պարտադի՞ր է: Ուզում են հոգեկան հիվա՞նդ դարձնել բոլորիս, առանց այդ էլ մեր մեջ կան շաքարախտով տառապողներ, մեր վիճակը պատկերացնո՞ւմ եք, ամեն մի բերվող հանգուցյալի հետ ինչ ապրումներ կարող ենք ունենալ: Մի հատ սգո սրահի կողքից ես անցնում, սարսափում ես, ամբողջ օրդ փչանում է, ուր մնաց՝ հավերժ մեռելների հետ անցկացնես. անընդհատ ողբ, լաց լսելը հե՞շտ է: Մենք հարգում ենք բոլորի սուգը, բայց ինչո՞ւ պիտի հանգուցյալի հարազատների տրամադրությամբ ապրենք: Մենք չենք պատրաստվում նաև հանգուցյալների վիճակագրությամբ զբաղվել, թող բարի լինեն վերնայել իրենց որոշումը: Պատկերացրեք, ուզենք մի հարսանիք անել մեր թաղում, էլ կստացվի՞, նախ՝ ով հարս կտա, և հետո՝ ստիպված ես հարգել դիմացինի սուգը:
Փոխվարչապետ Արմեն Գևորգյանին, ով վախենում է նույնիսկ գյումրեցի կանանցից, նրանց տեսնելով փախչում է, առաջարկում ենք դիահերձարանի կողքին մի հատ էլ հոգեբուժարան հիմնել, բա սա շնո՞րհք է: Իսկ ամենավիրավորականը գիտե՞ք որն է. փողոցը տարիներ շարունակ քարուքանդ էր, բայց հիմա հիմնովին վերանորոգում են ու ոչ թե կենդանի մարդկանց պատվին, այլ մեռելների: Հետաքրքիր պետություն է, մի կողմից հոգեբուժարաններ է վերանորոգում, մյուս կողմից՝ համապատասխան կոնտիգենտ է ապահովում, այնպես են անում, որ մշտական պացիենտ լինի հոգեբուժարաններում»,- նեղսրտեց բնակիչներից մեկը`Վարդիթեր Հարությունյանը: Տիկինը մեզ փոխանցեց, որ 60 բնակիչների անունից իրենք բողոք են ներկայացրել երկրի նախագահին, վարչապետին, մարզպետին: «Ճիշտ է, Գյումրիում բոլոր բիզնեսները կանգնած են, բայց սա հավերժ բիզնես է, հենց դիահերձարանը տեղափոխվեց մեզ մոտ, անմիջապես կողքին սգո սրահ կբացվի, դագաղներ, պսակներ կվաճառվեն: Մենք աչք չենք տնկել ուրիշների բիզնեսին, թող ծաղկի բիզնեսը, բայց ոչ ուրիշի առողջության ու տրամադրության հաշվին: Մի հարևան ունենք, որի տանը հոգեկան խնդիր ունեցող մարդ կա, էդ խեղճերը արդեն իսկ թողնում են իրենց սեփական տունը ու հեռանում էս դարդից: Ասում են, որ նույն ձևով փախչում ենք, ինչպես 1915 թվականին կփախչեր հայը թուրքից, հիմա մենք մեր տները ում թողնենք ու փախչենք», -բողոքում են բնակիչները:
Այսօր նրանք բողոքով դիմել են իրենց պատգամավորի`Աշոտ Աղաբաբյանի գրասենյակ: Հիշեցնենք, որ Գյումրու Սլաբոդկա թաղամասում գտնվող դիահերձարանն այնքան անպիտան է, որ մի քանի ամիս առաջ ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը ԱԺ ամբիոնից հայտարարել էր, թե ինչպես 75-ամյա հանգուցյալին հարազատները մեկ օր թողնելով Գյումրու դիահերձարանում ու վճարելով 36 հազար դրամ, հաջորդ օրը տեսել են, որ առնետները կերել են դիակի ձեռքի մատները:
Իսկ մինչ այդ «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն այս առիթով գրել էր . «Էս քաղաքի մարդկանց արժանապատվությունը ամենաշատ ոտնահարողը քաղաքի այլանդակ դիահերձարանն է, որը մոտ 20 տարի է` չգիտեմ ինչ վիճակում է, այստեղ խոսքը 120-130 հազար դոլարի մասին է, պետք է ստեղծվի անհրաժեշտ ինֆրաստրուկտուրա, գործի մեկ պատուհանի սկզբունքը, որպեսզի հարազատները գործ չունենան կտրողի, հերձողի հետ: Այս հարցը պետք է լուծվի պետական միջոցների հաշվին, այլապես այն կառուցելու համար կարելի է ծախսել Գյումրու քարե գորգի 10 տոկոսի չափով գումար»:
Այս ամենից հետո կառավարությունը որոշել էր Գյումրիում նոր դիահերձարան հիմնել նախկին արյան փոխներարկման կայանի շենքում, որից, սակայն, սարսափած են թաղի բնակիչները: Ըստ նրանց, արյան փոխներարկման կայանի հին շենքը ավերակ է, քայքայված, 10 տարի շարունակ անտերության է մատնված, պատուհաններ չկան, և արյան փոխներարկման կայանը ստիպված եղան տեղափոխել այլ վայր` հենց շենքի տանքի պատճառով: «Դե էս երկրում չեն սիրում նորմալ բան կառուցել, ամեն ինչ կիսատ-պռատ է» ,-նետում են բնակիչները:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Գյումրու ներկայիս դիահերձարանի վիճակը պատկերող լուսանկարները՝ asparez.am-ից